ՎՊ-ն դիմել է դատարան

18/11/2010

«Խնդրելու եմ խորհրդարանին, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, որ հետագայում որեւէ մեկը չասի, թե անկաշկանդ եմ կամ խոչընդոտ եմ առաջացնում այդ քննությունը մինչեւ վերջ տանելու համար»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը: Նախօրեին այս պատգամավորը հայտարարել էր, թե «Անանիա Շիրակացի» համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ինքը, ստուգումներ անցկացնելու ընթացքում Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները 4000 դոլար կաշառք են պահանջել` նշելով, թե դա համաձայնեցված է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Ի. Զաքարյանն էլ, իր հերթին, երեկ հայտարարել է, որ նման մեղադրանքի ու վիրավորանքի համար դիմել է դատարան` բարոյական վնասի հատուցման հայցով: ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ իր հերթին դիմելու է ԱԺ նախագահին` Ս. Մելիքյանին մանդատից զրկելու համար, որովհետեւ պատգամավորը խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ սեփական համալսարանը հավատարմագրային կառավարման չի հանձնել: