Դատական քաշքշուկներ «Facebook»-ում

18/11/2010

Միացյալ Նահագներում դատարանի առջեւ է կանգնել մի կին, ով «Facebook» սոցիալական ցանցի միջոցով իր որդու դասընկերոջն է ուղարկել իր մերկ լուսանկարները: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Տեխասում: 37-ամյա Լորի Դարլինգ Դեւիդը սիրախաղի նպատակով որդու 16-ամյա դասընկերոջն է ուղարկել իր մերկ նկարները: Իսկ երբ տղայի ծնողներն իմացել են այդ մասին, հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ 37-ամյա կնոջ: Իրավապահ մարմինները ձերբակալել են կնոջը «անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների» մեղադրանքով:

Լորի Դարլինգ Դեւիդը 200.000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն դատական գործընթացն ավարտված չէ, եւ 37-ամյա կինը կարող է դատապարտվել ազատազրկման: Իսկ նորզելանդական արդարադատությունը դատապարտել է 20-ամյա Ջոշուա Սայմոն Աշբիին. «Facebook» սոցիալական ցանցում իր ընկերուհու մերկ լուսանկարները տարածելու համար նա դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման:

Վելինգտոնի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ երիտասարդը փորձել է փակել դեմքը` լրագրողներից խուսափելու համար: Սակայն դատավորը պարտադրել է նրան չփակել դեմքը` կարգադրելով լուսանկարել երիտասարդին: