«Արի բանկ»

18/11/2010

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է Համահայկական բանկի կառավարչի պաշտոնի համար հրավիրել սփյուռքահայ տնտեսագետներից կամ բանկիրներից որեւէ մեկին: Այնպես, ինչպես Հայաստանի չափանիշներով աննախադեպ բարձր աշխատավարձերով աշխատանքի հրավիրեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանին ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանին: Այդպիսով, Տ.Սարգսյանը ցանկանում է ստանալ սփյուռքի վստահությունը` նրանցից Համահայկական բանկի միջոցով ներդրումային խոշոր գումարներ ներգրավելու եւ դրանք ոչ այնքան գրավիչ ոլորտներ` հիմնականում ենթակառուցվածքային նշանակություն ունեցող բնագավառներ ուղղելու համար: Նման ներդրումներն, ինչպես հայտնի է, այնքան էլ արդարացված չեն զուտ բիզնեսի տեսանկյունից: Իսկ մեր իշխանություններն ու նրանց հովանավորյալ օլիգարխներն իրենց գումարներն ուղղում են արագ վերադարձ ապահովող, հիմնականում` ներմուծումների ոլորտներ, եւ չեն ուզում ռազմավարական նշանակության, եկամտաբերության տեսանկյունից երկարաժամկետ վերադարձելիություն ապահովող ներդրումներ կատարել: