Նոյեմբերի 17-ին այս տարվա վերջին հանդիպումներն անցկացրեցին ազգային հավաքականները: Մեզ համար հետաքրքիր էին առաջին հերթին Հայաստանի ընտրանու ԵՎՐՈ-2012-ի ընտրական «Բ» խմբի մրցակիցների ելույթները: Մեր ընտրանին նախընտրեց այդ օրը հանդիպում չանցկացնել, եւ, հավանաբար, դա ճիշտ որոշում էր: Եմենի կամ այդ կարգի այլ հավաքականի հետ հանդիպումները դժվար թե խորհելու առիթներ տան, այնպես որ, արժե այժմվանից սկսել բանակցությունները որեւէ երկրի, ասենք, Ուկրաինայի ազգային թիմի հետ փետրվարին կայանալիք ընկերական խաղերի պատուհանն օգտագործելու համար: Եվ ուժեղ հավաքական է, եւ խաղային ձեռագրով բավական նման է Ռուսաստանի թիմին, մեր առաջիկա մրցակցին: Իսկ ի՞նչ ցուցադրեցին մրցակիցները: