ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ս. Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության` այնուհետեւ Ս. Սարգսյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Զորավարժությունները, որ ընթացել են Աղդամի մոտակայքում, ըստ Ս. Սարգսյանի` պատասխան են սահմանի մյուս կողմում հնչող սպառնալիքներին. «Այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի եւ ավելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետեւ հարեւան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինի ուրիշների համար` եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որեւէ մեկը չպետք է կասկածի ձեր (զինվորների եւ սպաների.- խմբ:) վճռականության վրա, ինչպես ես չեմ կասկածում, որովհետեւ շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, եւ ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատարելագործի իր հմտությունները: Սա է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի զինվորներ եւ սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որեւէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների եւ սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրը»: Նաեւ վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը` սահմաններն անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքն անվտանգ պահելու համար: Ս. Սարգսյանը նաեւ նշել է, թե «հակառակորդն իր բոլոր ձախորդություններն ու բոլոր խնդիրները կապում է հայերի հետ: Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն»: Ըստ Ս. Սարգսյանի` հակառակորդն ամեն օր խոսում է պատերազմի մասին` փորձում մեզ վախեցնել. «Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Աղդամի շրջանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա եւս մեկ անգամ հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան: «Չեմ կասկածում, որ մեր զինված ուժերն ի վիճակի են պատվով եւ կարճ ժամկետում լուծել իրենց առջեւ դրված խնդիրը»,- ասել էր Ալիեւը: Ի պատասխան Ալիեւի այս հայտարարություններին, Ս. Սարգսյանն ասել է. «Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»:
Ի դեպ, շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն «մանկական խաղեր» է անվանել Աղդամի մոտակայքում հայկական ուժերի զորավարժությունները` ասելով. «Դա ամենեւին էլ մարտական պատրաստականության բարձրացման համար չի արվում: Նրանց զորավարժություններն արդեն հիշեցնում են մանկական խաղեր: Այլ գնահատական չի կարող լինել: Ո՛չ հայկական բանակը եւ ո՛չ էլ Ադրբեջանի օկուպացված տարածքում կենտրոնացված ռազմական ուժերը շատ մեծ միջոցներ պահանջող զորավարժություններ անցկացնելու հնարավորություններ չունեն: Հենց որ Ադրբեջանում ճշմարիտ մտքեր են հնչում այն մասին, որ Հայաստանը ավերվում է եւ ամայանում, կամ կոնկրետ հայտարարություններ են արվում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործողությունների հետ կապված, հայերը, «Լեռնային Ղարաբաղում» հավաքելով 5-6 տանկ եւ 1-2 այլ ռազմական մեքենաներ, երբեմն երկու անգամ կրակելով, դա անվանում են Հայաստանի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններ»: