Ռուսաստան-Բելգիա՝ 0:2

20/11/2010

Վորոնեժի քաղաքային մարզադաշտ այցելած հանդիսականները ականատես եղան իրենց հավաքականի այս տարվա ամենադժգույն խաղին: Ռուսաստանի հավաքականի բոլոր օղակները, այդ թվում՝ սովորաբար վստահ խաղացող դարպասապահ Ակինֆեեւը, գործեցին անկազմակերպ եւ անվստահ: Բելգիացիների առաջին իսկ առաջխաղացումը, որ միայն լավատեսները կարող են գրոհ համարել, ավարտվեց դարպասապահի կոպիտ սխալով եւ բաց թողած գոլով: Մեր հավաքականի մարզիչները, որ այս խաղին հետեւում էին մարզադաշտում, կարծում եմ, այս դրվագից հետեւություններ կանեն: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածը, գրեթե լրիվ խաղակես, ռուսաստանցիները փորձում էին օգտագործել բելգիացիների կողմից կամավոր հանձնած տարածքային առավելությունը, սակայն քիչ թե շատ վտանգավոր գրոհ այդպես էլ չկազմակերպեցին: Երկրորդ կեսում, չնայած բոլոր փոխարինումներին, խաղի պատկերը չփոխվեց: Ռուսաստանցիների միօրինակ եւ դանդաղկոտ գրոհներին բելգիացիները պատասխանում էին կտրուկ հակագրոհներով: Եվ կրկին կարողացան գրավել Ակինֆեեւի դարպասը: Իր հաշվին երկու գոլ գրանցեց թիմի նորեկ 17-ամյա Ռոմելո Լուկակուն: Խաղը դիտելիս երբեմն թվում էր, թե այս ամենը մեկ անգամ արդեն եղել է: Երկրորդ խաղակեսի միջնամասում դեժավյուի պատճառը պարզեցի. շատ նման էր Հայաստան-Սլովակիա խաղին, ուր կողմերից մեկը դուրս էր եկել խաղադաշտ՝ ուժի դիրքերից խաղալու եւ իր «օրինական» 3 միավորը վերցնելու (Սլովակիա), իսկ մյուսը (Հայաստան), ճիշտ գնահատելով մրցակցի եւ իր հնարավորությունները՝ համապատասխան տհաճ անակնկալներ էր պատրաստել: