Երեկ տեղի է ունեցել ««Եդինայա Ռոսիա» խմբակցության նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ երկրների գծով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին պաշտոնանկ անելու մասին Պետդումայի որոշման նախագիծը: Այդ մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել: Իսկ Զատուլինի պաշտոնն իջեցնելու պատճառ կարող են հանդիսանալ նրա տարաձայնությունները բարեկամական երկրների իշխանությունների հետ: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներից մեկին ասել է Դումային մոտ կանգնած աղբյուրը: Նշենք, որ հոկտեմբերին Զատուլինը քննադատական ելույթ էր ունեցել իշխող «Ռեգիոնների կուսակցության» հասցեին` Ղրիմի ընտրությունների վերաբերյալ արտահայտվելով Սերգեյ Ցեկովի «Ռուսկոյե եդինստվո» կուսակցության օգտին` հաշվի առնելով իրենց հին ընկերական հարաբերությունները: Նրան նաեւ persona non grata են հայտարարել Ադրբեջանի իշխանությունները՝ այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին նա որպես դիտորդ մեկնել էր ԼՂ, որտեղ անցկացվում էին խորհրդարանական ընտրություններ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Զատուլինի կոնֆլիկտայնությանը լավ չեն վերաբերվում ոչ նախագահի ադմինիստրացիայում, ոչ ԱԳՆ-ում եւ ոչ էլ Դումայի կոմիտեում: Բացի այդ, նա Լուժկովի թիմից է եղել եւ հրապարակայնորեն գովերգում էր նրան՝ նաեւ նրա պաշտոնանկությունից հետո: