Ձեռնպահ են մնալու

14/11/2010

Սեուլում ժողով գումարած Մեծ քսանյակի երկրների ղեկավարները համաձայնել են ձեռնպահ մնալ իրենց երկրների տարադրամների փոխարժեքը արհեստականորեն իջեցնելու գործելակերպից: Աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են առաջնորդվել շուկայով ձեւավորվող փոխարժեքի սկզբունքով: Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, հռչակագրում կան անորոշ եւ երկիմաստ դրույթներ, ինչը նշանակում է, որ մանրամասները պետք է հստակեցվեն հաջորդ հանդիպումներում: Համաժողովից հետո կայացած ասուլիսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անարդար առեւտուրն ու փոխարժեքների հարցում զեղծարարությունները կարող են վտանգել աշխարհի տնտեսության վերականգնումը: Լարվածությունը հատկապես սուր է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերություններում. պաշտոնական Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է ազգային տարադրամը` յուանը արհեստականորեն թուլացնելու համար, ինչի շնորհիվ չինացիներն ավելացնում են իրենց ապրանքների արտահանումը: