Հին ու նոր մարմիններ

18/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մարմին. Նոր պատկերային արվեստ Հայաստանում» ցուցահանդեսը, որը նոյեմբերի 15-ին բացվեց Նկարիչների միության շենքում, երկար է նախապատրաստվել, լայնորեն գովազդվել է եւ իր վավերացումն է ստացել որակյալ տպագրված կատալոգի տեսքով:

Ցուցահանդեսի 5 կուրատորները` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արման Գրիգորյանը, Արեւիկ Արեւշատյանը, Դավիթ Կարեյանը փորձել են անցյալից ու ներկայից վեր հանել այն կերպարային գործերը, որոնք ցուցադրում են մարդու մարմինն ու մերկ մարմնի ընկալման հետ տեղի ունեցած մետամորֆոզները: Գրեթե 100-ամյա պատմական շերտից ընտրվել են ինչպես դասական նկարիչների (Վարդգես Սուրենյանց, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Ռուբեն Նաքյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Գրիգորյան), այնպես էլ արդի նկարիչների ստեղծագործությունները: Մատիտանկարների, յուղաներկերով արված գործերի, քանդակների կողքին հայտնվել են վիդեոինստալյացիաներն ու լուսանկարները, որոնք մենք սովոր ենք տեսնել միայն մարգինալ ցուցադրման հարթակներում (մարզային բիենալեներում կամ էլ միակ ազատ հարթակը համարվող ՆՓԱԿ-ում): Եվ այժմ (օ՜, զարմանք) դրանք հայտնվել են դասական նկարիչների տարածքում ու առանց որեւէ ներքին դիմադրության (կամ էլ թեկուզ` երկխոսության) կողք կողքի են կախվել: Որպես փաստ: Որպես համատեղելիության վարկած:

Ժամանակակից մեդիա լեզվով ասած` «Մարմին. Նոր պատկերային արվեստ» ցուցահանդեսը հայաստանյան իրականության մեջ էքսկլյուզիվ գործ է արել` հավասար պայմաններ է տրամադրել կերպարային արվեստի բոլոր ժանրերի ու տարիքային խմբերի համար: Եվ հենց միայն այս փաստն է գրավում այցելուներին: Օրինակ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի 40 տարի առաջ արված բնորդուհիների գծանկարների կողքին Վահագն Ղուկասյանի մերկ տղամարդու հսկայական էքսպրեսիվ պորտրետը տեսնելն իրոք ուշագրավ է, կամ էլ զուտ որպես փաստ՝ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են պատերից իրար «նայում» երիտասարդ լուսանկարչուհի Սվետլանա Անտոնյանի մերկ, կծկված, սեփական մարմնի հետ պայքարող կանայք ու Արամ Իսաբեկյանի դեկորատիվ գեղեցկուհիները: Հակոբ Հակոբյանի զուսպ ու նորարար կերպարների կողքին Թենի Վարդանյանի պայծառ երեւակայական էակներն են, որոնք համադրվում են մասսայական արվեստին հատուկ իրերի պատկերների մեջ: Մի անկյունում աշխատում է մոնիտորը, որի վրա արվեստագետների նոր սերնդի աշխատանքներն են, իսկ դրանց կողքին` Ալեքսանդր Գրիգորյանի մարմնեղ ու գունեղ կանայք են: Բոլորը միասին են, սակայն, միեւնույն ժամանակ` առանձին:

Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից, որոնք տարբեր հնչողություն ու նպատակ ունեն: Սակայն քանի որ կուրատորներն իրենց նախագծերը միտումնավոր իրարից չեն զատել, ապա այդ «մարմնային» ցուցահանդեսը հարկ է ընկալել որպես ամբողջություն: Եվ հենց այս կետում էլ այցելուների մոտ տարբեր հարցեր են ծագում: Արդյոք այս ցուցահանդեսն իրար մեջ ներթափանցող ու կոմֆորտով իրար մեջ տեղավորվող գաղափարների հարթա՞կ է, թե՞ այսուամենայնիվ` այն տարբեր, շատ հաճախ՝ նաեւ իրարամերժ դիտակետների բախման դաշտ է: Որոշ նախագծեր այնքան ինքնաբավ են, որ բնավ էլ «հարեւան» նախագծերի կարիքը չունեն, քանի որ ոչ մի կերպ իրար հետ չեն առնչվում (բացի իրար կողքի հայտնվելու աննախադեպ փաստից):

Արեւիկ Արեւշատյանն, օրինակ, հետազոտել է կանանց արվեստը ու կանացի կերպարների վերափոխմանն է հետեւել: «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագիծն ամենահաջողվածներից է, իսկ կանանց հայացքը շատ դեպքերում առավել սուր ու դիպուկ է: Չէ՞ որ ամենից շատ մեր օրերում շահագործվում է հենց կանանց կերպարը, որը դառնում է սպառողական փաթեթավորում ու փորձում է դուրս գալ այդ դերից (Կարինե Մացակյան), վերածվում է ինքնասուզման (Նանա Արամյան), ծայրահեղ ինքնամերկացման (Անիտա Առաքելյան), կամ էլ ավանդույթների հետ խաղալու առիթ է դառնում (Աստղիկ Մելքոնյան):

«Ֆրոնտալ մերկություն» նախագծի համադրող Արման Գրիգորյանն ընդգծում է, որ մերկ մարմնի անթաքույց ցուցադրումը ամենամեծ արժանիքն է, քանի որ մերկությունը անհատականացման կարեւոր փուլ է, եւ հենց այդ կետով էլ անցնում են հասարակական խրամատները: «Անկախ հասարակություն» կտավում Ա. Գրիգորյանը պատկերել է բրենդային ապրանքանիշերով լցված փողոցն ու մերկ քաղաքացիներին, որոնք գիտակցում են, որ իրենց մերկ մարմինը միակ սեփականությունն է, որն իրոք իրենցն է: Այս նախագծում մարմինը դիմադրում, ապստամբում ու ցավ է պատճառում: Իսկ Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» նախագծում հավասարության նշան է դնում մարմնականի ու հոգեւորի միջեւ, ընդգծելով, որ մարմինը ոչ պակաս խնամքի ու հարստացման կարիք ունի, քան հոգին:

Ամենաանհասկանալի կոնցեպտը առաջադրվում է «Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան), որը թեեւ գործ ունի հարուստ անցյալի հետ, սակայն ընտրության ու ներկայացման ձեւերով անհամեմատ զիջում է արդի արվեստի դաշտում աշխատող համադրողների նախագծերին (ասենք, նույնպես դասական համարվող «պոպ-արտին», լուսանկարչական էսքիզներին ու վիդեոպատումներին): Տեսություն դառնալու համար այդ նախագծին պակասում են պատմական ակնարկները: Չէ՞ որ գեղեցիկ կանացի կերպարներից բացի, մեր արվեստի պատմությունը շատ էջեր է ունեցել, որտեղ հենց գեղեցկության չափանիշներն են փոխվել, այլ ոչ թե դրանք սոսկ ակադեմիական արվեստի շարունակությունն են եղել: Հետաքրքիր կլիներ, օրինակ, տեսնել հենց սովետական տարիների «մերկերի» պատկերները, որոնք նոր` աշխատավոր կնոջ տիպարն էին շահագործում: Սակայն այդ դեպքում համադրողներն իրոք պետք է հետազոտություն կատարեին թանգարանների պահոցներում, իսկ դա, որքան հայտնի է, անհնար գործ է: Ազատ կուրատորը թանգարանների կառույցների հետ շփման եզրեր գրեթե չունի եւ ստիպված է սահմանափակվել միայն իր ընկերների կամ ծանոթների գործերով: Կամ էլ միգուցե չի՞ ուզում առավել աշխատատար գործ անել` սուզվելով արխիվների մեջ: Մինչդեռ պետք է նշել, որ հենց «Մարմին» խորագիրն է դրդում արխիվային նյութի հետ աշխատելուն:

Ժանրային տարբեր գործերն ու տեխնիկաները համախմբելով չափազանց ընդգրկուն «Մարմին» թեմայի հարկի տակ, ցուցահանդեսի հեղինակները, թերեւս, ամենաշատը ցանկացել են ապացուցել, որ մեր արվեստի պատմությունը, բազմաժանր լինելով հանդերձ` միեւնույն ժամանակ` ազատական է: Չէ՞ որ շատ բան կոնցեպտի մեջ ներկայացվում է որպես խիզախություն, ճնշմանը դիմակայելու պահանջ: Եվ առաջին հերթին խիզախություն է համարվում հենց սերնդային կապի ու մերկ մարմնի ցուցադրման փաստը (Ա. Գրիգորյանն, օրինակ, նշում է, որ մերկ մարմնի ցուցադրումը արդեն իսկ հեղափոխության պես բան է): Այսինքն` ցուցահանդեսը ներկայացվում է որպես ռադիկալ ու սոցիալական դերակատարություն ունեցող մի նախաձեռնություն, սակայն իրականում այն այնքան հանդարտ, հանգիստ ու պրեզենտացիոն բնույթ ունի, որ հանգիստ սրտով կարելի է անվանել «Կոնֆորմիզմ` մարմնի թեմայով»: Համադրողները, կարծես, որոշել են կանգ առնել ճանապարհի կեսին ու իրենք իրենց հրահանգել` հանկարծ սահմանը չանցնենք…: Մարդու մարմինը արխաիկ, տեխնոգեն, վիրտուալ տարածքներում տեղադրելով՝ համադրողները, վերջիվերջո, ոչ թե «մերկացրել» են մարմնի ընկալման հետ կատարվածը, այլ, ընդհակառակը, թաքցրել են այն: Եվ այդ «թաքցնելը» նրանք ներկայացնում են որպես «ազատականություն» (հենց այդ բառն է անընդհատ շեշտվում համադրողների կոնցեպտներում): Դահլիճում շրջելիս եւ բազմաժանր ու բազմասերունդ ստեղծագործողների աշխատանքների կողքով անցնելիս նույնիսկ զարմանում ես, թե ինչպե՞ս են կարողացել աշխատանքներն այնպես ներկայացնել, որ կոնտրաստի, ընդվզումի, ներքին վեճի նշույլ անգամ չի մնացել: Հաղթող ու հաղթահարվող մարմնի գաղափարն ինքնին պետք է սուր հարցադրումներ առաջացնի: Թեկուզեւ` կեղծ բարեպաշտության, սեռականության հանդեպ տագնապի, «ներքին կռվի», վերջիվերջո` սեւազգեստ, մուգ ապակիներով պատված մեքենաներով տեղաշարժվող «ռաբիս» հասարակության համար «ապտակի» դեր կատարի: Եթե ազատական ես, ուրեմն մինչեւ վերջ պետք է ազատական լինես, այլապես ստացվում է, որ արվեստի գործիքը ձեռքդ վերցնելով` միայն խոսում ես ճնշումներին դիմակայելու ու զոհ չդառնալու մասին, իսկ գործիքդ այդպես էլ չես բանեցնում:

Այս ցուցահանդեսը կարելի է դիտել (որոշ գործեր հավանել, որոշ գործեր էլ անտեսել), սակայն այն լուրջ բանի մասին մտածելու չի դրդում: Պարզապես պատկերային պրեզենտացիա է: