Թեհրանահայ Թորոս Սիմոնյանը լինելով ՀՀ քաղաքացի՝ 2005թ. Հայաստան այցելության ժամանակ որոշել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հողատարածք գնել: Երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Վերջին տարիներին բնակություն է հաստատել Թեհրանում: Քաջատեղյակ լինելով տարբեր երկրների օրենքներին եւ արդարադատության համակարգերին, կասկած անգամ չի ունեցել, որ Հայաստանում գործարք կատարելիս կարող են խարդախության ճանապարհով տիրանալ իր ունեցվածքին: «Երբ գնացի Ծաղկաձոր` ուղղակի սիրահարվեցի այդ քաղաքին: Բնության հրաշք է, եւ որոշեցի այնտեղ հողատարածք գնել, այնուհետեւ ինչ-որ բան կառուցել: 2005-2007թթ. ընթացքում գնեցի 4500քմ, 4000 եւ 180քմ կազմող երեք հողակտորներ»,- պատմում է Թ. Սիմոնյանն` ասելով, որ Հայաստանում բնակվող իր բարեկամներից մեկը հորդորել է Ծաղկաձորում հողատարածք գնել` վստահեցնելով, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն հանգստյան գոտին դարձնել Շվեյցարիայի նման առաջադեմ քաղաք: Թ. Սիմոնյանի բարեկամը, որի անունը նա չի ցանկանում հրապարակել, առաջարկել է Պարսկաստանի իր կապիտալը տեղափոխել Հայաստան, ինչի արդյունքում Թ. Սիմոնյանը Պարսկաստանի իր բնակարանը վաճառել եւ այդ գումարով Ծաղկաձորում երեք հողատարածքներ է գնել: Վերջինս մտադրություն է ունեցել նախ՝ բնակարան կառուցել իր համար, իսկ մյուս հողատարածքների դեպքում բիզնես-ծրագիր իրականացնելով՝ փորձել որոշակի եկամուտ ստանալ: «Այնպես ստացվեց, որ հանդիպեցի մի պարսկահայի` Վահիկ Օհանջանյան-Նամագարդին: Փոքր հողը Ծաղկաձորի շատ լավ դիրքում էր` քաղաքի կենտրոնում, շուկայի հարեւանությամբ, եւ հողատարածքում էլ երկու խանութ կար, դրանք հետն էի գնել: Վահիկն ինձ առաջարկեց հողատարածքը խանութների հետ միասին հատկացնել իրեն` չորս հարկանի շենք կառուցելու պայմանով, որի դիմաց նա ինձ կտրամադրի կառուցվելիք շենքի 24%-ը: Համաձայն բիզնես պլանի` ներքեւում պիտի խանութ լիներ, իսկ վերեւի հարկերում` բնակարաններ»,- պատմում է Թ. Սիմոնյանը, ով Վահիկ Օհանջանյան-Նամագարդի հետ համաձայնության գալով` 2007թ. սեպտեմբերի 6-ի ամսաթվով փոխադարձ համաձայնության պայմանագիր է կնքել: Նշենք, որ վերջինս ՀՅԴ կուսակցության անդամ է եւ ընտրությունների ժամանակ դաշնակներին ֆինանսապես մեծ աջակցություն է ցուցաբերում: Այդուհանդերձ փոխադարձ համաձայնության պայմանագիրը կնքվել է երեք կողմերի միջեւ, քանի որ Վահիկ Օհանջանյանը բնակելի շենք կառուցելու ծրագիրը մեկնարկել է գործընկերոջ` պարսկահայ Հենրիկ Յունեսի Հաթամզադեի Նիազի հետ համատեղ: Այնուհետեւ ինչ-ինչ պատճառներով Վ. Օհանջանյանը հրաժարվել է 24% բաժնեմասը տրամադրելուց եւ առաջարկել է փոխարենը կառուցվելիք շենքում բնակարան տրամադրել Թ. Սիմոնյանին: Նշենք, որ բացի այդ եռակողմ պայմանագրից՝ գոյություն ունի եւս մեկ փաստաթուղթ, ըստ որի` կողմերն արձանագրում են` «Համաձայնության եկանք, որ 2-րդ հարկի 115 քմ մակերեսով բնակարանը փոխանցվելու է Թ. Սիմոնյանին: Երրորդ հարկը եւ առաջին հարկի խանութը՝ 230 քմ, փոխանցվելու է պարոնայք Վահիկ Օհանջանյան Նամագարդին եւ Հենրիկ Հաթամզադե Նիազին: Եթե 4-րդ հարկի թույլտվություն ձեռք բերվի, դրա 30%-ը պատկանելու է Թ. Սիմոնյանին, իսկ մնացածը` Վ. Օհանջանյան Նամագարդին եւ Հ. Հաթամզադե Նիազին»: Թ. Սիմոնյանի հավաստմամբ` որոշ ժամանակ անց Վ. Օհանջանյանը հրաժարվել է նաեւ բաժնեմասի դիմաց բնակարան տրամադրելուց եւ առաջարկել է փոխարենը իրեն վճարել 135.000 դոլար եւ ավարտել համագործակցությունը: Երեք կողմերի միջեւ կնքված պայմանագրում Վ. Օհանջանյանը եւ Հ. Յունեսի Հաթամզադե Նիազը պարտավորվել են որպես կանխավճար՝ Թ. Սիմոնյանին փոխանցել 40.000 դոլար: «Վ. Օհանջանյանը եւ Հ. Յ. Հ. Նիազը՝ 40.000 ԱՄՆ դոլար գումար որպես նախավճար փոխանցելուց հետո 2008թ. նոյեմբերին պարտավորվում են փոխանցել 30.000 դոլար եւ 2009թ. հունվար ամսին, առաջին աշխատանքային օրը, մուտք անել մնացած 65.000 դոլարը»,- նշված է պայմանագրի մեջ: Մինչդեռ Թ. Սիմոնյանը մինչ օրս ստացել է ընդամենը 40.000 դոլարը. «Իմ հողատարածքի դիմաց վերջնական համաձայնությունը եղել է բաժնեմասի, բնակարանի փոխարեն 135.000 դոլար: 40.000 տվել են, իսկ 95.000 դոլարը հրաժարվում են վճարել»: Ներկայումս Վ. Օհանջանյանն այդ հողատարածքի վրա 4 հարկանի բնակելի շենք է կառուցել, սակայն երեք կողմերի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները չի կատարել: Թ. Սիմոնյանը վստահ է, որ այդ խաբեությունը նրա կողմից նախապես ծրագրված է եղել, եւ Վ. Օհանջանյանն ի սկզբանե տրամադրված է եղել յուրացնել իր գույքը: Ի դեպ, Թ. Սիմոնյանի հավաստմամբ` Վ. Օհանջանյանը Պարսկաստանից Հայաստան տեղափոխվող «Սամանդ» մեքենաների բիզնեսով է զբաղվում: Նա նաեւ համատեղ բիզնես է իրականացրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, սակայն վերջերս Վ. Օհանջանյանը փորձել է նաեւ Ա. Մանուկյանին «քցել», ինչի պատճառով նախկին նախարարը հրաժարվել է նրա հետ համագործակցությունից, եւ Ոստիկանությունում այդ կապակցությամբ գործ է հարուցվել: «Վ. Օհանջանյանի եղբայրն էլ բանտում էր, նոր է դուրս եկել: Պարսկաստանից բեռներ տեղափոխելիս ինչ-որ հանցագործություն է կատարել, բայց որոշ ժամանակ նստելուց հետո ինչ-որ երաշխավորությամբ դուրս է եկել»,- պատմում է Թ. Սիմոնյանը: Վերջինս հավատացնում է, որ իր հողատարածքի դիմաց խոստացված գումարը պահանջելիս՝ Վ. Օհանջանյանն իրեն սպառնում է` «Ես մարդասպան եմ, քեզ փող չեմ տալու: Ես մարդ եմ սպանում, դնում դագաղի մեջ… Քեզ էլ կսպանեմ»: «Նա շատ է օգտագործում այդ բառը, նույնիսկ Ծաղկաձորի իր հարեւան Աշոտին ասում է` ես մարդասպան եմ, քեզ կսպանեմ, կթողնեմ, կգնամ: Ասում են` աշխարհի մեջ վատ մարդ չկա, հիվանդ մարդ կա: Հիմա էս մարդը հիվանդ է, սիրում է ուրիշին տանջել, նեղացնել, չարչարել»,- պատմում է զրուցակիցս: Այն, որ Թ. Սիմոնյանի գույքին խարդախության ճանապարհով տիրացել են` փաստ է, քանի որ գոյություն ունի եւս մեկ փոխադարձ համագործակցության պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են միացնել ավանդները, Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի փող. թիվ 7 հասցեում գտնվող հողատարածքում իրականացնել շինարարական, կառուցապատման աշխատանքներ: Պայմանագրում հստակ նշվում է, որ` «Կողմերը պարտավորվում են ներդնել հետեւյալ ավանդները. Թ. Սիմոնյանի ներդրումը ընդհանուր գործում հանդիսանում է Գ. Մագիստրոսի փող. թիվ 7 հասցեում գտնվող 0,01844 հա հողատարածքը, որի արժեքը կողմերի համատեղ որոշմամբ կազմում է 25.200.000 դրամ: Վ. Օհանջանյանի ներդրումը ընդհանուր գործում հանդիսանում է 54.000.000 դրամ գումար եւ Հ. Յ. Հ. Նիազի ներդրումը` 54.000.000 դրամ գումար»: Նույն պայմանագրով` բաժնեմասերը բաշխվում են Թ. Սիմոնյանին՝ 24%, իսկ մյուս 2 գործընկերներին՝ 38%-ի պայմանով: Պարտավորությունների խախտման, չկատարման կամ անպատշաճ կատարման, ինչպես նաեւ՝ միմյանց հասցված վնասների համար կողմերը պարտավորություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Ամբողջ խնդիրն այն է, որ թեեւ իմ իրավունքները պաշտպանող փաստաթղթերն առկա են, բայց համապատասխան մարմիններն ասում են, որ պայմանագիրը կնքելուց անհրաժեշտ էր նոտարական գրանցումը: Պարսկաստանում այդ փաստաթուղթն իրենից հիմնական ուժ է ներկայացնում եւ բոլոր դատարաններում այդ փաստաթուղթը հիմք է հանդիսանում: Ես կարծել եմ, որ Հայաստանում էլ է այդպես, այսինքն` իմ իրավունքը փաստող փաստաթուղթն այդ պայմանագիրն է: Նա էլ սուտի ընկերությամբ չարաշահելով իմ վստահությունը` խաբել է: Նա իմացել է, թե ինչ ճանապարհով կարելի է տիրանալ իմ գույքին: Այդ փաստաթղթում մանրամասնորեն ներկայացված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները մեր ստորագրությամբ, բայց արի ու տես, որ նաեւ նոտարական գրասենյակ պիտի գնայինք»,- ասում է Թ. Սիմոնյանը:
Չնայած դրան, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Թ. Սիմոնյանի հայցն ընդդեմ Վ. Օհանջանյանի եւ Հ. Յ. Հ. Նիազի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել է: Դատարանն անհիմն է համարել պատասխանող կողմի այն առարկությունը, ըստ որի՝ փոխադարձ համագործակցության պայմանագիրը կնքելիս չի պահպանվել գործարքի օրենքով սահմանված նոտարական վավերացման, ինչպես նաեւ՝ պետական գրանցման պարտադիր ձեւը: Այլ կերպ ասած` պատասխանող կողմը` Վ. Օհանջանյանի ներկայացուցիչը, պահանջել է համաձայնագրի նոտարական ձեւի բացակայության պատճառով այն չեղյալ ճանաչել: Մինչդեռ դատարանը մեջբերելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 55 հոդվածը՝ արձանագրել է, որ «Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է նոտարական պարտադիր ձեւ»: Այլ կերպ ասած` դատարանը փոխադարձ համագործակցության պայմանագիրը ճանաչել է որպես կողմերի իրավունքների եւ պարտականությունների հիմնական փաստաթուղթ: Հետեւաբար վճիռ է կայացրել հօգուտ Թ. Սիմոնյանի` «Հայցվոր Թ. Սիմոնյանի հայցը բավարարել` պատասխանողներ Վ. Օհանջանյան-Նամագարդից, Հ. Յունեսի Հաթամզադե Նիազից հօգուտ հայցվոր Թ. Սիմոնյանի բռնագանձել 29.575.000 դրամ, որից 95.000 դոլարին համարժեք 28.975.000 դրամը՝ որպես գումարի պարտք, ինչպես նաեւ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ` հաշվարկը կատարելով 28.975.000 դրամի նկատմամբ 2009թ. հունվարի 8-ից մինչեւ գումարը փաստացի վճարելու օրը»: Այնուհետեւ 2009թ. սեպտեմբեր ամսին Վ. Օհանջանյանը եւ Հ. Նիազը բողոքարկել են ՀՀ Վերաքննիչ դատարան, որի վճիռը զարմանալիորեն հակասել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռին: «Վերաքննիչ բողոքը բավարարել: Բեկանել եւ փոխել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Թ. Սիմոնյանի հայցն ընդդեմ Վ. Օհանջանյանի եւ Հ. Նիազի` 29.575.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել: Հայցվոր Թ. Սիմոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 887.250 դրամ` որպես պետական տուրքի գումար»: Աբսուրդն այն է, որ գույքը կորցնելով հանդերձ՝ Թ. Սիմոնյանը դատարանի որոշմամբ մոտ 3000 դոլարի չափով էլ որպես պետտուրք վճարել է պետբյուջե: ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ ՀՀ Վերաքննիչ դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Թ. Սիմոնյանը վստահեցնում է, որ Վ. Օհանջանյանն ամենուր հայտարարում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու համար ՀՀ Վերաքննիչ դատարանում 30.000 դոլարի կաշառք է տվել. «Ասում է` 30.000 դոլար եմ տվել, բա ի՞նչ պիտի անեին: Այդքան երկրներում ապրել եմ, բայց երբեք որեւէ երկրում չեմ տեսել, որ արդարության հասնելու համար պիտի կաշառք տաս, ամեն դուռը թակելիս պիտի կաշառք տաս, որ թուղթ ստորագրեն: Ուր մտնում ես՝ կաշառք են ուզում, էսպիսի բան չեմ տեսել: Բոլոր փաստաթղթերով ապացուցվում են իմ իրավունքները, ապացուցվում է, որ ինձ խաբել են, բայց իմ իրավունքը ոչինչ է: Փողով կարելի է վճիռ գնել: Էսքանը կորցրեցի՝ բավական չէ, դեռ մի բան էլ` 3000 դոլար բյուջե մուծեցի»: Թ. Սիմոնյանն այնքան հիասթափված է ՀՀ-ում տիրող անօրինականություններից, որ այժմ պարզապես փորձում է մյուս հողակտորները վաճառել եւ հեռանալ Պարսկաստան: «Այն գինը, որը ես վճարել եմ դրանց համար` հիմա ոչ ոք չի տալիս, հակառակ դեպքում անմիջապես կհեռանայի: Հասկանում եք, ես չէի պատկերացնում, որ Հայաստանում վերեւից ներքեւ պիտի կաշառք տաս ու խաբես: Իմ նման մեկն էստեղ չի կարող ապրել, պիտի Վահիկի պես խաբեբա լինես, որ կարողանաս: Ես տարիներ շարունակ Շվեյցարիայում եմ ապրել, ԱՄՆ-ում հսկայական ռեստորան եմ ունեցել, 120 հոգի աշխատող եմ պահել, բայց էսքան փիս, խաբեբա մարդ չեմ տեսել: Հարուստներից շատերը շատ անխիղճ ու վատ մարդիկ են, բայց խեղճ ու աղքատ, ազնիվ մարդիկ էնքան լավն են, որ ուզում են իրենց սիրտն էլ քեզ տան: Մտնում ես մեկի տուն` ինքը հաց չունի ուտելու, բայց ուզում է ամեն ինչ քեզ հյուրասիրել: Աշխատասեր են, շատ են տանջվում, բայց ոչնչի չեն հասնում: Հարուստները… կաշառք, սուտ, խաբեություն…»,- ասում է Թ. Սիմոնյանն, ով այնուամենայնիվ փորձելու է պայքարել օրինական ճանապարհով արդարության հասնելու եւ կորցրածը ետ ստանալու համար: Վերջինս նաեւ վստահեցնում է, որ Վ. Օհանջանյանի անօրինական գործողությունները մնում են անպատիժ, որովհետեւ ՀՅԴ-ում նա «պետքական» մարդ է: Այսինքն` նրան «ձեռք» չեն տալիս` ելնելով այն հանգամանքից, որ նա ֆինանսական ռեսուրսներ ունեցող կուսակցական է, որն ընտրությունից ընտրություն բավականին մեծ օգուտ է տալիս դաշնակներին: Վ. Օհանջանյանի անօրինական գործողությունների, մասնավորապես` այս դեպքի մասին քաջատեղյակ է ՀՅԴ ղեկավարությունը:
Մեր թերթի առաջիկա համարներից մեկում կանդրադառնանք այս գործով կարեւոր այլ փաստերի: