Բավականին տեղեկացված ծանոթներիցս մեկը վերջերս մի պատմություն պատմեց։ Նրա սփյուռքահայ ընկերներից մեկը, ով արտասահմանում լուրջ բիզնեսմեն է, տարիներ առաջ բավականին մեծ գումար է նվիրել Հայաստան համահայկական հիմնադրամին։ Հետո (կարծեմ հենց այդ առիթով) հյուրընկալվել է նախկին բարձրաստիճան (շա՜տ բարձրաստիճան) պաշտոնյայի մոտ։ Վերջինս էլ նրան կոչ է արել գալ Հայաստան` ասելով, թե՝ արի Հայաստանում բիզնես հիմնի, ես անձամբ այնպես կանեմ, որ ոչ մի խնդիր չունենաս։ Այսինքն՝ ես երաշխավորում եմ, որ «խաթրիդ կպնող» չի լինի։
Թվում է՝ մեր պետական պաշտոնյան շատ հայրենասիրական քայլ է արել՝ ի նպաստ հայրենի տնտեսության զարգացման։ Սակայնգ դա ընկալվել է որպես հակագովազդ։ Սփյուռքահայ գործարարը խոստացել է մտածել, այսինքն՝ քաղաքավարի ձեւով հրաժարվել է։ Հայաստանաբնակներիցս շատերը կզարմանային՝ ինչպե՞ս կարելի է բիզնես չանել, եթե ամենավերին մակարդակով «դաբրո» ունես։ Սակայն սփյուռքահայ գործարարը շատ համոզիչ բացատրել էր իր մտահոգության պատճառը։ Եթե բարձրաստիճան պաշտոնյան խոստանում է անձամբ հովանավորել իր բիզնեսի անձեռնմխելիությունը, ապա սփյուռքահայը դա ընկալում է որպես խոստովանություն, որ Հայաստանում բիզնեսին պաշտպանում են ոչ թե օրենքները, այլ անհատները։ Իսկ անհատների դեպքում ամեն ինչ փոփոխական է՝ կարող են փոխվել թե՛ իրենք՝ անհատները, թե՛ նրանց վերաբերմունքը այս կամ այն անձի նկատմամբ։ Արտասահմանցուն (կամ սփյուռքահային) վախեցնում է հենց այդ փոփոխականությունն ու անորոշությունը։ Նա երաշխիքներ չի տեսնում եւ իրեն պաշտպանված չի զգում։
Հենց այստեղ է թաքնված այն պատճառը, թե ինչու միլիոնավոր դոլարների ներդրումներ չեն հոսում Հայաստան։ Սփյուռքում ունենք մեծ թվով լուրջ բիզնեսմեններ, ովքեր նախընտրում են 2-3 միլիոն դոլար նվիրաբերել Հայաստանին, քան 1 միլիոնանոց ներդրում կատարել։ Որքան էլ ՄԱԿ-ի համաժողովներում Հայաստանի մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը գովերգվեն, միեւնույն է՝ գործարարի համար ավելի կարեւոր է «աչքի տեսածը»։
Ստացվում է՝ անգամ ազգությամբ հայերն են խուսափում Հայաստանում ներդրումներ կատարել, իսկ մենք հույս ունենք, որ արտասահմանցիներն էլ կգան։ Եվ ամեն հարմար առիթով հարցնում ենք՝ ինչո՞ւ ձեր երկրի գործարարներն այստեղ ներդրումներ չեն անում։ Ամենից հաճախ այս հարցն ուղղվում է ամերիկացիներին։ Պատճառը գուցե այն է, որ ամերիկացիները օգնության տեսքով հարյուրավոր միլիոն դոլարներ տրամադրել են մեր երկրին, իսկ ներդրումների առումով ամեն ինչ զիջել են իրենց հիմնական մրցակցին՝ Ռուսաստանին։ Առեւտրի եւ ներդրումների խթանման թեման, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է երեկ, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը նիստից հետո հանդիպելով լրագրողների հետ՝ այս առումով բավականին լավատեսական «լիցքեր հաղորդեցին» (ինչպես եւ սպասվում էր)։ Նրանք երկուսն էլ առանձնահատուկ գոհունակություն արտահայտեցին, որ հանդիպում է եղել նաեւ Հայաստանի գործարար շրջանակի հետ, եւ լսել են նրանց դժգոհություններն ու առաջարկությունները։ Այս առումով, գոնե լավ է, որ հայկական կողմը հասկանում է խնդրի բուն պատճառը։ Օրինակ, Ներսես Երիցյանը նշեց. «Մեր խնդիրը լինելու է միջավայրի բարելավումը»։
Իհարկե, այլ հարց է՝ այդ խնդիրը կլուծվի՞, թե՞ մյուս խնդիրների նման միայն կշոշափվի տարիներ շարունակ։ Ներսես Երիցյանի հավաստմամբ, առեւտուրը եւ ներդրումները խթանելու ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Լրագրողները, սակայն, փորձեցին մի քիչ ավելի կոնկրետացնել եւ հարց ուղղեցին՝ ԱՄՆ-ը կմասնակցի՞, օրինակ, ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարված մրցույթներին (Հայաստանի կառավարության եւ «Ռոսատոմի» միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ հայկական նոր ատոմակայանի միջուկային կղզյակը կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտը», սակայն անվտանգության սարքավորումների մատակարարման համար հայտարարվելու է մրցույթ)։
«Մենք հետաքրքրված ենք, որ ամերիկյան կազմակերպությունները կարողանան մասնակցել Հայաստանի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարված մրցույթներին։ ԱՄՆ-ը երկար տարիներ աշխատել է Հայաստանում ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերի շուրջ եւ ցանկանում է այս ոլորտում շարունակել համագործակցությունը: Եթե հնարավորություններ կան ամերիկյան մասնավոր ընկերությունների ներգրավման համար, ապա մենք դրա համար միայն ուրախ կարող ենք լինել»,- ի պատասխան՝ նշեց Դենիել Ռոզենբլյումը:
Մենք էլ թերեւս ուրախ լինենք, եթե ռուսներից բացի՝ այստեղ ուրիշներն էլ ակտիվություն դրսեւորեն։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ որեւէ ամերիկյան ընկերություն կմասնակցի՞ մրցույթին, եւ մասնակցելու դեպքում՝ կհաղթի՞, թե՞ ոչ։ Այդուհանդերձ, տարատեսակ համաժողովների, լավատեսական հայտարարությունների եւ ժպիտների ետեւում մի տեսակ սառնություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում։ Օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը 2009թ. մասամբ դադարեցվեց ԱՄՆ Պետքարտուղարության կողմից։ Ն. Երիցյանը, անդրադառնալով այս թեմային, փորձեց մի քիչ ավելի լավ գույներով ներկայացնել այս ծրագրի զարգացումները՝ նշելով, որ ցանկացած դրամաշնորհային ծրագիր ժամանակավոր բնույթ ունի, իսկ կառավարության ծրագրերը պետք է մշտական լինեն։ Եվ աշխատանքները իրականացվել են եղած ֆինանսների հաշվին, այդ թվում՝ Համաշխարհային բանկի միջոցների։ Ասել է թե՝ ամեն ինչ նորմալ է, մենք նեղացած չենք եւ ինքներս մեր խնդիրները կլուծենք։
Հայ-ամերիկյան հարաբերությունների ամենաթարմ «կնճիռներից» է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի «յութուբյան» խոստովանությունը՝ կապված Ցեղասպանության ճանաչման հետ։ Իսկ ամենաաղմկահարույցը Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» հանցախմբի ձերբակալությունն էր։ Ներսես Երիցյանի հավաստմամբ, հանցախմբի բացահայտման թեման համաժողովի նիստում չի քննարկվել։ Սակայն այն հարցին, թե այդ միջադեպը չի՞ անդրադարձել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, նախարարը հրաժարվեց պատասխանել: Ավելացնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ «Ժամանակ» թերթը նույն հարցով դիմել էր ԱՄՆ Պետքարտուղարությանը։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության աշխատակից Վալերի ՕգԲրայենն էլ թերթի հետ զրույցում հայտարարել էր, թե Պետքարտուղարությունը առայժմ չի կարող որեւէ մեկնաբանություն անել, քանի դեռ ԱՄՆ-ում օրերս ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման հետ կապված գործընթացն ավարտված չէ:
Այսինքն՝ պարզ է, որ Ներսես Երիցյանը, այսպես թե այնպես, չէր պատասխանելու այդ հարցին։ Սակայն մի բան այդպես էլ անհասկանալի մնաց. եթե Պետքարտուղարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում բացահայտման հնարավոր հետեւանքները՝ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, ինչպե՞ս կարելի է որեւէ իրական դրական ակնկալիք ունենալ միջակառավարական հանձնաժողովի նիստից։