Երեկ ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմաց ինչ-որ անձինք կտրում էին մայրուղու վրա տնկված դալար բարդիները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` կտրողները դա պատճառաբանեցին նրանով, որ իրենք այդ ծառերը կտրում են, որպեսզի բացվի գազալցակայանի տեսադաշտը: Նրանք նշում էին, որ գազալցակայանը Գեղարքունիքի մարզի դատախազ Մարգարյանինն է: Հայտնում էին նաեւ, որ իրենք ունեն Բնապահպանության նախարարության թույլտվությունը, եւ խորհուրդ էին տալիս, որ մեր կողմից նկարահանած բոլոր կադրերը ջնջվեն: Գագարին համայնքի բնակիչներից մի քանիսը կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Գլխավոր դատախազը ծառ է տնկում, իսկ նրա ենթական ծառ է կտրում»: