Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը պարբերաբար թարմացվում են, քանի որ նախկին մեթոդներից եւ ոչ մեկն իրեն այնպես էլ չի արդարացրել, եւ անհրաժեշտություն է առաջանում կազմել կոռուպցիան արմատախիլ անելու հերթական ծրագիրը: Առաջարկվում է խստացնել օրենսդրությունը, փոխել կառավարման կարգը, բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը: Սակայն դարձյալ ապարդյուն: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` ի վերջո, ի՞նչ է կոռուպցիան: Կոռուպցիայի սահմանումը հայտնի է` իշխանության չարաշահում` անձնական օգուտ ստանալու նպատակով: Սակայն՝ սա շատ տարողունակ հասկացություն է: Օքսֆորդյան մեծ հանրագիտարանում, օրինակ, կոռուպցիայի դրսեւորման հերթականությունը բավական հետաքրքիր է: Առաջինը, որպես կոռուպցիայի ամենացայտուն օրինակ, նշված է ընտրությունների կեղծումը: Հափշտակելով պետության ողջ հարստությունը` իշխանություններն ու օլիգարխները «ժողովրդական զանգվածներին» չեն կարող հնարավորություն տալ արդար, ազատ ընտրություն կատարել եւ կիրառում են կառավարելի ժողովրդավարության հնարները: Ապա՝ ունեցվածքի ապօրինի ձեռքբերումը: Իսկ կաշառակերությունը նշված է միայն երրորդ տեղում: Կարո՞ղ է պետական չինովնիկը չչարաշահել իշխանությունը` անձնական օգուտներ ստանալու նպատակով: Բայց ինչո՞ւ չպետք է չարաշահի: Պետական չինովնիկը ստանում է կայուն, բայց ոչ բարձր աշխատավարձ, սակայն նա որոշումներ է ընդունում միլիոններ տնօրինելու, բաշխելու վերաբերյալ: Ըստ այդմ, նա խիստ որոշակիորեն ազդում է պետական ֆինանսավորման բաշխման եւ ֆինանսավորման չափերի վրա: Եվ այդ մեծ տարբերությունը` ինչ է ստանում չինովնիկը եւ ինչքան է բաշխում, ստիպում է նրան կոռուպցիայի միջոցով վերանայել այդ «փոքրիկ անարդարությունը»:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը երկու օր առաջ ներկայացրեց հանրակրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի, կարծես թե, նոր ծրագիր, քանի որ այդ ոլորտում դրամահավաքներն ու կաշառքը ոչ մի պարագայում արմատախիլ չի արվում: Եվ ոչ միայն այդ ոլորտում: Կոռումպացված են անգամ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված պետական գրեթե բոլոր կառույցները: Կոռուպցիայի դեմ պայքարն արժեզրկված է, քանի որ այն պետության ձեռքին պարզապես գործիք է` քաղաքական, տնտեսական հակառակորդներին պատժելու, մրցակիցներին չեզոքացնելու, իշխանությունը վերարտադրելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունները` որպես պետական մեքենայի մի մաս, ուղղակիորեն կոռուպցիայի նոր ոլորտ են բացում: Կոռուպցիայի հետեւանքները մեր հասարակության համար կարող են աղետալի լինել: Դրա ամենասարսափելի հետեւանքը ինտելեկտուալ դեգրադացիան է: Անընդհատ, պերմանենտ գտնվելով կոռումպացված միջավայրում, անհատը չի կարող անվերջ դիմադրել: Միջավայրը դեֆորմացնում է անհատին: Ընդ որում` թե՛ կաշառակերներին, թե՛ կաշառատուներին, թե՛ ընտրակեղծարարներին, թե՛ ընտրակաշառք վերցնողներին: Մյուս հետեւանքը հավատի, վստահության կորուստն է: Ընդ որում` հաճախ` անդառնալի: Առողջապահական համակարգում կորել է հավատը բժիշկների, նրանց նշանակած բուժման, դեղամիջոցների հանդեպ, քանի որ վերջիններս անմիջականորեն կապված են դեղարտադրողների, միջնորդ ընկերությունների հետ եւ նշանակում են այն դեղերը, որոնց վաճառքից իրենք էլ բաժին ունեն: Արժեզրկվում են գիտությունը, կրթությունը, դիպլոմները, գիտական աստիճանները: Մի խոսքով, կոռուպցիան շահագործման նոր, ժամանակակից միջոց է. բյուրոկրատիան, իշխանության վերնախավը շահագործում են հասարակությանը` կոռուպցիայի միջոցով: Կորչում է հավատը պետության, պետական ինստիտուտների հանդեպ` բոլոր` դրանից բխող հետեւանքներով: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես համոզվում ենք ամեն օր, արդյունք չի տալիս: Իսկ երբ անզոր ես դառնում որեւէ երեւույթի հանդեպ, անհրաժեշտություն է առաջանում փոխել վերաբերմունքդ դրա նկատմամբ:
Այսինքն` կարելի է խնդրին մոտենալ նաեւ հակառակ կողմից: Եթե կոռուպցիան ունենար միմիայն բացասական հետեւանքներ, ապա այն վաղուց արմատախիլ կարվեր:
Այնպիսի երկրում, որպիսին է Հայաստանը, կոռուպցիան ունի նաեւ դրական կողմեր: Թուլացնում է հասարակության լարվածության աստիճանը, անելանելիության զգացողությունը հաճախ տեղի է տալիս: Այնտեղ, ուր օրենքով, իրավական լծակներով արդյունքի հասնելը բացառված է, խնդիրը հնարավոր է դառնում լուծել կաշառքով: Օրինակ` շատերը, վստահ, որ կոռուպցիայի շնորհիվ (այս դեպքում` շնորհիվ եւ ոչ թե պատճառով) կարող են գիտական թեզեր պատվիրել ու պաշտպանել, բուհ ընդունվել եւ ավարտել, զավակին բանակից ազատել, վերցրած կաշառքի միջոցով բարելավել իրենց կյանքը, պատգամավոր, նախարար դառնալ, լիցքաթափվում են: Օրինակները կարող եք շարունակել ինքներդ: Կոռուպցիայի մյուս դրական կողմն այն է, որ այն ոլորտներում, ուր կոռուպցիան հատկապե՛ս ծաղկում է, երեւում են հասարակության, պետության թույլ կետերը:
Ի դեպ, կոռուպցիան բավական ազդեցիկ դեր ունի ոչ միայն անձնական խնդիրները լուծելու առումով, այլեւ տարածաշրջանային, անգամ` համազգային հարցերը կարգավորելու: Հայկական լոբբին Արեւմուտքում եւ Եվրոպայում, եւ բոլոր լոբբիստական կազմակերպությունները խնդիրները հիմնականում լուծում են այնպիսի եղանակներով, որոնք տեղավորվում են «կոռուպցիա» եզրի մեջ: Կոռուպցիան կարելի է վերացնել միայն մի դեպքում` երբ կաշառք տալն ու վերցնելը, ընտրությունները կեղծելը պարզապես ձեռնտու չի լինի: Հակառակ դեպքում կարելի է ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարի նորանոր կառույցներ: Գուցե ժամանակակից հայ գրողներից մեկը կարողանա ստեղծել «Դոն Քիշոտին» համարժեք ստեղծագործություն: