Իսկ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ հակադարձել է` ասելով. «Կատեգորիկ դեմ եմ: Բեւեռացում Հայաստանում բացարձակապես գոյություն չունի: Կա օբյեկտիվ իշխանություն եւ պայքարող ընդդիմություն: Հասարակությունը գուցե տրոհված է, սակայն այդ տրոհումը թելադրված է սոցիալական վիճակով»:
Անդրադառնալով դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, Ա. Մելիքյանն ասել է, թե որեւէ առաջընթաց չի արձանագրվելու ԼՂ կարգավորման հարցում: Ըստ նրա` եթե անգամ այնտեղ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն չի ունենալու պարտադրող ուժ: Ա. Մելիքյանի խոսքով` այսօր ՌԴ-ն իր որոշ գործիչների բերանով հայտարարում է, որ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, ԼՂ կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի. «Մի բան է ակնհայտ. ՌԴ-ն այսօր իսկապես ցանկանում է կարգավորել ԼՂ խնդիրը՝ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, իհարկե, հայկական կողմերի համար էլ որոշակի երաշխիքներ սահմանելով: Սակայն խնդիրն այն է, որ անգամ տարածքներ հանձնելու միջոցով Ռուսաստանը ներկայիս Ադրբեջանից չի կարող ստանալ անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ` սեփական ներկայությունը Ադրբեջանում հաստատելու եւ պահպանելու տեսանկյունից»: ԼՂ նախկին ԱԳ նախարարի դիտարկմամբ` եթե չվերականգնվի նախկին ԽՍՀՄ-ի ֆորմատը կամ համանման նոր միություն չստեղծվի, տարածքներ հանձնելու հետ կապված խոսակցությունները կմնան լոկ խոսակցություններ: «Բայց որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում եւ, մեծ հաշվով, հայկական կողմերը անհրաժեշտ նախաձեռնողականություն չունեն, սա փաստ է»,- ասել է նա:
Իսկ ՀՀԿ-ական Հ. Հարությունյանն էլ հավելել է, որ այսպես շարունակվելու դեպքում «կլինի ղարաբաղյան երկրորդ պատերազմը», ինչի մասին վկայում են նաեւ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ եւ հաշվարկված հայտարարությունները: «Եթե մի երկիր իր պետբյուջեի առյուծի բաժինը հատկացնում է բանակին, զինամթերք է գնում, դա նշանակում է, որ այդ երկիրը ռեալ պատրաստվում է երկրորդ պատերազմին: Էդ տանկերը վարուցանք կատարելու համար չեն, որ Ադրբեջանը գնում է»,- ասել է նա` հավելելով, թե ՌԴ-ն եւ միջնորդ մյուս երկրները ձգտում են կանխել «երկրորդ ղարաբաղյան պատերազմը», սակայն դա նրանց կհաջողվի՞, թե՞ ոչ` ցույց կտան հետագա զարգացումները: Նա դժգոհել է նաեւ միջազգային հանրությունից` ասելով, թե այս ընթացքում նրանք երբեք համարժեք գնահատական չեն տվել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին: «Միջազգային հանրությունը ճիշտ չի գնահատում զոհին եւ ագրեսորին, եւ դա հնարավորություն է տալիս, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները գնալով ավելի հաճախակի բնույթ կրեն: Եթե ժամանակին Հիտլերին, երիտթուրքերին միջազգային կառույցները զսպաշապիկ հագցնեին, չէր լինի ո՛չ Հայոց ցեղասպանությունը, եւ ո՛չ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այսօր Ալիեւը կարծես թե մի նոր ֆյուրերիկ է, որին ոչ մի ձեւով պատասխան չեն տալիս»,- ասել է Հ. Հարությունյանը: