«Նոյեմբերի 8-ի ժամը 15:00-16:00-ի կողմերն էր, շենք էի մտնում, մեկ էլ տեսա՝ Արմանը կիսամերկ, շնչակտուր պադյեզդից ուզում ա դուրս գա: Վախեցա: Դաժե չմտածեցի, որ ինչ-որ բան է եղել…»,- շենքի ետնամասում պատմեց Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի բնակիչներից մեկը: Այդ օրը կատարված դեպքը ցնցել է ոչ միայն Սեւանի բնակիչներին, հարեւաններին, հարակից շենքի բնակիչներին, այլեւ ամբողջ հանրապետությունը: Նոյեմբերի 8-ին 23-ամյա Արման Թորոսյանը դաժանաբար սպանել էր ծնողներին՝ 64-ամյա Խաչիկ Թորոսյանին եւ 57-ամյա Մարիետա Թորոսյանին, որից հետո փորձել էր փախչել շենքից: Ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները, սակայն, հասցրել են կանխել երիտասարդ մարդասպանի փախուստը՝ ձերբակալելով նրան: Դեպքից հետո ԶԼՄ-ներում անմիջապես լուրեր տարածվեցին, թե երիտասարդը եղել է Եհովայի վկա, եւ ծնողներին սպանել էր Եհովա Աստծու պատվիրանով: Այս վարկածը սկսեց ակտիվորեն շահարկվել լրատվամիջոցներում: Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ արեց դադարեցնել ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանին որպես Եհովայի վկա ներկայացնելը: «Հայտնում ենք, որ այս գործով ընթանում է նախաքննություն, ինչից հետո միայն պարզ կլինի դեպքի մանրամասները»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, դեպքի առնչությամբ մանրամասներ պարզելու նպատակով մեկնեցինք Սեւան, որտեղ որոշ հետաքրքրական մանրամասներ բացահայտեցինք կատարված ողբերգության մասին:
Սեւան քաղաքի կենտրոնական շուկայի մոտ հավաքված մարդիկ այլեւս հոգնել են մատնացույց անել Նալբանդյան 33 հասցեն: Նոյեմբերի 8-ից մինչ օրս Սեւան եկող-գնացողների մեծ մասն այդ հասցեն է փնտրում: «Էն տղեն, որ ծնողներին սպանե՞լ էր: Էդ շե՞նքն եք ուզում…»,- հարցնում էին նրանք, ապա շարունակում իրենց ընդհատված զրույցը: Նալբանդյան 33 շենքը գտնվում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի Սեւանի ստորաբաժանման վարչական շենքի անմիջական հարեւանությամբ: Շենքի բակում սառույցի մի հաստ շերտ դեռ չէր հասցրել հալչել: Կյանքը ողբերգությունից հետո ընթանում է բնականոն հունով: Հարակից այգում՝ ավտոտնակների ու ծառերի արանքում, ինչ-որ մեկը ցաքուցրիվ փռել էր լվացքը: Մտնում եմ շենք: Հարեւաններից ոմանք՝ տեղեկանալով լրագրող լինելուս մասին, փակում են դռները՝ ասելով, որ այլեւս հոգնել են լրագրողներից, իսկ ոմանք էլ պարզապես չէին բացում դուռը: «Մենք խոսելու բան չունենք»,- մի տեսակ վախեցած ասաց հարեւաններից մեկն ու կրկին փակեց դուռը: Բարձրացա 3-րդ հարկ, որտեղ 10-րդ բնակարանի ցուցանակի վրա գրված էր՝ Խ. Թորոսյան: «Արման Թորոսյանի բնակարանն է: Դեպքն էլ կատարվել էր էստեղ…»։ Ինքս էլ հուզված մարդկային հրեշավոր պատմությունից, սկսեցի ուսումնասիրել հարթակը, վերլուծել հարեւանների նման պահվածքը:
3-րդ հարկի հարթակի անմիջապես վերնամասում շենքի ձեղնահարկ տանող երկաթյա աստիճաններն էին: Մի քանի լուսանկարներ անելուց հետո իջա շենքի բակ, որի ետնամասում հավաքվել էին շենքի բնակիչները: Վերջիններս կրկին փորձեցին խուսափել հարցերից, ապա խնդրեցին առանց ձայնագրիչի պատասխանել դրանց: Քիչ անց զրույցին միացան շենքի մյուս հարեւանները: Նրանց հետ զրուցելիս այնպիսի տպավորություն էր, կարծես Արմանից ամեն բան սպասելի էր: «Էրեխա ժամանակ Արմանը շատ խելոք էր: Ծնողներն էլ համեստ մարդիկ էին: Թոշակառուներ էին»,- ասացին հարեւանները՝ հանգամանորեն պատմելով Թորոսյանների ընտանիքի ողջ անցուդարձը: Ըստ նրանց՝ Թորոսյանների տուն եկող-գնացողներ չէին լինում, նույնիսկ դժվարացան հիշել, թե վերջին անգամ Թորոսյանները ե՞րբ են հյուր ընդունել: «Էդ ընտանիքի հետ ոչ մեկս մոտ չենք եղել: Բացի բարեւից, բան չենք փոխանակել»,- մերթընդմերթ կրկնում էին զրուցակիցներս: Նրանց փոխանցմամբ՝ Արմանը տանից դուրս գալու սովորություն չուներ, ինչպես ասացին՝ ամբողջ օրը տան 4 պատերի մեջ էր: «Արմանը ե՞րբ էր դուրս եկել տնից… չենք հիշում… Ամբողջ օրը տանն էր, ծնողներն էլ տնից շատ դուրս չէին գալիս: Ախր, աղջիկ ջան, էդ տղեն հոգեկան հիվանդ էր, տակուց էլ էդպիսին էր, դաժե հոգեբուժարանում էր բուժվել»,- շարունակեցին հարեւանները: Այն հարցին, թե արդյո՞ք Արմանը հարել է Եհովայի վկաների աղանդին, նրանք միանշանակ պատասխանեցին, որ 23-ամյա տղան տարիներ շարունակ տառապել է հոգեկան հիվանդությամբ, եւ աղանդավոր լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող: «Հա, էն օրը տելեվիզորով ցույց տվեցին: Ասացին՝ անուն-ազգանունդ ասա, գիտե՞ք ինչ պատասխանեց՝ Թորոսյան Արման Աստծու: Ախր, լրիվ գիժ ա, ասում են՝ Եհովայի վկա ա, բայց մենք էսքան ժամանակ չենք լսել, որ իրանց տուն Եհովայի վկաներ գան-գնան»,- նշեցին շենքի բնակիչները՝ ընդգծելով, որ Արմանը դեռ 1 տարի առաջ բուժվում էր Սեւանի հոգեբուժարանում: Բնակիչների կարծիքով՝ դեռ այն ժամանակ Արմանը հանրային վտանգ էր ներկայացնում, եւ բժիշկները չպետք է թույլ տային նրան դուրս գրվել հոգեբուժարանից: «Դեռ էն ժամանակ պիտի մտածեին էդ մասին, որ էսպիսի բան չլիներ: Ուղղակի զարմանում ենք՝ հոգեբուժարանը ո՞նց կարող էր էդպիսի հիվանդին դուրս գրել, եթե նա բոլորիս համար վտանգավոր ա»,- ավելացրեցին Նալբանդյան 33 շենքի բնակիչները: Արմանի միակ հարազատը եղբայրն է, ով այսօր բանտում է գտնվում: Հարեւանների պատմելով՝ եղբորը ժամանակին անարդարացիորեն դատել էին: «Մարիետան՝ Արմանի մայրը, մի ժամանակ դպրոցում հավաքարար էր աշխատում, հետո դուրս եկավ: Ոնց որ թիվ 2 դպրոցում էր, որը քանդեցին: Մի խոսքով՝ դպրոցից դուրս եկավ, հետո ինչ-որ խանութում էր հավաքարարություն անում: Էդ խեղճ կինն աշխատել էր, փողը չէին տվել: Դե, տղան էլ գնացել էր խանութի տնօրենի մոտ, պահանջել էր մոր աշխատավարձը: Սրանք էլի չէին տվել: Ինչ-որ վեճ ա առաջացել, իրար սկսեցին խփել: Արմանի եղբայրն էլ մի քար էր վերցրել, խփել մեկին: Մանրամասները հիմա լավ չենք հիշում, բայց եղբորը 6 տարով դատեցին… Կարծեմ՝ 2 տարին արդեն անցել ա»,- պատմեցին զրուցակիցներս: Ինչեւէ, հարեւաններին շարունակում է մտահոգել ոչ միայն Արմանի, այլեւ իրենց հետագա ճակատագիրը: Բնակիչները սարսափով են պատկերացնում, որ միգուցե շաբաթներ հետո 23-ամյա երիտասարդը կրկին վերադառնա շենք: Զրուցակիցներիս հրաժեշտ տալուց հետո նախ փորձեցի գտնել Օրենգո թաղամասը, որը, սեւանցիների փոխանցմամբ, Եհովայի վկաների հավաքատեղին է: «Դե, քաղաքից ինչ «Եհովայի վկա» գալիս ա, էդտեղ են տանում»,- ասաց սեւանցիներից մեկը: Ի դեպ, ինչպես բոլոր մարզերում, այստեղ էլ աղանդները շատ մեծ տարածում ունեն:
Օրենգոյից` ֆիննական
Մարդկային այս հրեշավոր պատմությունը սեւանցիների համար, կարծես, օրինաչափություն է: Քաղաքի ցանկացած բնակիչ՝ մեծից փոքր, կարող է աներեւակայելի պատմություններ պատմել աղանդավորականների մասին: Բնակիչներից ոմանք հիշեցին, թե ինչպես տարիներ առաջ երկու եղբայր սպանեցին իրենց ծնողներին, կամ` թե ինչպես ամուսինը սպանեց կնոջն ու հետո ինքնասպան եղավ՝ որբ թողնելով 4 երեխաներին, ովքեր, ի դեպ, որոշ աղբյուրների համաձայն, դարձան «Եհովայի վկաներ»: Հետաքրքիրն այն է, որ, ըստ Սեւանի բնակիչների, այդ մարդասպանները հարել էին «Եհովայի վկաներ» աղանդին: «Մենք արգելել ենք էդ վկաների մուտքը մեր թաղամաս»,- նշեց կանգառում կանգնած սեւանցիներից մեկը: «Ամեն կիրակի մեր Գարաժ են գալիս (Գարաժը Սեւանի թաղամասերից մեկն է.- Մ.Մ.): Գրքեր են բաժանում, ժողովներ են անում»,- ասաց սեւանցի դպրոցականներից մեկը: Եհովայի վկաները անհամեմատ շատացել են այս քաղաքում: Բնակիչներից ոմանք մեզ հետ զրույցում զարմանքով նշում էին, թե ինչպե՞ս հանկարծ աղանդները մեծ տարածում գտան նաեւ Սեւանում: Օրենգո թաղամասի բնակիչները մատնացույց արեցին այն շենքը, որի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հավաքվում են Եհովայի վկաները: Ի դեպ, նշենք, որ «Եհովայի վկաները» պաշտոնապես կոչվում են նաեւ Դիտաշտարակի կամ Դիտարանի ընկերություն, որը դեռեւս 8 տարի առաջվա տվյալներով՝ ունի 60.000 ժողով, 4 միլիոնից ավելի աշխատակիցներ եւ կամավոր օգնականներ: Նրանք իրենց կողմնակիցների շարքերն ընդլայնում են զանազան մշակույթների, կրոնների եւ ազգությունների ներկայացուցիչների հաշվին: Ընդ որում՝ կազմակերպությունն այնպիսի նշանակալի դեր է կատարում նրանց կյանքում, որ անվանում են Մայր: «Մենք պետք է ճանաչենք ոչ միայն Եհովա Աստծուն՝ որպես մեր Հայր, այլ նաեւ նրա կազմակերպությունը՝ որպես մեր Մայր» («Դիտարան», 1957թ., մայիսի 1, 274): Ինչեւէ, Օրենգոյում գտանք «եհովականների» հավաքատեղի-բնակարանը, որը, ցավոք, փակ էր: Հարեւանների փոխանցմամբ՝ բնակիչները հավանաբար դուրս էին եկել քարոզների: Այնուամենայնիվ, օրեր առաջ Հայաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հանդես եկավ նաեւ հայտարարությամբ, ըստ որի՝ Արման Թորոսյանը որեւէ առնչություն չէր ունեցել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ, իսկ «սուտ» տեղեկատվության տարածման համար նրանք մեղադրեցին լրատվամիջոցներին:
24 օր եղել է Սեւանի հոգեբուժարանում
Անկախ վերը նշված հանգամանքից, Արմանի՝ Սեւանի հոգեբուժարանում բուժված լինելու լուրը ճշտելու համար դիմեցինք Սեւանի հոգեբուժարան, որտեղից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ Արման Թորոսյանը ստացել էր 24-օրյա բուժում (2009թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 16-ը), որից հետո դուրս էր գրվել: «Արմանը շատ լավ վիճակում դուրս է գրվել: Նա հրաժարվել էր բժշկի այցելություններից»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սեւանի հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանը: Հարցին, թե Արմանի վիճակը լավ էր, այդ պատճառո՞վ դուրս գրեցին, թե՞ ծնողների միջնորդությամբ կատարվեց դա, Ա. Ալեքսանյանը նկատեց. «Միջնորդությունն ի՞նչ կապ ունի, հիվանդի վիճակը լավ ա եղել, դուրս ա գրվել»: Նրա փոխանցմամբ՝ Արման Թորոսյանի հիվանդության ախտորոշումը հետեւյալն էր՝ սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ: Ա. Ալեքսանյանի հավաստմամբ՝ հենց այս ախտորոշմամբ էլ Արմանն ազատվել էր ժամկետային զինծառայությունից: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Արման Թորոսյանի ծնողները օգնության համար ժամանակին դիմել էին Ոստիկանությանը՝ տղային Սեւանի հոգեբուժարանում տեղավորելու համար: Ի դեպ, այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Սեւանի հոգեբուժարանի փոխտնօրենը: Ըստ նրա՝ իրենք Արմանի հետ որեւէ խնդիր չեն ունեցել, եւ երիտասարդը 24 օրվա ընթացքում լավացել էր: «Եկել ա, պառկել ա, բուժվել ա, ծնողները գալիս-տեսնում էին նրան, հետո ցանկություն են հայտնել՝ տղային տանեն: Մենք պրոբլեմ չենք ունեցել նրա հետ: Մենք արտահիվանդանոցային հսկողություն ենք սահմանում, որից մայրը հրաժարվեց՝ ասելով, որ դեմ են, որ իրենց երեխան հսկողության տակ պահվի»,- ասաց հոգեբուժարանի փոխտնօրենը: Ինչեւէ, վերադարձա Երեւան: Սեւան-Երեւան հետդարձի ճանապարհին միկրոավտոբուսի ուղեւորներից երկուսը սկսեցին հանկարծ խոսել Սեւանի հոգեբուժարանի մասին: Ըստ երեւույթին՝ նրանք սերտ առնչություն ունեին հոգեբուժարանի հետ: Երկուսն էլ հիվանդ ծանոթներ ունեին այնտեղ: Իհարկե, վերջիններս, չիմանալով լրագրող լինելուս մասին, պատմեցին հոգեբուժարանի աշխատակիցների՝ այցելուներին ֆինանսապես «քերթելու», հիվանդների երկար-բարակ ցուցակների մասին, որտեղ հիվանդները նշում են իրենց սիրած սննդատեսակների անունները, եւ այլն: Եվ ուշագրավն այն է, որ հիվանդների բարեկամներից որեւէ մեկը չէր հավատում իրենց հիվանդի նման ցանկություններին:
Այն, որ հանրապետությունում հսկայական տարածում եւ իրավունքներ ունեն տարբեր տեսակի աղանդները, եւ որ դրանց տարածման գործում մեղավոր են նաեւ Հայ Առաքելական եկեղեցին եւ իշխանությունները` դա միանշանակ է: Փաստ է նաեւ այն, որ աղանդները կործանիչ դերակատարում ունեն երկրի եւ մարդու կյանքում, որի բազմաթիվ դեպքերի ականատեսն ենք մշտապես դառնում: Սակայն ճիշտ չէ հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած բան վերագրել այդ աղանդներին` կոծկելով կամ ուղղորդելով հանցագործության բուն պատճառները: Հոգեկան ծանր հիվանդը, որ հասարակության, շրջապատի համար վտանգավոր է եղել, կատարել է դժոխային մի հանցագործություն: Կրկին հիշեցնենք, որ տղայի մայրը մինչ դեպքը դիմել էր Ոստիկանությանը` որդուն կրկին հոգեբուժարան տեղափոխելու նպատակով: 23-ամյա Արման Թորոսյանին հոգեբուժարանի կողմից տրված` սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ ախտորոշումը սուր փսիխոզի դրսեւորման ձեւերից մեկն է, որը ենթադրում է սուր կասկածամտություն, սուր հալյուցինացիաներ, եւ այլն: Փաստորեն, հոգեբուժարանում գտնվելու ընթացքում դեղորայքի ազդեցությամբ տղայի վիճակը ժամանակավորապես լավացել է, սակայն բուժումը հետեւողական չի եղել, դադարեցվել է, ինչի պատճառով այն կրկնվել է: Հաշվի առնելով այդ ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, հասկանալի է դառնում, թե նաեւ ինչը կարող էր բուժումը դադարեցնելու պատճառ հանդիսանալ: Ինչեւէ, որեւէ եզրահանգում հնարավոր չէ անել կատարվածի շուրջ. առայժմ պետք է սպասել դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին: