ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ

18/11/2010

2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ինֆորմատիկայի, տեխնիկական եւ բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն` 1 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար (1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի (բակալավրի կրթական ծրագրի) այն շրջանավարտները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ տիրապետում են անգլերեն կամ չեխերեն լեզուներին:

Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

– դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
– դիմում-հարցաթերթիկ,
– չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
– ինքնակենսագրություն (անգլերեն) (CV),
– միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ բակալավրի որակավորման ավարտական փաստաթղթի եւ ներդիրի պատճենները, նոտարի կողմից (չեխերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, կամ իսպաներեն) թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
– անձնագրի պատճենը,
– ծննդյան վկայականի պատճենը (նոտարի կողմից թարգմանված) եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
– բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձեւի (նոտարի կողմից թարգմանված),
– 3×4 չափսի 6 լուսանկար,
– 2 երաշխավորագիր (անգլերեն լեզվով),
– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

Կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ (բակալավրի կրթական ծրագրի համար) 2010թ. ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ` մասնակցեն հարցազրույցի փուլին:

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ (Հանրապետության 73) դպրոցում` ս/թ նոյեմբերի 22-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (ք. Երեւան Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 609 սենյակ, հեռ. 52-56-62)` մինչեւ ս/թ նոյեմբերի 19-ը ներառյալ: