Աշծատող չաշխատողները կամ` հակառակը

18/11/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի առիթով արդեն նշել ենք, որ որքան էլ պաշտոնական վիճակագրությանը քննադատեն պլպան թվեր նկարելու համար, այս կառույցը երբեմն-երբեմն հրապարակում է ցուցանիշներ, որոնք խոսում են իրական պատկերի մասին։

Իհարկե, դա բացահայտորեն չի արվում. իրականությունը պետք է փորձել գտնել տողատակերում։ Այսինքն, դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ սխեմայով. եթե խոսքը գնում է Պողոսի եւ Պետրոսի մասին, ապա Պողոսի վատ վիճակը ներկայացվում է այսպես. «Պետրոսի վիճակը համեմատաբար ավելի լավ է»։ Տողատակեր կարդալու հերթական «նյութն» Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկու օր առաջ։ ԱՎԾ-ն՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությամբ, 2009թ. ողջ ընթացքում իրականացրել է «Ոչ ֆորմալ հատվածը եւ ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում» հետազոտությունը, որն ընդգրկել է հանրապետության 10 մարզերը եւ Երեւան քաղաքը։ Հետազոտությանը վերաբերող զեկույցը նոյեմբերի 16-ին է տեղադրվել ԱՎԾ-ի պաշտոնական կայքում, սակայն դուրս է մնացել ԶԼՄ-ների ուշադրությունից։

Ինչպես արդեն վերնագրից կարելի է գուշակել, հետազոտությունը վերաբերում է ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածության մակարդակին։ Ըստ զեկույցի հեղինակների, ոչ ֆորմալ զբաղվածությունը ունի կազմակերպվածության ցածր մակարդակ, սեզոնայնություն, փոփոխական է, եւ ոչ ֆորմալ զբաղվածները սովորաբար հրաժարվում են տեղեկություններ տրամադրել։ Այդ իսկ պատճառով, դժվար է ճշգրիտ ներկայացնել զբաղվածության պատկերը։ Սակայն մասնագետները փորձել են եւ եկել այն եզրակացության, որ մեր երկրում զբաղվածության կեսը ոչ ֆորմալ է։ «Աշխատատեղերի քանակը կամ ընդամենը զբաղվածությունը գնահատվել է մոտ 1.19 միլիոն, որոնք հիմնականում ստեղծվել են ֆորմալ հատվածի կազմակերպություններում` 52.4%, ոչ ֆորմալ կազմակերպություններում` 37.9%, եւ մնացյալը` տնային տնտեսություններում»,- ասում են վիճակագիրները։

Իսկ ընդամենը զբաղվածության 52.1%-ը, ըստ զեկույցի, եղել է ոչ ֆորմալ։ Դա համարժեք է ոչ ֆորմալ բնույթի 621.7 հազար աշխատատեղերին։ Ստացվում է՝ մեր երկրում 621 հազար մարդ (տնտեսապես ակտիվ բնակչության կեսը), ըստ էության, ապօրինի գործունեություն է ծավալում. չգրանցված աշխատող է։ Սակայն վիճակագիրները շտապում են ցրել այդ մռայլ ենթադրությունը՝ ավելացնելով, որ ոչ ֆորմալ զբաղվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, որը կազմել է ոչ ֆորմալ զբաղվածության 98.6%-ը: Այսինքն՝ այդ 621 հազարի մեջ մտնում են նաեւ սեփական այգում լոլիկ աճեցնող գյուղացիները կամ գյուղացի տղան, ով իր սեփական ընտանիքին պատկանող կովերին տանում է արածացնելու։ Համաձայնեք, որ նրանց չի կարելի օրինախախտ անվանել։ Վիճակագիրներն ավելի հարմար ձեւակերպում են գտել. «Դա առավելապես պայմանավորված է գյուղացիական տնտեսությունների գործունեության կազմակերպա-իրավական կարգավիճակի բացակայությամբ»։

Ինչ վերաբերում է ոչ գյուղատնտեսական ոլորտներին, ապա այստեղ աշխատատեղերի թիվը կազմել է 704.4 հազար, իսկ ոչ ֆորմալ զբաղվածությունը գնահատվել է 20%: Ընդ որում, ոչ ֆորմալ զբաղվածությունն առավել բարձր է եղել շինարարության (34.2%), առեւտրի (26.9%) եւ արդյունաբերության (11.8%) ոլորտներում։

Այսքանը ընդունենք ի գիտություն եւ փորձենք այս երեւույթը դիտարկել հակառակ կողմից՝ գործազրկության ցուցանիշից։ Ըստ պաշտոնական վիճակագրության, գործազրկության մակարդակը 2009թ. կազմել է 6.9%։ Պարզաբանենք, թե ինչպես է հաշվարկվել այդ ցուցանիշը։ Պաշտոնապես գրանցված (Զբաղվածության ծառայությունում հաշվառված) գործազուրկների թիվը հայտնի է՝ 81.400 մարդ (2009 թվականին)։ Հայտնի է նաեւ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը՝ 1 միլիոն 185 հազար մարդ։ Պաշտոնական վիճակագրությունը պարզապես հաշվում է, թե 81.400-ը տնտեսապես ակտիվ բնակչության քանի՞ տոկոսն է կազմում։ Եվ հենց այդ թիվն էլ՝ 6.9%-ը, տեղ է գտնում զեկույցներում ու ելույթներում՝ որպես գործազրկության մակարդակ։ Այսինքն՝ ով գրանցված չէ զբաղվածության ծառայությունում՝ որպես գործազուրկ, նա ավտոմատ հաշվարկվում է որպես զբաղված։ Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ 10 գործազուրկից 2-3-ն էլ չեն հաշվառվում, կան «թաքնված» գործազուրկներ, եւ իրականում գործազրկության մակարդակն ավելի բարձր է։ Տարբեր գնահատականներով՝ այն կազմում է 20-35 տոկոս։

Մյուս կողմից, նշվում է նաեւ, որ կա ինչպես՝ թաքնված գործազրկություն, այնպես էլ՝ թաքնված զբաղվածություն։ Սա շեշտում են այն մարդիկ, ովքեր փորձում են ապացուցել, որ մեր տնտեսական վիճակն այնքան էլ անմխիթար չէ։ Այս տեսակետի հեղինակները, օրինակ, կարող են օգտագործել վերը նշված զեկույցն ու ասել՝ տեսնո՞ւմ եք, որ Հայաստանում մարդիկ աշխատանք ունեն, պարզապես չեն գրանցվում։

Դա, ինչպես ասում են, ոզնուն էլ է հասկանալի. եթե բնակչության կեսը ողորմություն չի խնդրում, գողություն չի անում, օդով չի սնվում, բայց շարունակում է ապրել, ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ աշխատանք կատարում է, թեկուզ չնչին վարձատրության դիմաց։ Խնդիրը միայն պատկերը ներկայացնելու, շեշտադրումների մեջ է։ Եթե գործազրկության մակարդակը հաշվարկելու համար մենք էլ օգտագործենք այդ նույն զեկույցը, շատ զավեշտալի բան կստացվի։ Այսպես, ըստ այդ զեկույցի, ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 621.700 աշխատատեղ, իսկ 2009թ. զբաղված են եղել 1.15 միլիոն մարդ։ Այսինքն՝ ֆորմալ աշխատատեղերի թիվը կազմում է 528.300։ Եթե պաշտոնական վիճակագրությունը չգրանցված գործազուրկին համարում է զբաղված, մենք էլ կարող ենք չգրանցված զբաղվածին համարել գործազուրկ։ Այսինքն՝ պնդել, որ «ապացուցված» զբաղված են միայն 528.300 հոգի, իսկ մնացածն աշխատանք չունեն։ Այդ դեպքում կստացվի, որ գործազրկության մակարդակը գերազանցում է 50%-ը։

Սակայն չենք ասի, որ 50% գործազրկություն ունենք, քանի որ դա ճիշտ չի լինի։ Ճիշտ չի նաեւ այն, երբ խոսվում է 7% գործազրկության մասին։ Իրականությունը, թերեւս, ինչ-որ տեղ դրանց մեջտեղում է։ Թե կոնկրետ որտեղ՝ դժվար է հստակ ասել։ Փոխարենը՝ հստակ ասել կարելի է ուրիշ բան. զուտ վիճակագրական տվյալների հիման վրա դատողություններ անելուց պետք է զերծ մնալ։

Նշենք, որ զեկույցի հեղինակները փորձել են չափել նաեւ ստվերային տնտեսության մասշտաբները եւ հանգել այն եզրակացության, որ ոչ ֆորմալ հատվածի բաժինը 2009թ. համախառն ավելացված արժեքի կառուցվածքում կազմել է 11.2%։ Ոչ ֆորմալ տնտեսության մեջ գերակայում են գյուղատնտեսությունը (36.2%), շինարարությունը (26.6%) եւ առեւտուրը (18.6%): Դրա հետ միասին, վարչատարածքային միավորների առումով՝ ոչ ֆորմալ հատվածում Երեւանն ունի ամենամեծ բաժինը` 38.8%, որին հետեւում են Արարատը` 12.1%, Շիրակը` 9.1%, Արմավիրը` 9.1% եւ Սյունիքը` 8.8%: