«Բուհերում համատարած կոռուպցիա է»

18/11/2010

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե կրթական համակարգի ամենամեծ խնդիրը կոռուպցիան է, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց սայլը տեղից չի շարժվում. «Բուհերում համատարած կոռուպցիա է: Որակյալ կրթությունը, համակարգի բարելավումը եւ ամեն ինչը հենց կախված է այդ բուհական կոռուպցիոն երեւույթներից»: Ըստ նրա` ուսանողական խորհուրդները շատ կարեւոր գործառույթ են իրականացնում, այլապես ուսանողների շահերը անընդհատ կոտնահարվեին. «Վերջին ամսվա ընթացքում, երբ փոխատեղման (ռոտացիայի) հարցերն էին քննարկվում, խայտառակ փաստաթղթեր էին գալիս ֆակուլտետներից: Չեմ ասում, թե միտումնավոր, բայց փաստն այն է, որ դեկանատների, դասախոսների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով կենտրոնական մանդատային հանձնաժողով բազմաթիվ դիմումներ էին եկել, եւ եթե չլիներ ուսխորհուրդը, ապա շատ ուսանողներ ուղղակի անուշադրության կամ ինչ-ինչ այլ պատճառներով դուրս կմնային անվճար համակարգից, որովհետեւ շատ ժամանակ ուսանողները ճիշտ ժամանակին հանձնում են քննությունը, բայց պարզվում է, որ վեդոմոստում լուծարքով է գրանցված»: Իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Էմին Թորոսյանն էլ ընդգծել է, թե ուսանողների ամենամեծ հարցը սոցիալական խնդիրներն են. «Այսօր, ինքներդ գիտեք, կարող եմ մեր բուհի օրինակով ասել, որ շատ ուսանողներ՝ լավ ուսանողներ, ընդունվում են ինստիտուտ վճարովի համակարգում, բայց ֆինանսական խնդիրներ ունենալով ու չկարողանալով վճարը մուծել՝ դուրս են մնում բուհում սովորելու հնարավորությունից»: