«Գիտակցականով» փոխնախարարը

18/11/2010

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որտեղ Երեւանի պետական համալսարանի ուսանողները դժգոհում են բուֆետի, պատճենահանման եւ սուրճի սարքերի բարձր գներից: Ըստ հրապարակման` ԵՊՀ այդ բիզնեսները պատկանում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանին: Երեկվա ասուլիսում Արսեն Քարամյանը անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին` ասել է. «Հիշյալ ցածր որակի հրապարակումներն ինձ մոտ ժպիտ են առաջացնում: Ես չունեմ բիզնես, բայց նաեւ ապահովված մարդ եմ: Գիտե՞ք ինչու, որովհետեւ իմ գիտակցականը շատ բարձր է: Եղա՞վ»: Նա նաեւ «բացահայտել» է, թե նման լուրեր տարածում են համալսարանական կոռումպացված համապատասխան չինովնիկները. «Մարդիկ, ովքեր վախենում են, որովհետեւ, երբ որ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը հրապարակային ելույթի ժամանակ ասում է՝ կեցցե՛ այն համալսարանը, որ վա՛ղն է գալու, մարդիկ վախենում են այդ գաղափարից՝ որ վաղվա համալսարանն այդպիսին չի կարող լինել, իսկ վաղվա համալսարանում իրենք տե՛ղ չեն ունենալու»: