Հրահանգեց օգնել թատրոնին

16/11/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական միջամտության շնորհիվ վերանորոգվել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը: Թատրոնն իր նոր թատերաշրջանը տոնեց ջեռուցվող, օդափոխվող ու վերազինված դահլիճում եւ Հայաստանի Հանրապետության նախագահի ու երկու նախարարների (Մշակույթի եւ քաղաքաշինության) ներկայությամբ խաղաց «Ատամնաբույժն արեւելյան» օպերետի բեմականացումը: Հաջորդ տարի իր 70-ամյակը տոնել պատրաստվող թատրոնը շարունակում է արդեն շքեղ պայմաններում իր հին խաղացանկը ներկայացնել` կարծես ցանկանալով հիշեցնել, որ նորը դա լավ մոռացված հինն է:

Թատրոնի վերանորոգումն արժեցել է 330 մլն դրամ, փոխվել են ոչ միայն սրահների հարդարումն ու նստատեղեր-բազկաթոռները, այլեւ վերանորոգվել է թատրոնի տանիքը, իսկ հանդերձարանները զինվել են ցնցուղներով: Թարմացվել է նաեւ լուսային ու ձայնային տեխնիկան, ինչի համար պահուստային ֆոնդից հատկացվել է եւս 62 մլն դրամ:

Մինչ ներկայացումը դիտելը Ս.Սարգսյանը ծանոթացել է պետական բյուջեի շրջանակներում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: «Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ ստեղծագործական գործընթացին չխանգարող որոշակի աշխատանքներ, սահմանված ժամկետի համաձայն, կավարտվեն ընթացիկ տարվա վերջին»,- հաղորդել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: