Եթե սա լիներ ոչ թե հոդվածի թեմա, այլ ուղղակի հարց, ապա կարելի էր պատասխանել շատ կարճ` կամ օճառով (եթե պաշտոնը նշանակովի է), կամ «չորով» (եթե պաշտոնն ընտրովի է): Սակայն եկեք փորձենք պարզել, թե ինչո՞ւ է մեր իրականությունն այդպիսին: Պարզելու համար նախ ուզում եմ ասել, որ պաշտոնները տարբեր են լինում, եւ պաշտոնյա լինելու համար պարտադիր չէ լինել նախարար, քաղաքապետ կամ վարչության պետ: Օրինակ, մամլո քարտուղարը կամ արտադրության պետի տեղակալը (ես հասկանում եմ, որ Հայաստանում արտադրության մասին խոսելը նման է անեկդոտի, բայց` ամեն դեպքում), հարկային տեսուչը կամ ընդունարանում համակարգչի դեմ նստած աղջիկը (որի համար համակարգիչն ընդամենը փոխարինում է իր մանկության «լյագուշկա» կամ «տուն-տունիկ» խաղին), դպրոցի ուսմասվարը կամ էլեկտրացանցի աշխատակիցը (որին մեզ մոտ ընդունված է «լույսի մարդ» անվանել) եւս պաշտոնատար անձինք են: Եվ այսօր ստացվել է այնպես, որ մեր պաշտոնատար անձանցից շատ-շատերը, մեղմ ասած, իրենց տեղերում չեն: Եթե խորն ուսումնասիրենք այս երեւույթը, ապա կարելի է ենթադրել, որ հայերի մոտ այս խնդիրը սկսում է դեռ դպրոցական տարիքից, երբ տվյալ երեխայի ապագա մասնագիտությունը հիմնականում նրա ծնողներն են ընտրում: Այսինքն` երեխային զրկում են ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից դեռեւս այն տարիքից, երբ ձեւավորվում է նրա անձը: Միգուցե հենց դա է պատճառը, որ արդեն հասուն հայերից շատ քչերն են ինքնուրույն լինում, որի հետեւանքով էլ արդեն տասնհինգ տարեկան անկախ Հայաստանի քաղաքացիները եւ քաղաքական գործիչները հույսները դնում են ոչ թե իրենց վրա, այլ` Ռուսաստանի, Ամերիկայի կամ Մադագասկարի: Բայց սա այլ թեմա է, եւ ավելի լավ է վերադառնանք մեր այսօրվա թեմային: Բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում պաշտոնը ասոցիացվել է իշխանության հետ: Եվ անկախ հասարակության կացութաձեւից` բոլոր ժամանակաշրջանների իշխանավորներն (անկախ նրանց մարդկային հատկանիշներից) աշխատել են տարբեր պաշտոններում նշանակել խելացի եւ բանիմաց մարդկանց: Մեզ մոտ պաշտոնն, առաջին հերթին, ասոցիացվում է փողի հետ: Իսկ մենք փող շատ ենք սիրում` «Green card»-ից էլ շատ: Դրա հետեւանքով պրոֆեսիոնալ մասնագետների փոխարեն` մեզ մոտ ավելի հաճախ կան «ս՚ոՌՑպսՖ» նախարարներ (զորօրինակ` Սերգո Երիցյանը կամ Նորայր Դավիդյանը), «հենց ընենց» փոխնախարարներ (Արտակ Սահրադյանը եւ Գագիկ Ասլանյանը), «վարժեցրած» դատավորներ, մամուլի հետ ոչ մի կապ չունեցող մամլո քարտուղարներ, «ֆազը» «նոլից» չտարբերող «լույսի մարդիկ», դպրոց չհաճախած դպրոցի տնօրեններ: Եվ այս ամենը, կարծում եմ, գալիս է նրանից, որ դեռ խորհրդային շրջանում պաշտոն էին ստանում կուսակցական պատկանելությունից ելնելով: Ուղղակի, եթե այն ժամանակ պաշտոն ստանալու համար պարտադիր էր լինել կոմունիստ, 90-անների սկզբին` ՀՀՇ-ական, իսկ վատագույն դեպքում` լիբերալ-դեմոկրատ կամ քրիստոնեա-դեմոկրատ, ապա այսօր պարտադիր պայմանն է հանրապետականը, դաշնակը կամ ՕԵԿ-ականը (վատագույն դեպքում` ՀԺԱՄ, «Հզոր Հայրենիք», ԺԱԿ, ԺՈՒԿ, ԺԵԿ): Իսկ ինչ վերաբերում է քաղծառայության ինստիտուտին, ապա Հայաստանում այն, ինչպես նմանատիպ եվրոպական «զիզի-բիզի» շատ ինստիտուտներ, կատարում է ընդամենը շիրմայի դեր (համ էլ մի երկու պաշտոնյա է ավելացել): Ես չգիտեմ` ինչքանո՞վ է ճիշտ այն տվյալը, որ հրեաներն ունեն «կադրերի բանկ» հասկացողությունը, բայց ես կուզենայի, որ անկախ Հայաստանի իշխանություններն անպայման մտածեին այս ուղղությամբ: Քանզի կուսակցություն-կուսակցություն խաղալով (այն էլ` երբ բոլորին է հայտնի, թե ինչպես են տարբեր կուսակցությունների երդվյալ անդամները հարմար պահին այս կուսակցությունից այն կուսակցություն թռչկոտում) երկիր չես կառուցի: Իմիջիայլոց, եթե կուսակցություններն ուզում են կոմունիստների կամ ՀՀՇ-ականների օրը չընկնել, խորհուրդ կտայի` նրանք էլ իրենց համար ունենան այդ «կադրերի բանկը», ոչ թե` ում պատահի եւ ոնց պատահի ընդունեն իրենց շարքերը (միայն նրա համար, որ այս կամ այն պատի տակ պարծենան իրենց կուսակցության թվաքանակով, որը, ինչպես փորձն է ցույց տալիս, այդպես էլ որակի չի վերածվում): Քիչ էր մնում մոռանայի: Անկախ ամեն ինչից, այսօր դեռ Հայաստանում պաշտոն ստանում են շատ օճառով եւ շատ կաշառքով: Սակայն գենետիկորեն լավատես լինելով` ես համոզված եմ, որ շատ մոտ ապագայում հայերը պաշտոն կստանան ոչ թե շատ մեծ քանակի օճառով կամ կաշառքով, այլ ուղղակի օճառով եւ կաշառքով: Այդպիսին են պաշտոնավարության օրենքները:
Շառից-պաշտոնից հեռու հայ` Ա.Ք.