Հանրահավաք՝ Սյունիքի մարզպետի սցենարով

14/11/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առաջ Ուրանաստան»: Սա 2 օր առաջ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի հանքավայրի հետազոտական աշխատանքների դադարեցման համար կազմակերպված հանրահավաքի ցուցանակներից մեկի հորդորն է: 1988-ից ի վեր նման զանգվածային հանրահավաք դեռ չէր կազմակերպվել Կապանում, սակայն փոխարենը՝ պակասում էին սյունեցու նախկին ըմբոստությունն ու խիզախությունը: Մարդիկ մի տեսակ կուչ եկած, սառած նայում էին հարթակին, որտեղ ելույթները հաջորդում էին իրար: Այնպիսի տպավորություն էր, կարծես, նրանք անհաղորդ էին կատարվող իրարանցմանը, եւ հանրահավաքն էլ կազմակերպվել է ոչ թե նրանց շահերի պահանջատիրության ոգով, այլ իշխանական բուրգում գտնվողներին ինչ-որ բան խնդրելու համար: «Պա մեր ծեռքին պեն կա՞, աղջիկ ջան: Հինչ օզին, էն ալ ընելու ըն»,- հանրահավաքի պես խաղաղ՝ նշեց կապանցիներից մեկը՝ թերահավատորեն նայելով հանրահավաքի կազմակերպիչներին, ովքեր միջոցառումից ժամեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից նախապես ստացել էին հանրահավաքի սցենարը, որը փորձեցին ի կատար ածել հանրահավաքի կազմակերպիչները: Ի դեպ, հանրահավաքը կազմակերպել էին Կապանի 6 տեղական կազմակերպություններ՝ «Ազատամարտ» կոմիտեն, «Խուստուփ» բնապահպանական հ/կ-ն, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպությունը, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հ/կ-ն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն եւ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղը, որի նախագահ Արշավիր Խալափյանն էլ վարեց ամբողջ հանրահավաքը: Կազմակերպիչներից բացի, ելույթ ունեցան նաեւ «Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Կապանի բնակիչներն ու անգամ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը՝ մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Վերջինս կապանցիներին փոխանցեց, թե իրենք «միշտ կլինեն սյունեցիների կողքին»:

Հանրահավաքից 1 ժամ առաջ

Լեռնաձորը գտնվում է Քաջարանի գանձերի պահապան մեծ արջից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ անգամ աշունն է կորցնում իր հմայքը՝ բախվելով հորատող երկաթյա մեխանիզմներին, որոնցից մեկի հրկիզման համար մեղադրում են գյուղի բնակիչներին: Գյուղի խանութի մոտ հավաքված լեռնաձորցիներն ի սկզբանե այս վարկածը համարեցին անհեթեթ: «Եթե հանքախորշերը բացեն, մենք այլեւս ապագա չենք ունենա այստեղ»,- ասաց Լեռնաձորի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գրետա Աղասարյանը: «2 տարի առաջ, երբ ուրանի հանքավայրի հետազոտությունները նոր էին սկսել, մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին բեմականացում, թե ուրանն ինչ վնասակար կլինի լեռնաձորցիների համար: Երեխաները բեմ էին դուրս գալիս 3 գլուխներով, 5 ձեռքերով, ոտքերով, եւ հանկարծ ուրանի մահվան ուրվականը մարմնավորող աշակերտը դուրս եկավ բեմ՝ սպանեց ամեն կենդանի բան, ինչ կար իր շրջապատում: Բեմականացումը կոչվում էր «Ուրանի ուրվականը»: Այս ներկայացումը նայեց ամբողջ Լեռնաձորը»,- նշեց Լեռնաձորի բնակչուհին՝ նկատելով, որ 2 տարի շարունակ իրենց բողոքները, պայքարն ապարդյուն անցան, քանի որ հորատման աշխատանքները շարունակվում են: Կինն այնքան էր հիասթափված մեր երկրի իշխանություններից, որ հանրահավաքը համարեց անօգուտ միջոցառում: «Հինչ ա տալու, կարիս ասի՞ս: Ես քեզ պեն ըմ հըրցնում: Հի՞նչ օգուտ ա տալու էդ միտինգը: Սոտ-սոտ պեներ ըն: Կառավարությունը հինչ որոշած ա, տի ալ ընելու ա: Պըրծավ-քեցավ»,- զրույցին միացավ լեռնաձորցի տղամարդկանցից մեկը: Լեռնաձորցիներն այնքան հուսահատ էին, որ այլեւս չեն հավատում ոչ մի հեքիաթի: Նրանցից ոմանք պատրաստվում էին, ինչպես իրենք էին ասում՝ իջնել քաղաք, եւ ոչ թե մասնակցելու, այլ կողքից լսելու ելույթները: «Նայեք, այ էն սարում են ռազվեդկա անում: Էդտեղ հասնելու համար պիտի վիլիս կամ նիվա վերցնեք, ամեն մեքենա չի, որ անցնում ա: Համ էլ շատ վտանգավոր ա էդ ուրանը»,- մեկը մյուսին ուղղելով՝ ասացին գյուղի երեխաները՝ մատնացույց անելով հանդիպակաց սարում գտնվող հորատման հսկա սարքերը:

Հանրահավաք կամ դրամատիկ շոու

Կապանի ծառուղիներով մարդիկ գլխիկոր, իրար թեւանցուկ արած, անշտապ գնում էին դեպի Կապանի Մշակույթի կենտրոնի բակ: Թվում էր՝ նրանք գնում էին մասնակցելու ոչ թե հանրահավաքի, այլ հանրային լսումների: Ծերունիները սովորականի պես գրավեցին ուռենիների հարեւանությամբ գտնվող նստարանները՝ հենվելով ձեռնափայտերին: Փոխարենը՝ շատ խանդավառ էին հանրահավաքի կազմակերպիչները:
Հանրահավաքը գուցե ավարտվեր խաղաղասիրական ու հասարակության անտարբեր հայացքների ներքո, եթե «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ հանրահավաքի կազմակերպիչներից «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպության նախագահ Վլադիմիր Աբրահամյանը չհրահանգեր անջատել բարձրախոսը:
Ընդ որում՝ վերջինս հետո պատճառաբանեց, թե ինքը պարզապես տեղյակ չէր, որ ելույթ ունեցողը պատգամավոր է: Մինչդեռ Կապան գալու ճանապարհին կազմակերպիչներից մեկը զանգահարել էր Զ. Փոստանջյանին՝ զգուշացնելով, որ չգա Կապան եւ չմասնակցի հանրահավաքին: «Այս պահին ես չեմ կարող անուններ նշել: Ես գտնում եմ, որ այդ մարդկանց արարքը հարիր չէ հայ տղամարդուն: Թող մտածեն եւ շտկեն իրենց վարքագիծը»,- մեզ հետ զրույցում նշեց Զ. Փոստանջյանը: «Ես էի զանգահարել Զ. Փոստանջյանին,- ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը,- Ամբողջ խնդիրն այն է, որ փորձում են հարցը քաղաքականացնել, իսկ մենք չենք ուզում, որ բնապահպանական այս շարժումը քաղաքականացվի: Կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են իրենց վերագրել այս նախաձեռնությունը, եւ դրանով փորձում են դիվիդենտներ ձեռք բերել: Մենք դա թույլ չենք տա: Խոսակցություններ կան, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է իրեն վերագրել էս նախաձեռնությունը, ու Երեւանում էլ ԶԼՄ-ներին տեղեկացնում է (խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է.- Մ.Մ), թե ինքն է կազմակերպում: Ինչի՞ պիտի էդպես լինի: Մենք չարչարվենք, որ ինքն էլ գնա դիվիդենտներ շահի»: «Կարծում եմ՝ տերմինների փոքր-ինչ սխալ գոյություն ունի: Ըստ էության՝ ցանկացած էկոլոգիական շարժում նաեւ քաղաքական շարժում է: Երեւի պետք է ասեին՝ կուսակցական շարժում չէ սա, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ»,- հակադարձեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Իհարկե, այն, որ վերջին շրջանում «Ժառանգությունն» ակտիվորեն մասնակցում է բնապահպանական միջոցառումներին՝ որոշակի դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով, գաղտնիք չէ: Սակայն հարկ է նշել, որ կազմակերպիչներն իրենք էին հանրահավաքից օրեր առաջ բոլորին` անկախ նրանից, թե ինչ կազմակերպության կամ կուսակցության ներկայացուցիչ են, կոչ արել գալ եւ մասնակցել հանրահավաքին: Ինչեւէ, դրամատիկ հանրահավաքի կուլմինացիան դարձավ Զ. Փոստանջյանի ելույթը, որի ողջ սցենարը նախապես մշակել էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Ի դեպ, վերջինս մարզպետարանի շենքից հեռացավ այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր հանրահավաքը: Մեր տեղեկություններով՝ հանրահավաքից ժամեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր մոտ էր կանչել տեղական կազմակերպությունների ղեկավարներին՝ նախ մի քանի հորդոր-նախազգուշացումներ տալու, ապա հայտնելու, որ հանրահավաքի ժամանակ ինքը ելույթ կունենա, եթե Զարուհի Փոստանջյանը չմասնակցի: Եվ դա էր պատճառը, որ նախ Զ. Փոստանջյանին Կապան գալու ճանապարհին զգուշացրեցին հետ գնալ, ապա պատահաբար անջատեցին նրա միկրոֆոնը: «Ես տեսա՝ Վոլոդյա Աբրահամյանը նարոչնի անջատել տվեց միկրոֆոնը: Ես էլ ասացի՝ էն աղջիկը դեպուտատ ա, պիտի խոսի: Պա քու Ղափանի դեպուտատներն ու նախարարները շտեղ ըն, որ եկալ չըն: Ես դեմ եմ Կառավարության որոշումներին: Էդ Կառավարությունը վաաբշե մտածո՞ւմ ա, թե հինչ որոշումներ ա ընդունում: Ես բանվոր մարդ եմ, պատերազմի առաջին կարգի հաշմանդամ եղբորս եմ պահում: Եթե վիճակն էսպես շարունակվի, սաղս էլ գնալու ենք: Տեսեք՝ այ հենց գետի վրայի էն խանութը, որ սարքում ենք, Վոլոդյա Աբրահամյանինն ա, իսկ էն բիզնես-կենտրոնի շենքն էլ Մաքսիմ Հակոբյանինն ա»,- ասաց կապանցիներից Աշոտը: «Բայց դե էս միտինգն ալ ա պետք: Էլի որ մալադեց»,- ավելացրեց զրուցակիցս: