«Դաշտում կմնան միայն աշխատող անհատ ձեռնարկատերերը»

21/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում նշել էինք, որ ԱԺ է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որը ներառում է նաեւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծի վերաբերյալ որոշ տեղեկություններ եւ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ պրն Արմեն Ալավերդյանին։

Լավ լուրերը, որպես կանոն, հետաքրքիր չեն լինում, սակայն այս մեկը բացառություն է, քանի որ շոշափում է մեծ թվով անհատ ձեռնարկատերերի շահեր։

Ինչպես գիտեք, հունվարից հարկային մարմինների կողմից սոցիալական վճարների հավաքագրման գործընթաց է իրականացվում։ Ու թեեւ պրն Ալավերդյանի հաղորդած տվյալներով` անցած 9 ամիսների ընթացքում վարչարարության, փորձի, ստվերային շրջանառության հարկման ու նաեւ տնտեսական աճի հաշվին հնարավոր եղավ ապահովել 10 մլրդ դրամի աճ, երբ նախորդ բոլոր տարիներին աճը եղել է միջինը 3 մլրդ, այնուամենայնիվ, աշխատանքի ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք անպայման պետք է լուծվեն։

«Խնդիրներից, թերեւս, ամենակարեւորը անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցվճարներ կատարելու կամ չկատարելու դեպքում մեր գործելակերպն է. ի՞նչ պետք է անենք։ Փաստորեն, եթե անհատ ձեռնարկատերը, որը չի աշխատել, գրանցված է եղել տարիներ շարունակ եւ նա ամեն տարի պետք է վճարեր նվազագույնը 60.000 դրամ, ու քանի որ օրենքն ուժի մեջ է արդեն երեք տարի, այսինքն՝ 180 հազար դրամ, գումարած տույժերը, վարչական տուգանքը եւ այլն, ստացվում է, որ նա մոտ 400 հազար դրամի պարտավորություն ունի։ Իսկ նա չի աշխատում, եւ այդ խնդիրը պետք է լուծել։ Մենք նրան այլընտրանք ենք առաջարկում՝ դու կամ պետք է մնաս անհատ ձեռնարկատեր՝ վճարելով սոցվճարը, կամ էլ քեզ հնարավորություն է տրվում ինքնալուծարվելու։ Եթե անհատ ձեռնարկատերը, ըստ էության ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, ի՞նչ իմաստ ունի այդ կարգավիճակը պահել։ Նա պետք է որոշում կայացնի։ Նա կամ պետք է լուծարվի, կամ պետք է լուծարվելու դիմում ներկայացնի, որի համար կունենա օրենքով սահմանված բավականին երկար ժամանակահատված։ Դրանով մենք փաստորեն աշխատող անհատ ձեռնարկատերերին կառանձնացնենք չաշխատողներից (այսպես ասած, չիմացողներից), կմաքրենք դաշտը, եւ դաշտում կմնան միայն աշխատող անհատ ձեռնարկատերերը»,- ասում է պրն Ալավերդյանը։

Այսինքն, եթե նախկինում անհատ ձեռնարկատերերը լուծարվելու համար պետք է բոլոր պարտավորությունները մարեին, օրենքի այս նախագծով ներկայումս այդպիսի պարտադրանք չկա։ Նախագծի երկրորդ հոդվածի համաձայն՝ «Մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը հարկային մարմին կամ պետական ռեգիստրի գործակալություն գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) եւ պետական գրանցման վկայականը (այդ թվում՝ ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերը ազատվում են 2003-2005թթ. համար հաշվարկված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից»։

Սա, ըստ էության, լուծում է պարտավորություններ կուտակած չաշխատող անհատ ձեռնարկատերերի խնդիրը։

Հոդված 3-ով լուծում է առաջարկվում նաեւ այն գործարարների համար, ովքեր պարտավորություններ ունեն, սակայն ցանկանում են պահպանել անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը։ Մասնավորապես, վճարելով սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30 տոկոսը՝ այս անձինք ազատվում են բոլոր պարտավորություններից եւ կարող են շարունակել իրենց գործունեությունը։

«Առաջին անգամ մենք ուզում ենք, որ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ձեռք բերած քաղաքացին իրոք կրի այդ կարգավիճակի իրական պարտավորությունները։ Միգուցե ժամանակին ինչ-որ հանգամանքներ պարտադրել են գրանցվելու որպես անհատ ձեռնարկատեր, իսկ մենք այնպիսի իրավիճակ ենք ստեղծում, որպեսզի անձը գիտակցի, որ եթե ինքը անհատ ձեռնարկատեր է, ապա ունի նաեւ որոշակի պարտավորություններ։ Եթե այդ պարտավորությունների կատարումը ֆինանսական խնդիրներ է առաջացնում, հնարավորություն է տրվում, որպեսզի նա այլեւս անհատ ձեռնարկատեր չհանդիսանա»,- ասում է պրն Ալավերդյանը։

Մեր հարցին, թե նախատեսված արտոնությունից օգտվելու եւ ինքնալուծարվելու դեպքում, եթե անհատ ձեռնարկատերը հետագայում ցանկանում է կրկին գործունեություն իրականացնել, ինքնալուծարման արտոնությունից օգտվելը ինչ-որ կերպ ազդեցություն ունենալո՞ւ է նրա վրա, թե՞ ոչ, պրն Ալավերդյանը պատասխանեց։

– Մենք արդեն խոսում ենք օրենքի մանրամասներից, ես առաջին եւ երկրորդ ընթերցումներից չեմ ուզում առաջ անցնել։ Մի մոռացեք, որ սա դեռ նախագիծ է։ Սակայն նաեւ օրենքով պետք է կարգավորենք ոչ կարգապահ անհատ ձեռնարկատերերի խնդիրը, այնպես չի լինի, որ նրանք գան հարկային մարմիններ, դիմումներ գրեն, լուծարվեն, եւ 6 ամիս հետո նորից գրանցվեն որպես անհատ ձեռնարկատեր։ Դրա համար մեխանիզմներ կան, ռեեստր կարելի է վարել եւ տեսնել, թե քաղաքացին, համարվելով նույնիսկ առանձին դեպքերում գործազուրկ, քանի տեղ է անհատ ձեռնարկատեր, փայատեր կամ որեւէ ՍՊԸ-ի անդամ հանդիսանում։ Սա ասում եմ, որովհետեւ առանձին դեպքերում նրանց փաստաթղթերը (կարգավիճակին առնչվող) չարաշահվում են։ Նրանց փաստաթղթերով ապրանքներ են ներկրվում, գործունեության տարբեր տեսակներ են իրականացվում, եւ այդ մարդիկ ընդհանրապես տեղյակ էլ չեն լինում։ Հետաքննական մեր գործողությունները ցույց են տալիս, որ, որպես կանոն, դրանք առանձին դեպքերում նաեւ թոշակառուներ են, տարեց մարդիկ, ովքեր իսկապես օրենսդրությունից տեղյակ չեն, եւ նրանց կարգավիճակը բիզնեսի որոշակի ներկայացուցիչների կողմից նաեւ չարաշահվել է չնչին վարձատրության դիմաց»։

Մեխանիզմների մասին խոսելով՝ պրն Ալավերդյանը հավանաբար նկատի ուներ օրենքի նախագծի 5-րդ հոդվածը, որի համաձայն` «… սահմանված կարգով գործունեությունը դադարեցված (լուծարված) ֆիզիկական անձանց մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցումը կատարվում է հրապարակված պարտավորությունների ամբողջ գումարի վճարումը հավաստող փաստաթղթի հիման վրա»։ Սա նշանակում է, որ լուծարված անհատ ձեռնարկատերը մինչեւ 2009թ. չի կարող վերագրանցվել, մինչեւ չմարի իր բոլոր պարտավորությունները։ Փաստորեն, պետությունն անուղղակի կերպով այնպիսի պայմաններ է ստեղծում, որ գործարարի համար ավելի նպատակահարմար է դառնում 2006 թվականի ընթացքում այնուամենայնիվ վճարել պարտավորությունների 30%-ը։ Թեեւ, մյուս կողմից, եթե անձը ցանկանա կրկին գործունեություն ծավալել, նա միջոցներ կգտնի, ասենք` գործունեություն կծավալի իր կնոջ, բարեկամի կամ եղբոր փաստաթղթերով։ Այդ դեպքում ավելի լավ չէ՞ր լինի նրան հնարավորություն տալ օրինական կարգով նորից գրանցվել։ Համենայն դեպս, շատ կանգ չառնենք այս կետի վրա, քանի որ, ինչպես նշեց պրն Ալավերդյանը, սա դեռ նախագիծ է, եւ հնարավոր է, որ դեռ փոփոխությունների կենթարկվի։

Հետաքրքրության է արժանի նաեւ 7-րդ հոդվածը, որը նշանակում է, որ 30%-ը վճարելուց հետո էլ անհատ ձեռնարկատերերը գլուխները չեն ազատում պետական մարմիններից։ Եթե ապագայում (մինչեւ վաղեմության ժամկետը լրանալը), պարզվի, որ ձեռնարկատերը, օրինակ, ավելի ցածր է ցույց տվել իր եկամուտները, քան դրանք իրականում եղել են, կամ թաքցրել է վարձու աշխատող ունենալու փաստը, եւ դրանով վնաս է պատճառել պետությանը՝ պետբյուջե կամ սոցապ բյուջե չվճարված գումարների տեսքով, ապա հարկային մարմինները կարող են դատական հայց ներկայացնել՝ գույքի բռնագանձման միջոցով պետության կրած վնասները փոխհատուցելու համար։ Զարմանալին այստեղ այն է, որ նման իրավասություն պետությունը, այսպես թե այնպես, ունի, եւ երեւի կարիք չկար մեկ անգամ եւս այդ բանն օրենքով ամրագրել։ Ամեն դեպքում, մեր անհատ ձեռնարկատերերին խորհուրդ կտանք հետագա անախորժություններից խուսափելու համար ներկայացնել ճշգրիտ տվյալներ։

ԱԺ ներկայացված փաթեթը ներառում է նաեւ այլ օրինագծեր։ Ինչպես նշեց պրն Ալավերդյանը, դրանով պետք է լուծվեն նաեւ այլ խնդիրներ։ Առաջին հերթին դա վերաբերում է սոցվճարների վճարման վարչարարության բարելավմանը, մասնավորապես, սոցվճարների գծով հաշվետվությունների մեխանիզմների կատարելագործմանը. եթե ապահովադիրներն ունեն ճշգրտված հաշվետվություններ, կկարողանան դրանք ներկայացնել հարկային մարմիններ, ընթացքում, մինչեւ ստուգումը, Հարկային օրենսդրության մեջ այս նորմը կար, սակայն սոցվճարների մեջ չկար։ Երկրորդը, օրենսդրորեն կանոնակարգվում է բողոքարկման գործընթացը։ Եվ վերջապես նվազագույն սոցիալական վճարի չափի բարձրացման խնդիրը։ Նվազագույն սոցիալական վճարը հանրապետությունում այժմ 5000 դրամ է, փաթեթով առաջարկվել է այն դարձնել 7000 դրամ։

Պրն Ալավերդյանը դրա անհրաժեշտությունը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Կենսաթոշակների հետագա աճ ապահովելու համար միայն տնտեսական աճի եւ միայն ստվերային տնտեսության հարկումը բավարար չի։ Պետք է ասեմ, որ այս բնագավառում մեր պետությունը շատ անելիքներ ունի։ Նախատեսված է եկող տարի միջին կենսաթոշակը բարձրացնել ավելի քան 1000 դրամով, իսկ միջինժամկետ ծրագրում մինչեւ 2008 թիվը նախատեսված է, որ միջին կենսաթոշակը դարձնենք 14.500 դրամ՝ 1 կենսաթոշակառուի հաշվով։ Այսպիսի ցուցանիշ ապահովելու համար, հաշվի առնելով, որ մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը, որքան էլ զարմանալի է, հավասար է կամ նույնիսկ փոքր-ինչ գերազանցում է աշխատողների թվաքանակին, անհրաժեշտություն է առաջ գալիս, որ այդ աշխատողներից որոշակի գումարների վերաբաշխում կատարվի՝ հօգուտ կենսաթոշակառուների, դրա համար նվազագույն չափի բարձրացում է առաջարկվում, որպեսզի ամեն տարի (2006, 2007, 2008) կայուն աճ ապահովվի անհրաժեշտ մեծության կենսաթոշակներ վճարելու համար»։

Այն հարցին, որ եթե պետությունը ցանկանա հետագայում էլ ավելի բարձրացնել կենսաթոշակները, դա նշանակո՞ւմ է, որ սոցապ վճարների նվազագույն չափը կարող է էլ ավելի բարձրանալ, պրն Ալավերդյանը պատասխանեց, որ առաջիկա ժամանակահատվածում սոցիալական վճարների դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում։ «Պարզապես նվազագույն սոցապվճարի բարձրացումը թույլ կտա տեսանելի առաջիկա 3 տարիների ընթացքում ապահովել այնքան մուտքեր, որ մենք տնտեսական աճի ու վարչարարության այդ գործոնների հետ միասին կարողանանք 3 տարի հետո ապահովել արդեն 14.500 դրամ միջին կենսաթոշակ։ Մի կարեւոր հանգամանք եւս. նվազագույն սոցվճարի չափն ընդունվել է 2000 թվականին՝ 5000 դրամ, այն ժամանակ, երբ նվազագույն աշխատավարձը հանրապետությունում 5000 դրամ էր։ Ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 13.000 դրամ եւ նախատեսվում է այն դարձնել 15.000, իսկ սոցապվճարների չափը, ինչպես տեսնում ենք, փոփոխության չի ենթարկվել»,- ասում է ՀՊԾ պետի տեղակալը։

Պրն Ալավերդյան խոսքերով, փաթեթը պետք է քննարկվի այս ամսվա ընթացքում. «Գիտակցաբար այնպես ենք արել, որպեսզի այն ընդունվի մինչեւ նոյեմբերը կամ նոյեմբերին, որպեսզի մեծ ժամանակ լինի իրազեկելու համար, եւ նաեւ բավականին ժամանակ է տրվում (մինչեւ ապրիլ ամիսը), որպեսզի մենք տեղեկացնենք, իրազեկենք մեր բոլոր անհատ ձեռնարկատերերին։ Կարծում եմ, այդ ժամանակահատվածը իրազեկելու համար շատ ավելի մեծ է, քան առաջ, երբ տրվում էր մեկ ամիս կամ պակաս ժամանակ։ Այնուհետեւ ապրիլից մինչեւ հուլիս հարկային մարմինները ժամանակ կունենան ամփոփելու, քննարկելու բոլոր դիմումները եւ պետական ռեգիստրի հետ օրենքով սահմանված գործողություններն իրականացնելու համար։ Այնպես որ, տարվա երկրորդ կեսին իսկապես կունենանք հավասար, մրցակցային եւ հարաբերական մաքուր դաշտ»։

Հույս ունենանք, որ այս օրինագիծը, որն իրոք շատ խնդիրներ է լուծում, հավանության կարժանանա պատգամավորների կողմից։ Մեր թերթը հետամուտ կլինի օրինագծի քննարկմանը: