Կենսաթոշակային սեր՝ առ Հայրենիք

18/11/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր խորհրդարանն իրեն բնորոշ ալարկոտությամբ պետական կենսաթոշակների օրենքն է բարեփոխում: Ֆրանսիայի կառավարությանը մի քանի ամիս տեւած գործադուլ-հանրահավաքները հաղթահարելու գնով հաջողվեց կենսաթոշակների մասին նոր օրենք ընդունել: Ֆրանսիացիների հիմնական բողոքը կենսաթոշակի անցնելու տարիքը 60-ից 62 դարձնելու դեմ էր: 2002թ. մեր իշխանությունները հասարակական կատարյալ անտարբերության պայմաններում լուծեցին այդ խնդիրը: Լուծեցին շատ ավելի կոշտ տարբերակով: Կենսաթոշակի անցնելու տարիքը 25 տարվա աշխատանքային մինիմալ ստաժի պարագային սահմանվեց 63 տարեկանը: Իսկ ծերության թոշակի ՀՀ քաղաքացին կարող է հավակնել 65 տարեկան դառնալուց հետո: Արդեն տասը տարուց ավելի է` ժողովրդագիրները փորձում են հասարակության ու իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն գործընթացների վրա, որ արձանագրվում են ժողովրդագրության ոլորտում: Դրանցից ամենամտահոգիչը, թերեւս, այն է, որ տարեցտարի աճում է աշխատանքային տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը: 65 տարեկանից բարձր բնակչությունը վերջին 5 տարում տատանվում է ընդհանուրի 10,5-11 տոկոսի սահմաններում: Նման ցուցանիշ ունեցող երկրները ժողովրդագիրներն անվանում են ծերացող: Փաստորեն, մենք՝ հայաստանցի հայերս, ծերացող ազգ ենք: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ մեր երկրից արտագաղթում է հիմնականում վերարտադրության տարիքի բնակչությունը: Արտագաղթում է` տարեցտարի ավելի ու ավելի բարդացնելով բյուջեի հավաքագրման ու թոշակների վճարման խնդիրը: 2009թ. սկզբի տվյալներով` 65 տարեկանից բարձր բնակչության թիվը 338 հազար մարդուց ավելի է: Այսինքն` պետական կենսաթոշակ ու ծերության թոշակ ստանում է այդքան քաղաքացի: Կենսաթոշակային համակարգի «բարեփոխումների» հերթական փուլը եւ կենսաթոշակային հիմնադրամի շուրջ սկսվող սկանդալի փաստը հենց սրանով է պետք բացատրել: Կառավարության համար դժվարանում է թոշակները վճարելու խնդիրը: Գործող օրենսդրությունը կենսաթոշակային հիմնադրամի հատկացումը ծանր բեռ է դարձրել տնտեսության համար: Նախ՝ յուրաքանչյուր աշխատող իր վաստակի 3 տոկոսը փոխանցում է այդ հիմնադրամին: Դրան գումարած՝ յուրաքանչյուր գործատու պարտավոր է սոցապ վճարումներ կատարել: Յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն վճարում է 7 հազար դրամ` մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ վճարելու համար, եւ դրան գումարած՝ 20 հազարից մինչեւ 100 հազար վճարելու դեպքում՝ 20 հազարը գերազանցող գումարի 15 տոկոսը: Իսկ եթե գործատուն հանդգնում է իր աշխատակցին 100 հազարից ավելի աշխատավարձ վճարել, ապա պարտավոր է 19 հազար դրամ եւ 100 հազարը գերազանցող գումարի 5 տոկոսը վճարել: Այս ցուցանիշները հարկային ծանր բեռ են գործատուների համար: Ինչպես նաեւ` ստվերային տնտեսության բավարար փաստ: Բայց եթե հարկային մարմինները հայտնաբերում են, որ որեւէ գործատու թաքցրել է աշխատող ունենալու փաստը, ապա յուրաքանչյուր թաքցվածի համար տուգանում են 100 հազար դրամով: Ըստ գործարարների` գործատուի սոցապ պարտադիր վճարումը միջին հաշվով 17 տոկոսանոց յուրահատուկ հարկատեսակ է: Այսինքն, եթե որեւէ գործատու պատրաստվում է 10 մլն դրամ աշխատավարձ վճարել իր աշխատողներին, ապա եւս 17 մլն դրամ պիտի մուծի սոցապ հատկացումների տեսքով: Մյուս հարկերը` չհաշված: Տնտեսությունը խեղդող այս օրենսդրությունը գործարարներից շատերին ստիպում է բիզնեսը տեղափոխել արտերկիր: Հիմնականում` մերձավոր արտասահման: Հիմա մեր գործարարների համար «ամենամոդայիկը» բիզնեսը Վրաստան տեղափոխելն է: Վիճակը նույնքան անտանելի է նաեւ վարձու աշխատողների համար: Երեք տոկոսանոց պարտադիր վճարը 2015 թվականից դառնում է 5 տոկոս: Հայաստանում կյանքի միջին տեւողությունը մոտ 73 տարի է: Այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի առնվազն 25 տարի աշխատելով (իրականում՝ մոտ 40 տարի)` ամեն ամիս պետությանը հարկերի ու սոցապ հատկացումների տեսքով հսկայական գումար է մուծում: Մուծում է, որպեսզի ընդամենը 10 տարի միջինը նվազագույն սպառողականից բավական ցածր կենսաթոշակ ստանա: Ստանա ընդամենը 10 տարվա ընթացքում: Հայաստանում աշխատանք ունեցող ամեն մի քաղաքացի 20-25 տարի իր ակնկալվող թոշակից ամեն ամիս 2,5-3 անգամից ավելի գումար է մուծում: Հիշեցնենք, որ պաշտոնապես միջին աշխատավարձն արդեն գերազանցել է 100.000 դրամի սահմանագիծը: Ստացվում է, որ մեզ պետականորեն կառավարելն ահագին թանկ է նստում մեզ վրա: Մյուս կողմից, ակնհայտ է, որ մեզ կառավարելու ծախքերը մեր կառավարիչները կամավոր չեն նվազեցնի: Եթե նկատել եք, մեզ կառավարելու ազնիվ մղումով նրանք տարեցտարի ավելի ու ավելի շքեղ «պադավատ» ավտոմեքենաներ են գնում: Անընդհատ նորոգում ու վերանորոգում են կառավարչական գրասենյակ-աշխատատեղերը: Կոռուպցիայի ու այլ երեւույթների դեմ պայքարի պատրվակով մշտապես բարձրացնում են իրենց աշխատավարձերը: Եվրոպական երկրներում կյանքի միջին տեւողությունը 5-8 տարով բարձր է հայաստանյան ցուցանիշից: Բայց, օրինակ, Ֆրանսիայում իշխանությունները տնտեսական ճգնաժամի պարագայում մեծ դժվարությամբ հաջողեցին կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնել: Իսկ մենք «ըմբռնումով» ենք մոտենում այս խնդիրներին: Ոչ գործարարներն են հրապարակավ բողոքում հին ու նոր «բարեփոխումներից», ոչ էլ վարձու աշխատողները: ԱՄՆ նախագահներից մեկը հայրենասիրական պոռթկման մի պահի ասել է՝ «Մի հարցրու, թե ինչ է արել հայրենիքը քեզ համար, այլ ասա, թե դու ինչ ես արել հայրենիքի համար»: Այս տեսակետից վերլուծելով՝ հայաստանյան յուրաքանչյուր թոշակառու կարող է ասել, որ հայրենիքին մի քանի տասնյակ անգամ ավելի շատ գումար է տվել, քան կստանա իր կենսաթոշակային 10 տարիների ընթացքում: Իսկ ես կարծում էի, թե հայրենասիրությունը հաշվապահական հաշվառման ենթակա չէ: