Արոնյանը` համաշխարհային շախմատի առաջատա՞ր

14/11/2010

Մոսկվայում շարունակվում է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որտեղ հոյակապ է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Մրցաշարի առաջատարը առայժմ միայն հաղթանակներ ու ոչ-ոքիներ է անում եւ 6 տուրից հետո 4 միավորով մրցաշարի առաջատարն է: Արոնյանի հետ առաջին հորիզոնականը կիսում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Ի դեպ, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ընդամենը 3 միավորով է զիջում նորվեգացի Մագնուս Կարլսենին, որն այս մրցաշարին մասնակցելուց հրաժարվել է: Տալի մրցաշարում, որն, ի դեպ, շախմատի պատմության մեջ ուժեղագույն` 22-րդ կատեգորիայի է համարվում, հաղթելու դեպքում Արոնյանը կշրջանցի թե Կարլսենին (2804), եւ թե ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին (2802): Կրամնիկն առայժմ 3 միավոր ունի եւ զգալի զիջում է Արոնյանին ոչ միայն աղյուսակում զբաղեցրած տեղով (7-րդ), այլեւ` ցուցադրած խաղի մակարդակով: