Իրավաբանի անկյուն

18/11/2010

Հարց

2008թ. դիմել եմ նոտարական գրասենյակ՝ օրենքով սահմանված կարգով, որպես առաջին հերթի ժառանգ հորս սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Նորքի փողոցում գտնվող տունը ժառանգելու նպատակով: Սակայն նոտարական գրասենյակը հրաժարվեց ընդունել ժառանգությունն ընդունելու մասին իմ դիմումը հետեւյալ պատճառաբանությամբ. համաձայն վերը նշված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի (տրված՝ 31.10.1997թ.-ին) հորս ազգանունը սխալմամբ է գրվել: Մասնավորապես, Գ. Սուքիասյանի փոխարեն՝ գրված է Գ. Սուքասյան: Ինչպես կարող եմ վարվել տվյալ դեպքում, որպեսզի կարողանամ ստանալ ինձ հասանելիք ժառանգությունը:
ք. Երեւան, Վ. Սուքիասյան

Պատասխան

Հարգելի՛ ընթերցող,
Նախ անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք գոյություն ունեն նաեւ այլ փաստաթղթեր, որում ճիշտ է նշված ձեր հոր անուն-ազգանունը: Այդպիսի փաստաթղթերի շարքին կարող են դասվել նրա մահվան վկայականը, ամուսնության վկայականը, ձեր անձնագիրը, եթե ունեք քույր եւ եղբայր, ապա վերջիններիս անձնագրերը նույնպես: Եթե սխալը գրառված է միայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի մեջ, ձեր կողմից պետք է ապացուցվի այն փաստը, որ դուք հանդիսանում եք` անձնագրով, հետեւապես եւ՝ մահվան վկայականով Գ. Սուքիասյանի, բայց սեփականության իրավունքի վկայականում սխալ գրանցված Գ. Սուքասյանի որդին: Դուք պետք է դիմում ներկայացնեք դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով, մասնավորապես, Վ. Սուքիասյանի եւ Գ. Սուքասյանի ազգակցական կապը հաստատելու մասին: Ընդ որում, դատարանի կողմից Վ. Սուքիասյանի եւ Գ. Սուքասյանի ազգակցական կապի հաստատումը ձեզ անհրաժեշտ է հետեւյալ պատճառաբանությամբ՝ միայն դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել ՀՀ նորմատիվ իրավական ակտերով ամրագրված ձեր իրավունքը, այն է՝ ձեր հորը պատկանող ամբողջ գույքն իր մահից հետո որպես վերջինիս առաջին հերթի ժառանգ՝ ժառանգելու իրավունքը, դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող այս փաստի հաստատումը հիմք կհանդիսանա ձեր՝ որպես քաղաքացու, գույքային իրավունքի ծագման համար, այն է՝ սեփականության իրավունքի ձեռք բերումը, եւ դրա իրականացումը ՀՀ օրենդրության պահանջներին համապատասխան, եւ վերջապես, դուք հնարավորություն չունեք այլ կարգով uտանալու իրավաբանական նշանակություն ունեցող այդ փաuտը հավաuտող պատշաճ փաuտաթղթեր:

Հարգելի ընթերցող, «168 Ժամում» մեկնարկած «Իրավաբանի անկյուն» խորագրի նյութերը պատրաստում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ): Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԵԻԱ-ի Երեւանի հակակոռուպցիոն կենտրոն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից), կամ զանգահարել անվճար թեժ գիծ` 0-8000-11-10 հեռախոսահամարով: Խորագիրն այսուհետ լույս կտեսնի յուրաքանչյուր հինգշաբթի: Կներկայացնենք նաեւ ՀԵԻԱ-ի շնորհիվ քաղաքացիների` ոտնահարված իրավունքների վերականգնման մասին հաջողված որոշ պատմությունները: ՀԵԻԱ-ն նաեւ անվճար իրավաբանական ծառայություն կմատուցի «168 Ժամին» դիմած քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնց խնդիրներին թերթն անդրադարձել է: ՀԵԻԱ-ն գործարկում է թվով 9 Շահերի պաշտպանության եւ աջակցության (հակակոռուպցիոն) կենտրոններ եւ ընդունարաններ Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աշտարակ, Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում: