Հարավային Կովկասում կարող է հասունանալ եւս մի խնդիր՝ ավելանալով արդեն իսկ գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Խոսքը Վրաստանի կողմից գազամուղի հնարավոր վաճառքի մասին է: Ու չնայած բարձր մակարդակով վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, կրքերը կամաց-կամաց բորբոքվում են: Մինչեւ վերջերս Թբիլիսիի գլխավոր հովանավոր Վաշինգտոնն արգելել էր վաճառել այն գազամուղը, որին այսօր հավակնում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Հայաստանը: Եվս մեկ անգամ կրկնենք. վաճառքի մասին որոշում դեռեւս չի կայացվել, այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից են ծնվել այս խոսակցությունները, սակայն վերը նշված երկրների ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են դրա գնման հարցում իրենց հետաքրքրվածության մասին: Իսկ վրացական տնտեսագետները հնարավոր տարբերակներից հրապարակավ նախընտրում են գործ ունենալ Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (ԱՊՆԸ) հետ, որն իր SOCAR Georgia Gas դուստր ձեռնարկության միջոցով ծածկում է Վրաստանի գազի պահանջարկի մոտ երեք քառորդը: Ստեղծված, ավելի ճիշտ` հնարավոր իրավիճակի մասին «168 ԺԱՄ»-ի թղթակցի հարցերին պատասխանում է վրացի վերլուծաբան, էներգետիկ հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին:
– Վրաստանի կողմից ադրբեջանական ընկերությանը գազամուղի վաճառքի մասին խոսակցությունները անհանգստություն են առաջացրել Հայաստանում, որը հենց այդ գազատարով է գազ ստանում: Երեւանում չեն թաքցնում անհանգստությունը՝ կապված էներգետիկ շրջափակման հնարավոր սցենարի հետ, որը կարող է արտահայտվել հաճախակի վթարների, գազատար խողովակներում գազի ճնշման անկման, գների բարձրացման եւ այլ դրսեւորումներով: Ձեր կարծիքով` արժե՞, որ Վրաստանը ներգրավվի այսպիսի «պատմության» մեջ, առավել եւս, որ դեռ վերջերս ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին բացահայտորեն ուղղակի արգելում էր նույնիսկ մտածել այդ գազամուղի վաճառքի մասին:
– Դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, որ գլխավոր գազամուղը կվաճառվի կամ հանվել է վաճառքի:
– Սակայն գազամուղը հանվել է ռազմավարական այն օբյեկտների ցուցակից, որոնք վաճառքի ենթակա չեն: Բացի այդ` Ադրբեջանի պաշտոնատար անձինք տեղական լրատվական գործակալություններին հայտարարել են, որ այս հարցի շուրջ պատրաստ են եւ անգամ սկսել են բանակցել վրացական կողմի հետ:
– Այդ դեպքում արձանագրենք, որ ոչ միայն Բաքուն, այլ նաեւ Երեւանն է խոսում գազամուղը գնելու ցանկության եւ հնարավորության մասին: Առայժմ, սակայն, այս հարցում գլխավորն այն է, թե ինչ են ասում Վրաստանի իշխանությունները, որոնք որոշակի «թաքնված շահ» ունեն տվյալ գործարքից: Այսօր Թբիլիսիի պաշտոնական մեկնաբանությունները հանգում են նրան, որ գազամուղը ոչ ոք չի պատրաստվում վաճառել: Իշխանությունները կարող են գնալ հետեւյալ քայլին. կարող է վաճառքի հանվել գազամուղի բաժնետոմսերի որոշակի փաթեթ, որքանով ես կարող եմ ենթադրել` 15 տոկոսի չափով: Այդ օպերացիան թույլ չի տա որեւէ երրորդ կողմի՝ վերահսկողություն սահմանել գազատարի նկատմամբ: Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ադրբեջանը կարող է ձեռք բերել այդ փաթեթը, ապա հասկանալի է, որ նման քայլը Հայաստանում որոշակի լարվածություն կառաջացնի: Սակայն պետք է հաշվի առնել, որ SOCAR ընկերությունը, որն էլ այդ փաթեթի վաճառքի դեպքում ամենայն հավանականությամբ կդառնա դրա սեփականատերը, ըստ էության, ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային ընկերություն է, որն աշխատում է աշխարհի շատ երկրներում` միջազգային չափանիշներին համապատասխան, եւ ինքն իր հեղինակությունը չի վտանգի: Մյուս կողմից` այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի անհանգստությունը. Հայաստանն այդ գազամուղով ռուսական գազ է ստանում, գոյություն ունեն պայմանագրեր, մեր գազամուղով մատակարարվող գազի տարանցման համար Երեւանը վճարում է` մեզ թողնելով գազի որոշակի ծավալ: Ի՞նչ կարող է այստեղ տեղի ունենալ: Ավելի շա՞տ գազ կվերցնեն: Թանկացո՞ւմ կլինի:
– Ստացվում է, որ Հայաստանի համար վտանգավոր բան չկա՞:
– Որոշակի քաղաքական մոտիվացիա կա, որի հետ կապված կարող են ինչ-որ ռիսկեր ծագել: Սակայն ես առաջին հերթին իմ հայ գործընկերներին խորհուրդ կտայի խոսել ոչ թե հնարավոր ռիսկերի առաջացման, այլ այն մասին, թե ինչպես լուծել այն համակարգային խնդիրը, որը Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք մասնակցություն ունենալ տարածաշրջանային բոլոր նախագծերում: Այդ թվում՝ եւ՛ գազատրանսպորտային, եւ՛ նավթատրանսպորտային նախագծերում, ինչի արդյունքում, ըստ էության, հսկայական պոտենցիալ է վատնվում: Հայաստանի բացակայությունն այդ նախագծերում համակարգային հիմնախնդիր է, եւ ստեղծված իրավիճակի համար հայկական կողմը որոշակի պատասխանատվություն պետք է փնտրի իր մեջ, նաեւ պետք է ուղիներ փնտրի այն խնդրի լուծման համար, որի պատճառով այժմ Երեւանում անհանգստություն է ծագել գազամուղի պատկանելության առնչությամբ: Երեւանում պետք է հասկանան, որ Վրաստանն ու Ադրբեջանը համարվում են միասնական աշխարհաքաղաքական օղակ, որն արդեն այսօր նշանակալից դեր է խաղում, իսկ հետագայում այդ դերն ավելի են մեծացնելու Եվրոպայի էներգետիկ անվտանգության արդյունավետ համակարգում: Հայաստանը եւս պետք է միանա այդ գործընթացին: Այդ ժամանակ տարածաշրջանն ավելի դինամիկ կերպով կզարգանա: Սակայն մասնակցելու համար պետք է փնտրել մյուս համակարգային հիմնախնդիրների լուծումը, ոչ թե արձագանքել այլ երկրների` զարգանալու փորձերին: Պետք է ճանապարհներ փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար: Սա է հիմնական դեղատոմսը: Իսկ Հայաստանի խնդիրների պատճառով ոչ ոք մտադիր չէ արգելակել իր զարգացումը: Սա միանգամայն բնական է, եւ ոչ ոք չպետք է նեղանա դրանից:
– Տեսականորեն ենթադրենք, գազամուղն անցել է ադրբեջանական կողմին, եւ Հայաստանը դրանից անհարմարավետություն է զգում…
– Չեմ կարծում, թե արտասովոր բան կկատարվի: Հայաստանը եւս հետաքրքրություն է ցուցաբերում այդ գազամուղի հանդեպ: Իրերն իրենց անուններով կոչենք. Հայաստանի թիկունքում կանգնած է «Գազպրոմը»: Եվ ես վստահ եմ, որ եթե գազամուղն ինչ-որ կերպ անցնի «Գազպրոմին», այդ ժամանակ արդեն ինչ-որ բան տեղի կունենա, քանի որ գազամուղի հետ կապված ցանկացած «ֆորսմաժոր» հակասում է Վրաստանի ազգային շահերին: «Գազպրոմը» դա քաղաքականություն է: Եվ եթե խոսենք այն մասին, թե ում չի կարելի վաճառել գազամուղը, ապա առաջին հերթին դա «Գազպրոմն» է: Ինչ վերաբերում է SOCAR ընկերությանը, ապա, ինչպես արդեն ասացի, դա այն ընկերությունը չէ, որը կխախտի միջազգային չափանիշները: Իսկ եթե նաեւ Վրաստանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները լինեն փոխըմբռնման բարձր մակարդակի վրա, ապա կարծում եմ` հայկական կողմի համար որեւէ ռիսկ չի լինի. Վրաստանի իշխանությունը թույլ չի տա, որ գազամուղի վրա ինչ-որ մեկն ինչ-որ բան անի:
– Այնուամենայնիվ Երեւանում արդեն հնչում են Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն ակտիվացնելու կոչեր:
– Թող ակտիվացնեն: Դա ճիշտ մոտեցում է երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում: Միշտ էլ լավ է, երբ ներմուծումը դիվերսիֆիկացված է: Դա ճիշտ քաղաքականություն է, եւ Երեւանին կարելի է հաջողություն մաղթել այդ գործում ու Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործընթացում: Սակայն այստեղ քաղաքական այլ բնույթի խնդիրներ կարող են ծագել: Հայաստանը չափազանց բարդ դիլեմա ունի: Բոլոր դեպքերում կարծում եմ` Հայաստանը պետք է արմատապես լուծի այն հիմնախնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն: Դրանց հիմքում ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այլ որոշում գոյություն չունի:
– Դուք խոսում եք «Գազպրոմի» վերահսկողության, թելադրանքի տակ հայտնվելու վտանգի մասին: Իսկ չկա՞ արդյոք վտանգ, որ Վրաստանի գազային տնտեսությունը կարող է հայտնվել ադրբեջանական կողմի ենթակայության տակ:
– Խոսք անգամ չկա «ամբողջ գազային տնտեսության» մասին: Անգամ 300 կմ-անոց գլխավոր գազամուղն ամենեւին Վրաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը չէ: Եվ կրկնում եմ, խոսքը կարող է վերաբերել միայն բաժնետոմսերի չնչին փաթեթի վաճառքին, ինչը գլխավոր գազամուղը վերահսկելու իրավունք չի տալիս:
Հ.Գ. Նյութը պատրաստվում էր տպագրության, երբ պաշտոնական Թբիլիսին հանդես եկավ հայտարարությամբ, որով հերքում է գազամուղը վաճառելու մասին տեղեկությունները: