Հետախուզություն՝ հանրաքվեից առաջ

21/10/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Շաբաթվա կարեւորագույն ներքաղաքական իրադարձությունները երկուսն էին. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում, ըստ էության, ոչ մի անակնկալ չարձանագրվեց։ Այսինքն, արդյունքները տեղ-տեղ գուցե անակնկալ էին, բայց ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, ինչպիսին եւ սպասվում էր։ Մրցակցությունն ընթանում էր թեկնածուների եւ նրանց սատարող քաղաքական (կամ տնտեսական) կլանների միջեւ։ Սխեմաները մի քանիսն էին` «Հանրապետականը «Ժողպատգամավորի» դեմ», «բոլորը հանրապետականների դեմ», «երկրապահները դաշնակցականների դեմ» եւ այլն։ Առանձին համայնքներում, իհարկե, կրակոցներ հնչեցին, եւս մի քանի համայնքներում էլ կհնչեն առաջիկա կիրակի, բայց դրանք մանրուքներ են, որոնց մեր հասարակությունն արդեն սովորել է։ Կարեւորը` որ միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունները։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա այստեղ քաղաքական ուժերն առայժմ զբաղված են իրենց դիրքորոշումները հստակեցնելով։ Հոկտեմբերի 18-ին Հայաստանի 22 քաղաքական կուսակցություններ եւ մոտ 200 հասարակական կազմակերպություններ ստորագրեցին մի հայտարարություն, որով պատրաստակամություն են հայտնում համատեղել իրենց ջանքերը` սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում։ Իհարկե, այս փաստն ինքնին իր մեջ հումորի տարրեր է պարունակում, որովհետեւ նույնիսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ստիպված եղավ խոստովանել, որ այդ 22 կուսակցությունների մեծ մասին ծանոթ չէ, բայց քարոզչությունը մնում է քարոզչություն։ Համենայն դեպս, այդ կուսակցությունների ներկայացուցիչները խիստ հանդիսավոր քայլերով էին մոտենում Մհեր Շահգելդյանին ու ստորագրում հայտարարության տակ։

Այսպես թե այնպես, «այո»-ի քարոզչությունն ամուր հիմքերի վրա է դրված։ Մտավորականների, ճանաչված երգիչ-երգչուհիների եւ փորձառու տատիկների «համընդհանուր զորահավաքը» հայտարարված է, քարոզչական տեսահոլովակները պատրաստ են, եւ այլն։ Նույնիսկ հայտնի է «այո» ապահովելու համար անհրաժեշտ մոտավոր գումարը` 4 մլն դոլար («այո»-ի հատը` 5 դոլար), եւ կարելի է չկասկածել, որ հանրաքվեի արդյունքները կանխորոշված են։ Ցավալի է միայն, որ «այո»-ի կողմնակիցները բավարարվում են ընդհանուր ֆրազներով եւ այդպես էլ չեն բացատրում, թե հատկապես ինչու պետք է փոխել Սահմանադրությունը։

Իսկ ընդդիմությունն իր քարոզարշավը սկսել է ոչ թե ակադեմիական դահլիճներում` տասնյակ տեսախցիկների առջեւ, այլ գյուղերում (տասնյակ գյուղացիների առջեւ)։ Հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը նույնպես բավարարվում է ընդհանուր ֆրազներով եւ կոնկրետ չի նշում, թե հատկապես ինչու են անընդունելի սահմանադրական փոփոխությունները։ Ավելի ճիշտ` մի կետ նշվում է։ Այս փոփոխություններից հետո հնարավոր կլինի Հայաստանի սահմանները փոփոխության ենթարկել առանց հանրաքվեի։ Ըստ երեւույթին, ընդդիմության առաջնորդները երկար քննարկել են այս հարցը եւ ի վերջո որոշել, որ ամենաբացասական կետը սա է։ Նրանք, իհարկե, հասկանում են, որ իրականում շատ ավելի վտանգավոր է երկքաղաքացիության դրույթը, բայց երեւի զգուշացել են այդ դրույթի դեմ բարձրաձայն արտահայտվելուց` չցանկանալով հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն առնչվող իրադարձություններին, ապա կարեւորագույնը թերեւս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի այցն էր Հայաստան։ Մի քանի ժամ տեւած այդ այցի ընթացքում նա հասցրել է հանդիպել ինչպես նախագահ Քոչարյանի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների մանրամասները հայտնի չեն, սակայն, մի քանի փաստեր համադրելով, հնարավոր է պատկերացում կազմել այցի նպատակների մասին։

Նախ, Դենիել Ֆրիդը եկել էր ասելու, որ ԱՄՆ-ի համար կարեւորը ոչ թե սահմանադրական փոփոխություններն անպայման ընդունելն է, այլ այն, որ հանրաքվեն անցկացվի առանց կեղծիքների։ Երկրորդ` նա եկել էր հասկացնելու, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կախված են լինելու մեր հանրաքվեի եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունների որակից։ Երրորդ` եկել էր ասելու, որ մեր տարածաշրջանում իրադարձությունների զարգացման արագությունը մեծանում է, բայց զուգահեռաբար ակտիվանում են նաեւ «հակազդող ուժերը» (ենթադրաբար` խոսքը Ռուսաստանի մասին է)։ Պարզ ասած, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը (փոխարտգործնախարարը) եկել էր պարզելու Հարավային Կովկասի ժողովրդավարացման իրական հնարավորությունները եւ հեռանկարները։ Իսկ ինչո՞ւ հատկապես հիմա` հանրաքվեի եւ Ադրբեջանի ընտրությունների նախօրեին։ Որովհետեւ ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն այսօր պիտի հստակ իմանա, թե ինչ գնահատական է տալու մեր հանրաքվեին եւ Ադրբեջանի ընտրություններին։ Այդ գնահատականներն, ինչպես հայտնի է, միշտ չէ, որ արտացոլում են իրականությունը։ Փոխարենը` միշտ արտացոլում են ԱՄՆ վերաբերմունքը տվյալ երկրի վարած քաղաքականության նկատմամբ։

Մի խոսքով, շատ բան պարզ կդառնա նոյեմբերի 27-ից հետո` միջազգային կառույցների գնահատականներից։