Միխայիլ Տալի հուշամրցաշարում հաղթելուց հետո մեր գրոսմայստերն էլ ավելի փայլուն խաղաց շախմատային բլիցի աշխարհի առաջնությունում, որը նույնպես անցկացվեց Մոսկվայում: Երեք օրում անցկացրած 38 հանդիպումներում մեր գրոսմայստերը հավաքեց 24.5 միավոր ու դարձավ միանձնյա հաղթող` օլիմպիական կրկնակի չեմպիոնի եւ աշխարհի գավաթակրի տիտղոսներին ավելացնելով այս մեկը եւս: Արոնյանն այսպիսով հայտնվել է բավական ծանր կացությունում, շախմատային աշխարհի հավանական ու անհավանական բոլոր տիտղոսները նվաճված են, միակ չնվաճված բարձունքը մնացել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Լեւոն Արոնյանն իր հաջողություններում միայնակ չէ: Ռուսաստանյան մեկ այլ քաղաքում` Բելգորոդում կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկությունում հաղթող դարձավ մեր շախմատային երկնակամարի նոր ծագող աստղերից մեկը` Զավեն Անդրեասյանը: