Չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

14/11/2010

Նոյեմբերի 14-ին կավարտվի Հայաստանի ազգային առաջնությունը, եւ, արդեն գրեթե կասկածներ չկան, որ Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ կնվաճի չեմպիոնի տիտղոսը: Դժվար է ենթադրել, որ վերջին տուրում չեմպիոնները կարող են պարտվել առաջնության ետնապահ «Կիլիկիային», ում միավորների պաշարը ավելի քան քառապատիկ զիջում է մրցակցի նույն ցուցանիշին: Ու թեեւ երկրորդ տեղում ընթացող «Բանանցն» առաջատարին զիջում է ընդամենը մեկ միավորով, ավելին, վերջին խաղում ամենայն հավանականությամբ կհաղթի «Շիրակին», այնուամենայնիվ «Փյունիկին» շրջանցել նրանց չի հաջողվի: Ամեն դեպքում, արժե շնորհակալություն հայտնել «Բանանցին» առաջնության ինտրիգը մինչեւ վերջին տուրը սուր պահելու համար: Վերջին տուրի մնացած խաղերում ոչինչ չի որոշվում, թիմերի հեռավորությունը միմյանցից այնպիսին է, որ ցանկացած արդյունք որեւէ նշանակություն չի ունենալու: Հետեւաբար, մնացած թիմերի մարզիչներին լավ հնարավորություն է ընձեռվել փորձարկել մոտակա ռեզերվը:

Այժմ արդեն ժամանակն է մտածել նոր մրցաշրջանի եւ ազգային հավաքականի մասին: Եկող մրցաշրջանը մեր ընտրանին սկսելու է Ռուսաստանի թիմի հետ մարտի 26-ին Երեւանում կայանալիք խաղով, որի արժեքը չափազանց մեծ է երկու թիմերի համար էլ: Հավաքականի համար առավել ուրախալի լուրն այն է, որ մեր թիմի հարձակվող Յուրի Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թիմեր, որոնց ոչ մի կերպ թույլ չես անվանի: Մասնավորապես, նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել դանիական «Կոպենհագենը», ռուսական «Ռուբինը» (տարօրինակ զուգադիպությամբ՝ այս թիմերը խաղում են Չեմպիոնների լիգայի նույն խմբում), Բարսելոնայի «Էսպանյոլը» եւ այլ, ոչ պակաս զորեղ ակումբներ: Ի դեպ, երեկ Կազանի «Ռուբինը» խուսափել է ավիավթարից: Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրին մասնակցելու համար Մոսկվա մեկնող թիմի օդանավի շարժիչը խափանվել է թռիչքից 40 րոպե անց, եւ օդաչուները կարողացել են վերադառնալ մեկնարկի օդակայան: Մեկ այլ լուր, որ վերաբերում է ազգային հավաքականին, այնքան էլ հուսադրող չէ: Խոսքը Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին է: Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարների պնդումներով՝ Մխիթարյանը մինչեւ մրցաշրջանի ավարտ չի հասցնի ապաքինվել: Մինչդեռ Մխիթարյանն ինքը արդեն քանիցս պնդում է, որ ոչ միայն կվերականգնի մարզավիճակը, այլեւ կհասցնի դեռ այս տարվա մի քանի հանդիպումների մասնակցել: Ինչն է այս հակասական հայտարարությունների իրական պատճառը՝ առայժմ դժվար է ասել: Հավաքականի վերաբերյալ հաջորդ երկու լուրերը դրական են, 38-ամյա Սարգիս Հովսեփյանը եւ 36-ամյա Ռոման Բերեզովսկին հաջորդ մրցաշրջանը կսկսեն որպես գործող խաղացողներ: Իսկ թե ինչ է դա նշանակում մեր ընտրանու համար, թերեւս ավելորդ է նշել: Հատկապես բարոյահոգեբանական առումով: