Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան, Լոնդոնում ձերբակալվել է: Ըստ «Lifenews.ru»-ի` «Ինտեկոյի» սեփականատիրոջը տհաճ անակնկալ են մատուցել, երբ նա իջել է օդանավից եւ փորձել է մաքսային ստուգում անցնել: Ձերբակալության փաստը հաստատել է նաեւ Լուժկովի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը, երբ Բատուրինան ժամանել է Լոնդոն` բանակցելու անգլիացի գործարարների հետ: Նախկին քաղաքապետի կինը մի ամբողջ գիշեր անցկացրել է ոստիկանատանը: Ըստ գործակալության, ձերբակալման պատճառ կարող է լինել Ալեքսանդր Լեբեդեւի հայտարարությունը, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է մանրազնին հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնեն Լուժկովի եւ նրա կնոջ նկատմամբ: Լեբեդեւը Բատուրինային մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ: