Մեր տեղեկություններով՝ ՀՀ Վերահսկիչ պալատն Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ծառայությունում վերջերս իրականացրած ստուգումների ժամանակ այլ խախտումների հետ մեկտեղ՝ հայտնաբերել է նաեւ մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել: Բնականաբար, կենսաթոշակները անդրշիրիմյան աշխարհ չեն «փոխանցվել», այլ ուղղորդվել են կոնկրետ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին՝ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գրպանները: Եվ այն, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ստուգումների ժամանակ Վ.Խաչիկյանը սրտի նոպա է ունեցել, պայմանավորված է հենց այդ ցուցակի բացահայտմամբ: Հիշեցնենք, որ ՎՊ կատարած ստուգումներից հետո ՀՀ կառավարությունն այդ գերատեսչությունում փակեց վճարումների ծառայությունը եւ կենսաթոշակների բաժանման գործառույթը փոխանցեց «Հայփոստին»: Բացի այդ, որոշվեց, որ կենսաթոշակառուները պետք է հաշվեհամար ունենան եւ թոշակները ստանան քարտային համակարգով: