Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ-խմբագիր
Մայքլ Բոբելյանն իր «Հայաստանի երեխաները. մոռացված Ցեղասպանություն եւ դարավոր պայքար հանուն արդարության» տեղեկություններով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան հայտնի փաստեր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերի երկարատեւ պատմության մասին: Բոբելյանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն ակնհայտ հակասությունն է, որը գոյություն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի` ամերիկահայ համայնքին տված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստման եւ նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնության միջեւ: Մինչեւ 1988թ. նախագահ առաջադրվելը, փոխնախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված Ցեղասպանությունը` վերապրողների, գիտնականների, ինչպես նաեւ այն ժամանակվա մեր ներկայացուցիչների վկայությունների հիման վրա, եթե մենք ցանկանում ենք երաշխավորել, որ նման սարսափներ այլեւս չեն կրկնվի»: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման խոստում էր տվել: Սակայն 1989թ. հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հանձնառությունը եւ ակտիվորեն փորձեց համոզել ԱՄՆ Կոնգրեսին՝ չճանաչել այն: Ընտրվելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին եւ Ջորջ Միտչելին, նաեւ կոնգրեսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբհարդին, Ժանետ Մալինսին եւ Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւի նկատմամբ իր ընդդիմության մասին: Նախագահ Բուշը 1990թ. ապրիլի 20-ին` «Հայոց հիշատակի օրը», հանդես է գալիս իր միակ «Նախագահական ուղերձով», սակայն, չօգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նա խոսում է այն մասին, որ հայերը «… 1915-1923թթ. սարսափելի կոտորածներից տառապել են Օսմանյան կայսրության իշխանավորների ձեռքից: ԱՄՆ-ը մարդկության դեմ կատարված հանցագործության զոհերին արձագանքել է միջազգային դիվանագիտական եւ մասնավոր օգնություն ցուցաբերելու ջանքերով… Ջարդերի 75-ամյակի առթիվ կցանկանայի միանալ հայ ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներին` 1990թ. Ապրիլի 24-ը նշելով որպես հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել հետագայում կանխել բոլոր դաժան գործողություններն ընդդեմ մարդկության: 1988 թվականի հունիսի իմ տեսակետներն իմ խորը զգացմունքների արտահայտությունն են հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների հանդեպ»:
Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրություններ էին ներկայացնում, թե ինչու են Միացյալ Նահանգների վերջին նախագահները (բացառությամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց խոստումները: Բոբելյանը բացահայտել է, որ 1987թ.` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տված խոստումից մեկ տարի առաջ, ԱՄՆ-ը ու Թուրքիան համակողմանի ռազմական եւ տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ ամերիկյան կառավարությունը պարտավորվել էր ընդդիմանալ ցանկացած «անտեղի գործողությունների», օրինակ` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւին: 1987թ. մարտի 16-ին Պետդեպարտամենտում ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ պետքարտուղար Ջորջ Շուլցը եւ Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980թ. մարտի 29-ից գործող Պաշտպանության եւ տնտեսական համագործակցության երկկողմ պայմանագիրը մինչեւ 1990թ. դեկտեմբերը երկարաձգելու մասին: Ըստ այդ պայմանագրի, ԱՄՆ-ը պարտավորվում էր բարձր մակարդակի ռազմական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Առավել նշանակալից էր, որ Վաշինգտոնը համաձայնել էր «վճռականորեն ընդդիմանալ անտեղի գործողություններին, որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա առողջ հարաբերություններին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցությանը կամ Թուրքիայի անվտանգության ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնված թուրքական զինված ուժերի կարիքների վրա»: Երբ 1985թ. ավարտվեց 1980թ. կնքված պայմանագրի ժամկետը, Թուրքիայի կառավարությունը դրա նորոգման բանակցությունները խորամանկորեն երկարաձգեց` անընդհատ ավելացնելով իր պահանջները Միացյալ Նահանգներից: Երկու տարի տեւած դիվանագիտական մի շարք փոխանակումներից հետո թուրքական կողմին հաջողվեց հավելյալ զիջումներ կորզել ԱՄՆ-ից, այդ թվում պարտավորություն` խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերը:
1988թ., երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանության մասին, պետք է քաջատեղյակ լիներ, որ 1987թ. ԱՄՆ-ը արդեն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտավորվելով «վճռականորեն հակազդել անտեղի գործողություններին», որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: 1981թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից եւ 1975 ու 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչման երկու բանաձեւերից հետո, Թուրքիայի կառավարությունը լուրջ հիմքեր ուներ պնդելու, որ 1987թ. պայմանագրում նշվի Հայոց ցեղասպանության հետագա ճանաչումը խափանելու մասին:
Թուրքական խաղը հաջողվեց: Դրժելով հայկական համայնքին տված իր խոստումը, 1990թ. նախագահ Բուշը կարողացավ Սենատում կանխել Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը:
Թարգմ.՝ Ռ.ԱՎԱԳՅԱՆԻ