Անդրադարձել են նաեւ ԼՂՀ խնդրին

18/11/2010

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում վերջիններս անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներին: Նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանային այլ հրատապ հարցեր: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը կարեւորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք, ըստ նրա` թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու եւ համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին: Մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը եւ կամփոփենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, որ ՀՀ-ն ձգտում է Կովկասում խաղաղության ու կայունության, եւ դրանով են պայմանավորված ԼՂ հիմնահարցի խաղաղ ու երկարաժամկետ լուծման որոնմանն ուղղված մեր երկրի ջանքերը: Ս. Սարգսյանի խոսքով` ՌԴ-ն միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել եւ շնորհակալություն է հայտնել Դ. Մեդվեդեւին` նրա կողմից գործադրվող ջանքերի համար` հույս հայտնելով, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով եւ դրական արդյունքով: Դ. Մեդվեդեւը եւս կարեւորել է երկու երկրների ղեկավարների միջեւ հաճախակի դարձած հանդիպումները, որոնք, նրա հավաստմամբ, առաջնային բնույթ են կրում: «Գործնականում, գրեթե ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ մենք անպայման հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ իրադարձությունները: Երկկողմանի շփումներում էլ` Դուք եք այցելում մեզ, վերջերս էլ ես էի Ձեզ մոտ մեծ այցով: Սրանք հնարավորություններ են` մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու եւ, իհարկե, խոսելու ԼՂ հակամարտության կարգավորման մասին ու նախանշելու ապագայի կողմնորոշիչները»,- ասել է նա: Ավելի ուշ Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ հիմնական տնտեսական գործընկերը, ինչի մասին շեշտել է նաեւ Պուտինը: