Հակադարձել են ՎՊ-ին

16/11/2010

«Վերահսկիչ Պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից եւ խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ Պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը»,- այդ մասին ասված է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության` երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ: ՎՊ-ն լիազորված է իրականացնել ստուգումներ միայն պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ եթե նման ստուգումների ընթացքում անհրաժեշտություն է ծագում վեր հանելու որոշակի հարցեր մասնավոր սուբյեկտի մոտ, ապա ՎՊ-ն լիազորված է իրականացնել միայն հանդիպակաց ստուգում. ընդ որում` հանդիպակաց ստուգումը կարող է կատարվել միայն նման որոշակի հարցերի շրջանակներում: Միաժամանակ, մասնավոր անձանց մոտ հանդիպակաց ստուգման ընթացքում, ՎՊ-ն իրավունք չունի անդրադառնալ բյուջետային մուտքերին վերաբերող հարցերին եւ նրանց առաջադրել ֆինանսական պարտավորություններ: