Նոյեմբերի 17-ին Մոսկվայում նախատեսված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` տեղեկացնելով նաեւ, որ նոյեմբերի 18-ին Դ. Մեդվեդեւը Բաքվում մասնակցելու է մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը: Ի դեպ, Ս. Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու այսօր: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը: Ի դեպ, Ս. Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաեւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին: