Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի ղեկավար Միխայիլ Շվիդկոյը երեկ ՁնՂԼ մրցանակ է հանձնել լրագրող Մանանա Ասլամազյանին՝ «Ռուսական հեռուստատեսությունում անձնական ավանդի համար» անվանակարգում: Հիշեցնենք, որ Ասլամազյանը, մաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո, ստիպված էր լքել Ռուսաստանը, իսկ նրա գլխավորած «Ինտերնյուզ» կազմակերպությունը, որը տարածաշրջանի լրագրողների համար ազատ լրագրության դասընթացներ էր կազմակերպում, փակվել էր: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ տեղի է ունենում Հեռարձակողների միջազգային կոնգրեսը: Դահլիճը Ասլամազյանին դիմավորել է բուռն եւ երկար ծափահարություններով: Շվիդկոյը մրցանակը հանձնելիս նույնիսկ կատակել է այն առնչությամբ, որ Ասլամազյանն այդ մրցանակը ստանում է հանձնման արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Պետերբուրգում: «Եթե քեզ մրցանակը հանձնեին այն ժամանակ Պիտերում, որեւէ մեկը չէր նկատի, իսկ այսպես դու PR-քարոզարշավի կենտրոնում ես»,- ասել է Շվիդկոյը: «Ես ուրախ եմ, որ այս մրցանակը ստանում եմ ընկերների շրջապատում: Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ համար են քվեարկել: Երբ դու երկրում չես լինում 3 տարի, եւ քեզ հիշում ու քեզ համար քվեարկում են, ես դա չեմ մոռանա»,- ասել է Մ. Ասլամազյանը: Նաեւ հայտարարել է, որ մտածում է Ռուսաստան վերադառնալու մասին. «Ես մտածում եմ Ռուսաստան վերադառնալու մասին, սակայն առաջիկա տարվա համար ես պայմանագիր ունեմ, ես աշխատում եմ Հայաստանում»: