38 մլն դրամ՝ ի նշան գոհունակության

16/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` 2009թ. տարեկան զեկույցի քննարկումը երեկ Ազգային ժողովում շարունակվեց կիսադատարկ դահլիճում: Սակայն այս անգամ գոնե 10-15 պատգամավորներ ներկա էին այդ քննարկմանը. ԱԺ անցած քառօրյայի ժամանակ օմբուդսմենի զեկույցի քննարկումն անցավ ընդամենը մի քանի պատգամավորի ներկայությամբ:

Երեկ զեկույցը ներկայացնում էր ու պատգամավորների հարցերին էր պատասխանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ով այս քննարկման հարակից զեկուցողն էր: Ռ.Պետրոսյանը բավականին դրական եւ հավասարակշռված գնահատեց այդ զեկույցը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները քննադատեցին այն` հայտարարելով, որ դրանում օմբուդսմենը իրականությունը շատ մեղմ է ներկայացրել: Նրանք իրենց քննադատության ժամանակ հիշատակում էին նաեւ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները: Հիշեցնենք, որ այդ իրադարձություններից կարճ ժամանակ անց Ա.Հարությունյանը ընտրական եւ հետընտրական պրոցեսների մասին բավականին սուր արտահերթ զեկույց հրապարակեց, ինչի պատճառով այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան արժանացրեց «իմ ամենաանհաջող կադրը» որակմանը: Այդ արտահերթ զեկույցում Գլխավոր դատախազության եւ իրավապահ այլ կառույցներին վերաբերող խիստ քննադատություն կար: Դրա պատճառով Գլխավոր դատախազությունը նույնիսկ «կոնտր» զեկույց հրապարակեց, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հերթին խիստ արտահայտվեց օմբուդսմենի զեկույցի մասին: Բացի այդ, Ա.Հարությունյանը հարցազրույցների ժամանակ էլ քննադատում էր իշխանությունների ու իրավապահ մարմինների գործունեությունը: Սակայն, երբ նախագահի լիազորությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը, որոշ ժամանակ անց օմբուդսմենն իր քննադատությունն աստիճանաբար մեղմեց: Ու հիմա թեեւ իրավապահների, եւ ընդհանրապես իշխանությունների գործունեության որակը չի բարելավվել, բայց Ա.Հարությունյանի ձեւակերպումները բավականին փափկել են, իսկ մարտյան իրադարձություններին ու դրանց արդյունքում քաղբանտարկյալ դարձած ընդդիմության 12 գործիչներին վերաբերող հիշատակումներ չկան: Եվ օմբուդսմենի այդ վարվելակերպն իշխանությունները ներկայացնում են «կառուցողական, հավասարակշռված, օբյեկտիվ» բնութագրումներով: Օմբուդսմենն ինքը երեկ ներկա չէր իր զեկույցի քննարկմանը, նա Բրյուսելում էր:

«ՄԻ պաշտպանն, ի տարբերություն նախորդ զեկույցների, այս զեկույցը կառուցել է շատ կառուցողական ձեւով, այսինքն՝ այն հայհոյանքները, որ նա տեղում էր պետական մարմինների հասցեին, վարկաբեկում նրանց, այդ թվում եւ՝ Դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը, այս անգամ չկա: Շատ հավասարակշռված, օբյեկտիվ, թերությունները փաստերով հաստատած զեկույց էր: Այդ տեսակետից ես գոհ եմ: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ապա հենց այդ կապակցությամբ էր, որ պաշտպանը, իմ կարծիքով, գերազանցել էր իր լիազորությունները: Այնպիսի նախադասություններ էր ուղղել, որոնցից նա հրաժարվեց, որովհետեւ հանրապետության նախագահի ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաեւ ԱԺ ընդունած փոփոխությունները, հատկապես հավաքներին ու ժողովներին վերաբերող, աստիճանաբար վերականգնեցին իրավիճակը»,- հայտարարեց Ռ.Պետրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, օմբուդսմենը նախկինում ճիշտ չէր իր ձեւակերպումների մեջ, երբ իրավապահների ու իշխանությունների գործունեությանը տալիս էր «ռեպրեսիվ, բռնատիրական» եւ այլ բնութագրումներ:

«Ես հայհոյանք չեմ տեսել օմբուդսմենի` մարտի 1-2-ի զեկույցում, դա օբյեկտիվ գնահատական էր այն բոլոր իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել մեր հասարակության մեջ,- հակադարձեց «Ժառանգության» անդամ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ավելացնելով,- Դուք հիմա հորդորում եք ՄԻ պաշտպանին, որ նա փոխի իր հռետորիկան, բայց ես այդպես չեմ կարծում: Հակառակը՝ ռեպրեսիաները շարունակվում են, եւ 2008թ. հետո ավելի են շատացել։ Այդ ամենի մասին պետք է բարձրաձայնվի նաեւ այս ամբիոնից: Ավելին, օրենքը խախտած բոլոր պաշտոնյաները պետք է պատժվեն: Մենք չունենք որեւէ մի պաշտոնյա, ով այսօր պատիժ կրի: ՀՀ ոստիկանապետը հայտարարում էր, թե ինքը Խալաֆյանի գործով այսպիսի տեղեկատվություն է ստացել: Այդ պետական պաշտոնյան չիմանալով ճշմարտությունը, փորձում է շեղել հասարակության կարծիքը եւ թյուրիմացության մեջ գցել: Մինչդեռ սա արդեն որերորդ դեպքն է, երբ Ոստիկանության բաժանմունքում մարդուն խոշտանգում են, եւ սպանություններ են տեղի ունենում: Սրանց մասին չխոսելն է հանցագործություն: Ավելին ասեմ, քաղաքական հայացքների համար բանտարկյալների հարցն այսօր նաեւ ԵԽ ԽՎ-ի օրակարգում է: Ես կցանկանայի, որ ԵԽ ԽՎ-ն այդ հարցին այլեւս չանդրադառնար: Դրա միակ տարբերակն այն է, որ այդ մարդիկ բանտախցերից արագ դուրս գան: Իսկ դա ձեր խնդիրն է, դուք պետք է ձեր նախագահի միջոցով այդ խնդրին լուծում տաք»:

Իսկ նախկին օմբուդսմեն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր մեր երկրում դարձել է միայն լրագրողական աշխատանք: Ա.Հարությունյանն իր ելույթում անդրադարձել էր նաեւ քրեակատարողական հիմնարկներում տիրող ծանր վիճակին: Այսօր շատ է խոսվում, որ կալանավայրերը գերբեռնված են, եւ դրանք թեթեւացնելու համար անհրաժեշտ է իրականացնել համաներում կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման լայնածավալ ակտեր: Պատգամավորները եւս անդրադարձան այս խնդրին: «Իրականում սա ռեպրեսիվ մեխանիզմի հետեւանք է, 2006 թվականից ՀՀ քրեակատարողական հիմնարկներն ըստ էության պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չեն կիրառում: Այսօր բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին պահելու նորմերը խախտված են: Նուբարաշենի այդ գարշելի հոտը ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցանկացած անձի նկատմամբ: Չեմ ասում մնացած խցերը, որտեղ մարդիկ պահվում են օրենքի կոպիտ խախտումներով»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Վերջինիս համոզմամբ՝ օմբուդսմենի այս զեկույցը եւս պետք է այնպես գրված լիներ, որ առաջացներ շահագրգիռ կառույցների հետաքրքրությունը, այնպես, ինչպես դա եղավ 2008թ. Գլխավոր դատախազության կողմից: «Այնտեղ տեղի ունեցավ իրական խնդիրների վերհանում, եւ ուղղակի փաստաթուղթ չէր, որը գրվել էր եւ մնացել էր անհետեւանք: 2008թ. փաստաթուղթը ոչ միայն այն ժամանակ ունեցավ հետեւանք, դեռ ապագայում էլ ականատես կլինենք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է նստած մեղադրյալի աթոռին»,- ավելացրեց պատգամավորը:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ Ա.Հարությունյանի զեկույցում ընդհանրապես անդրադարձ չկա Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարմանն ու այդ կատարմանը հետեւող Պետաիրավական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքներին: Ռ.Պետրոսյանն ընդդիմության հետ համաձայն էր միայն քրեակատարողական հիմնարկներին վերաբերող հարցում եւ եւս մեկ անգամ հայտարարեց, թե Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ներկայացրած` «Քրեական օրենսգրքի» փոփոխությունները: Այդ օրենսդրական նախաձեռնության արդյունքում մի շարք հոդվածներով պատժաչափերը կրճատվելու են, եւ մոտ 1000 բանտարկյալներ են ազատվելու` թեթեւացնելով կալանավայրերի վիճակը:

Ռ.Պետրոսյանը նաեւ ասաց, որ կառավարությունը 2011թ. բյուջեով ՄԻՊ գրասենյակի հատկացումները կտրուկ` 38 մլն դրամով ավելացրել է: Ա.Հարությունյանը նախորդ տարիներին իր գրասենյակի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման խնդիր էր դնում եւ պատճառաբանում էր, թե ցածր աշխատավարձի պատճառով հատկապես արական սեռի աշխատողները հեռանում են: Իսկ իր գրասենյակի արագ արձագանքման բաժնին անհրաժեշտ են տղաներ, որովհետեւ շատ հաճախ նրանք գործ են ունենում կոնֆլիկտային իրավիճակների հետ: Իսկ այդ 38 միլիոնից 28 մլն դրամը նախատեսված է հենց աշխատավարձերի բարձրացման համար: Կոնկրետ Ա.Հարությունյանի աշխատավարձը հավասարեցվել է Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին` 640 հազար դրամ: Բացի այդ, օմբուդսմենը տարեկան հավելավճարներ է ստանում, իսկ նրա գրասենյակը արտասահմանյան կառույցներից ամեն տարի դրամական օգնություն է ստանում: «Որոնք են այն հիմքերը, որոնց համար դուք գոհ եք զեկույցից: Փաստահավաք խումբը տապալվեց, ես կասեի, ՄԻ պաշտպանի աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ եւ գաղափարախոսությամբ: Եվ դրանից հետո այսօր ես լսում եմ, որ դուք շատ գոհ եք այդ զեկույցից: Եվ նախորդ տարիներին երբ պատժում եւ չէիք բարձրացնում աշխատավարձերը, այսօր բարձրացնում եք: Քավ լիցի, ես կողմ եմ, որ բարձրացնեք աշխատավարձերը: Բայց արդյո՞ք դուք չեք գտնում, որ դա ուղղակի խրախուսում է այս տարվա զեկույցի ավելի պասիվ դիրքորոշմանը»,- հարցրեց Լ.Ալավերդյանը: