«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երեկ դժգոհել է պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումից` ասելով, թե դա վարորդների համար անսպասելի էր: Թեեւ օրենքն ընդունված է, սակայն, ըստ նրա` տեսանելի չէ այն քարոզչական աշխատանքը, որը պետք է տարվեր վարորդների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու համար: Ըստ օրենքի` պետք է պարտադիր ապահովագրվեն բոլոր հաշվառված ավտոմեքենաները: Սակայն կան մարդիկ, ովքեր իրենց ավտոմեքենան հաշվառել են, բայց չեն օգտագործում: Հետեւաբար, նրա խոսքով` վարորդներին պետք է տեղեկացնել, որ կարող են նմանօրինակ ավտոմեքենաները ժամանակավորապես հաշվառումից հանել եւ չապահովագրել: Ի դեպ, Էդ.Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե վթարի դեպքում հատուցման հարցը հստակեցված չէ. «Պետությունը «ձեռքերը լվացել» է, ասում է` էս ձեզ օրենք, էս ձեզ ապահովագրական ընկերություններ, էս ձեզ վարորդ»: Էդ. Հովհաննիսյանի ասելով` այս համակարգի ներդրմամբ կդժվարանա ճանապարհային ոստիկանների աշխատանքը: Նրա խոսքով` այսօր Ճանապարհային ոստիկանության ներկայանալը դեպքի վայր ոչ մի փաստաթղթով սահմանված չէ, հստակեցված չէ, թե որ ժամին պետք է նրանք գան դեպքի վայր: Պատճառն, ըստ Հովհաննիսյանի, այն է, որ Ճանապարհային ոստիկանությունը չունի դեպքի վայր ժամանող համապատասխան քանակի մասնագետներ, հետեւաբար ոչ բոլոր ավտոպատահարներն են ֆիքսվում. «Երբ գործի պարտադիր ապահովագրությունը այսօրվա համեմատ 5-6 անգամ ավելի կլինի ֆիքսված պատահարների թվերից: Ճանապարհային ոստիկանությունն այժմ արդեն պետք է դրա մասին մտածի ու ավելացնի իր աշխատակիցների թիվը»: Այսօր Երեւանում օրական 7-12 պատահար է գրանցվում, իսկ երբ «Պարտադիր ավտոապահովագրության մասին» օրենքը ուժի մեջ մտնի, ապա «գրանցվող» վթարների թիվը, ըստ Հովհաննիսյանի, մի քանի անգամ կմեծանա. «Հետաքննության բաժնի տեսուչները այսօրվա ռեսուրսներով չեն հասցնի այդ բոլոր վթարները գրանցել եւ չափագրել: Հունվարին, երբ ձյունն էլ կգա` կարող եք տեսուչին էլ չսպասել»: Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 1-ը Հայաստանի ավտոտրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: Նախատեսվում է, որ կապահովագրվի 430-450.000 տրանսպորտային միջոց: Ապահովագրության տարեկան նվազագույն վճարը 25.000 դրամ է, առավելագույնը` 106.000: Վարորդներն իրենց ավտոմեքենաները կարող են ապահովագրել` սկսած եռամսյա ժամկետից: