Ով այնպիսի սուտ ասի, որ ՄԱԿ-ում հավատան

14/11/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Մրցակցությունն ապահովում է ապրանքների լավագույն որակ եւ զարգացնում մարդկանց վատագույն հատկությունները»։
Դեւիդ Սառնոֆֆ

Հայաստանի տնտեսական անցուդարձին քիչ թե շատ տեղյակ մեր հայրենակիցները երեկ զարմանալու մի մեծ առիթ ունեցան։ Պարզվում է՝ տնտեսական մրցակցության տեսանկյունից մենք առաջատար, նախանձելի դիրքերում ենք։ Սակայն ամեն ինչ՝ հերթով։

Մի քանի օր առաջ Շվեյցարիայում կայացել է մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովը, որին մասնակցել են ավելի քան 100 երկրների մրցակցության պաշտպանությամբ զբաղվող մարմինների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակցել է նաեւ Հայաստանը՝ ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի։ Ինչպես նշվում է այս կառույցի պաշտոնական հաղորդագրության մեջ, համաժողովի աշխատանքային մեկ ամբողջ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, այդ ոլորտում ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը: ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցի հրապարակումից հետո ելույթ է ունեցել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը, որոնք կատարվում են միջազգային կառույցներից ստացված առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա: «Մասնավորապես, ներկայացվել է մրցակցության բարելավմանն ուղղված եռամյա ռազմավարության ծրագիրը եւ մրցակցային օրենսդրության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները, որոնք հիմնականում իրականացվում են հաշվի առնելով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի եւ այլ միջազգային կազմակերպությունների առաջարկությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եվ անմիջապես հետո սկսվում է մեկը մյուսից զարմանալի նախադասությունների շարանը։ «Համաժողովի մասնակիցները եւ կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկրներից շատերը ցանկություն են հայտնել հետեւելու Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին»։ Ըստ էության, Ա. Շաբոյանը պետք եղածից մի փոքր ավելի է ջանացել՝ Հայաստանի միջազգային վարկը բարձր պահելու հարցում։ Ցավոք, չի նշվում, թե այդ ո՞ր երկրներն են նման ցանկություն հայտնել։ Իմանալու դեպքում կարելի էր այդ երկրների բիզնեսմեններին կոչ անել փորձել Հայաստան որեւէ ապրանք ներմուծել։ Այդ դեպքում ավելի արագ կընկալեին բարեփոխումների մեր օրինակը՝ իր արդյունքներով հանդերձ։ Ասվածի մեջ հեգնանք ամենեւին չկա. ո՞ր մի օտարերկրյա օլիգարխներին դուր չի գա մեր իշխանությունների մոտեցումը՝ «օլիգոպոլիաների դեմ պայքար՝ չի նշանակում՝ օլիգարխների դեմ պայքար»։
Դեռ լավ է, որ մեզանում մրցակցության ոլորտում առկա խնդիրների մասին գոնե խոսում են, այդ թվում՝ իշխանություններն ու միջազգային կառույցները։ Սակայն չխոսել չի լինի, քանի որ մեր երկրում կան շուկայական տնտեսության բոլոր բացասական դրսեւորումները՝ առաջին հերթին, օլիգոպոլիաները եւ մոնոպոլիաները։ Մոնոպոլիայի հիմնական բացասական ազդեցությունն այն է, որ մոնոպոլիստը լիակատար ազդեցություն ունի գնի վրա եւ կարող է բառի բուն իմաստով թալանել սպառողներին, եթե պետությունը նրան թույլ տա։ Մեր դեպքում «եթե»-ն չկա։
Օլիգոպոլիայի դեպքում եւս թալանի հնարավորությունը կա, բայց մի քիչ դժվար է։ Սակայն օլիգոպոլիստները (մի քանի սուբյեկտների մոնոպոլիան), ինչպես տնտեսագիտության մեջ ընդունված է ասել, կարող են «դավադիր համաձայնության» գալ՝ սպառողներին փաստի առաջ կանգնեցնելով։ Օրինակ, եթե ՄԱԿ-ի համաժողովում Հայաստանի մրցակցային իրավիճակին այդքան բարձր գնահատական տված չլինեին, կմտածեինք, որ Հայաստանով մեկ սփռված մի քանի հարյուր բենզալցակայանները ինչ-որ նման համաձայնության են գալիս, երբ նույն օրը նույն ժամին նույն չափով թանկացնում կամ էժանացնում են բենզինը։ Սակայն քանի որ «մասնակից երկրներից շատերը ցանկություն են հայտնել հետեւելու Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին», ստիպված ենք մտածել, որ բենզալցակայանների տերերը շուկայի զարգացումների հարցում տելեպատիկ հատկություններ ունեն։
Ի դեպ, մեր երկրին հատուկ է նաեւ շուկայական մոդելի թերությունների մյուս ծայրահեղությունը՝ երբ շուկայի եւ գնի վրա ազդեցություն են ձեռք բերում ոչ թե վաճառողները, այլ գնորդները։ Այս երեւույթներն անվանում են մոնոպսոնիա (երբ գնորդը մեկն է) եւ օլիգոպսոնիա (մի քանի գնորդներ)։ Բացասական ազդեցության իմաստով սրանք չեն տարբերվում օլիգոպոլիաներից եւ մոնոպոլիաներից. գին են թելադրում եւ ազդեցություն ձեռք բերում շուկայի վրա։ Որպես օրինակ՝ կարելի է նշել խաղողի մթերումը, երբ շուկայում գործող մի քանի խոշոր ընկերություններ իրենք են որոշում՝ ինչ գնով գնել խաղողը։ Վաճառողը (տվյալ դեպքում՝ խաղող մշակողը) փախչելու տեղ չունի. կամ պետք է խաղողը իր սպասածից էժան գնով տա ընկերությանը, կամ էլ՝ թափի։
Մրցակցության խնդիրն առկա է անգամ պետական համակարգում։ Եթե շուկայական տնտեսության ու մրցակցության գաղափարի նախահայր Ադամ Սմիթն ի սկզբանե բացառում էր պետության դերը, ապա պետությունն այսօր ինքը շուկայի մասնակից է դարձել։ Հիմնականում հանդես է գալիս որպես գնորդ՝ պետական ծախսումներ կատարելով։ Ընդ որում, մրցակցային պայմաններով, մրցույթի միջոցով։ Սակայն Հայաստանում լայն տարածում գտած «ատկատի» մեխանիզմը վկայում է, որ պետությունը, շուկայի բացերը վերացնելու փոխարեն, ինքն է օրինակ ծառայում մրցակցությունն այլասերելու հարցում։
Նշենք, որ շոտլանդացի տնտեսագետը ժամանակին համոզում էր, որ շուկան լիովին ինքնակառավարվող մեխանիզմ է, պետության միջամտության կարիքը չկա, եւ որ բացասաբար ընկալվող անձնական շահն ի վերջո հանգեցնում է հասարակության շահին։ Օրինակ՝ X եւ Y ընկերությունների սեփականատերերը, մրցակցելով միմյանց հետ առավելագույն շահ ստանալու համար՝ լավացնում են իրենց ապրանքի կամ ծառայության որակը, նվազեցնում գինը, մեծացնում ընտրության հնարավորությունը։ Այդ դեպքում շահում է եւ՛ սպառողը, եւ՛ արտադրողը, եւ՛ ընդհանուր առմամբ՝ ողջ երկիրը։
Սակայն, երբ շուկա եւ արդար մրցակցություն երեւույթները այլասերվում են՝ տեղի տալով խաբեությանն ու զոռբայությանը, եւ երբ դրա հետ մեկտեղ՝ անձնական շահերը ետին պլան են մղում հասարակական շահերը, ունենում ենք այն, ինչ ունենք։ Կարեւորը՝ կարողանում ենք այդ ամենը լա՜վ փաթեթավորել եւ այնպես ներկայացնել կյանքի մեծ մասը համաժողովներում անցկացրած արտասահմանցիներին, որ նրանք մեզ նախանձեն։ Բլեֆը շուկայական մրցակցության անբաժան ուղեկիցներից մեկն է։