Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է Ախալքալաք, որտեղ մասնակցել է 203 կմ երկարություն ունեցող ճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում, այն երկրի կենտրոնական շրջանները կապում է Հայաստանի եւ Թուրքիայի հետ: Դիմելով Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված տեղի բնակիչներին` Սահակաշվիլին նախ հայերեն ասել է. «Բարեւ ձեզ, եղբայրներ եւ քույրեր: Շնորհավորում եմ ձեզ` մեր պայմանավորվածությունների, ձեր երազանքի կատարման առթիվ: Այսօր մեծ օր է ողջ Վրաստանի համար»: Այնուհետեւ, արդեն վրացերենով, Վրաստանի նախագահը շարունակել է. «Սա շատ ուրախալի եւ պատմական օր է Վրաստանի համար: Վերջին մի քանի դարերի ընթացքում մեր երկրում 3 ճանապարհ է կառուցվել: Առաջինը Ռազմա-Վիրական ճանապարհն էր, որի նպատակը Վրաստանն ու ողջ Կովկասը անկախությունից զրկելն էր: Երկրորդը` Ռոքի լեռնանցքն էր: Դրա գործարկումը նպատակ ուներ կտրել այս տարածաշրջանի կապերը հարեւան մյուս շրջանների հետ: Այդ ճանապարհը խաթարեց պատմական կապերը: Այս երրորդ ճանապարհը Ռոքի թունելի հակապատկերն է: Սա Վրաստանի միավորման ճանապարհն է, սա ուղի է, որը տանում է մեզ դեպի Վրաստանի միավորումը»: Անդրադառնալով ջավախահայության խնդիրներին` Սահակաշվիլին ասել է. «Տարիներ շարունակ ճանապարհների վատ վիճակի պատճառով այս շրջանը գործնականում կտրված էր կյանքից: Նախորդ կառավարություններն անում էին ամեն ինչ, որպեսզի շրջանը անտեսված ու օտարված մնա: 2004-ից, սակայն, իրավիճակը փոխվել է»: Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք նորաբաց ճանապարհի շինարարության արժեքը կազմել է 209 մլն ամերիկյան դոլար: Շինարարությունը տեւել է մոտ 2 տարի: Եթե նախկինում ավտոմեքենայով Թբիլիսիից Ախալքալաք ճանապարհը մոտ 8 ժամ էր տեւում, ապա այս նոր մայրուղու գործարկումից հետո մայրաքաղաքից հայաբնակ Ջավախք հասնելու համար ընդամենը երկուսուկես ժամ կպահանջվի: