Ո՞րն է լավագույն հասարակական հաղորդումը. երբ հեռուստատեսությունը առաջադրում է հարցեր եւ տալիս է հարցերի պատասխաններ, որոնք չգիտի հեռուստադիտողը։ Իսկ ո՞րն է անորակը. երբ հեռուստադիտողը գիտի հարցերի պատասխանները, որոնց սխալ են պատասխանում հյուրերը։ Բայց կա նաեւ անորակի ու որակյալի միջինը՝ երբ հրավիրված հյուրերը հայ մտավորականներ են։ Այս դեպքում հեռուստադիտողը մտնում է բանավեճի մեջ նրանց հետ։
Ու ես էլ բանավեճի մեջ եմ մտնում հիմա երկու մտավորականների հետ՝ անցած ուրբաթ Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրերի՝ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի հետ։ Երեք թեմա՝ Նոր Հաճընի ընտրությունները, որտեղ երկու շաբաթ առաջ մարդ սպանած Արմեն Քեշիշյանը, բերդում նստած, ընտրվեց քաղաքապետ, Սահմանադրության հանրաքվե, ավանդների վերադարձ։ Երրորդը դնենք մի կողմ։ Հյուրերը ներկայացնում էին երկու այնպիսի հոսանքներ, որ երեւի միայն Հայաստանում կճարվի. Մարինե Պետրոսյանը պաշտպանում էր ժողովրդավարությունը, Սահակյանցը՝ ընտրություններ կեղծելով իշխանություն պահելը, այսինքն, բռնապետության հայկական տարբերակը։
Այո, Սահակյանցը, կոպիտ ասած, ուզում էր ապացուցել, որ լավագույն իշխանությունը Ռոբերտ Քոչարյանինն է, եւ որեւէ ձեւով չի կարելի թույլ տալ, որ տապալվի։ Իսկ նրան ամենաշատը սպառնում է ժողովրդավարությունը։ Ու եթե դեմ ես ժողովրդավարությանը, ուրեմն կողմ ես բռնապետությանը։ Սա ենթատեքստը։ Իսկ ավելի նուրբ՝ չէր տալիս նախագահի անունը, այլ վախեցնում էր ժողովրդավարությամբ, ասում էր, որ անհրաժեշտ է կեղծել ընտրությունները, բառացի. «ուրիշ կերպ հնարավոր չի, որովհետեւ եթե մենք այսօր դնենք ազատ քվեարկության, պրեզիդենտական տեղի համար կպայքարեն Արամ Ասատրյանը Տիգրան Կարապետիչի հետ։ Եվ այս իրավիճակում սուրբ գործ է խառնվել ու կեղծել ընտրությունները»։ Ընդհանրապես ռեժիմների գաղափարախոսները փորձում են այն պահել՝ վախեցնելով ազատությամբ ու ժողովրդավարությամբ։ Դրա ծայրահեղ դրսեւորումն էր Ստալինը, որ այնքան էր ազատությամբ վախեցրել մարդկանց, որ երբ նա մեռավ, ժողովուրդը իրեն որբ էր զգում։ Հիմա էլ Սահակյանցն է վախեցնում ժողովրդավարությամբ՝ այ տեսեք, թե ինչ կլինի, եթե ազատ ընտրություն լինի։ Կարելի է բանավիճել, ասել՝ ի՞նչ, ԱՄՆ-ում, որ ժողովրդավարություն է, նախագահ է ընտրվում DMX-ը, թե՞ Դոկտոր Դրեն։ Բայց իմաստ չունի բանավիճել մեկի հետ, որը ոչ թե տրամաբանությամբ է առաջնորդվում, այլ ատելության ու սիրո զգացմունքներով, իսկ ավելի որոշակի՝ զգացմունքների տակ թաքնված է նեղ անձնական շահը՝ նրա մերձավորների բարձր պաշտոնները եւ բյուջեից մուլտիպլիկացիայի համար նրան տրվող գումարները։ Այ հիմա է պարզ դառնում, թե ինչով են տարբերվում հայ մտավորականները ուրիշներից. նրանց թվում է, թե մտավորականի կոչումը օգնում է գաղափարի տակ անձնական շահ քողարկելը։
Բայց կա Սահակյանցի խոսքի մեջ մի ուրիշ գաղափար էլ, որ ավելի անկեղծ է. հայ ժողովուրդը անճաշակ է, անկիրթ եւ կընտրի անկիրթ ու անճաշակ մարդկանց։ Ճաշակի դիկտատը Սահակյանցի երազանքն է, մի հաղորդման ժամանակ նա ասաց՝ անհրաժեշտ է, որ լինեն մշակույթի սահմանապահներ։ Տոտալիտար մտածողություն ունեցող մարդը ցանկանում է պարտադրել իր ճաշակը՝ չընդունելով հայ ժողովրդական իմաստությունը՝ ճաշակին ընկեր չկա։ Մի ասացվածք, որ արեւմտյան հանդուրժողականության հիմքերից է։ Խորհրդային Միության անհանդուրժողականությունը ոչնչացնում էր բազմաթիվ ուղղություններ՝ արվեստում մոդեռնիստական շատ հոսանքներ, երաժշտության մեջ էլ մասնավորապես Սահակյանցի համար ատելի ռաբիսը։ Եվ հենց այդ անհանդուրժողականության պատճառով ռաբիսը չբարգավաճեց, դարձավ արհամարհելի։ Բայց հենց Արեւմուտքում ընդունելություն ունեցավ, դարձավ բարձր արվեստ։ Օրինակ, Ջիվան Գասպարյանի դուդուկը (հիմա կվիճեն, թե դուդուկը ռաբիս չի, բայց հենց ռաբիսը առաջացել է դուդուկով գերեզմանների վրա նվագելուց ու դուդուկի տակը երգելուց)։ Ի դեպ, «Ուրվագծի» հեղինակ Պետրոս Ղազարյանի ուշքը գնում է ռաբիսի դեմ խոսելու համար, եւ երկուշաբթվա հաղորդմանը նա հեռախոսային հարցումով պարզեց, որ հեռուստադիտողների 61 տոկոսը դեմ է ռաբիս հաղորդելուն, ու ուրախ ասաց՝ ես այդ 61 տոկոսի մեջ եմ։ Ռաբիսի դեմ լինելը բարձր ճաշակի նշան է համարվում։ Իսկ Ղազարյանի խելքը գնում է իրեն խելոք ու ճաշակով ներկայացնելու համար։ Թե ինչու միջազգային ասպարեզում Հայաստանի արվեստի գործերը չեն թափանցում, պատասխանը պարզ է՝ ստեղծագործական ազատությունը ճնշվում է, այն էլ ոչ այնքան իշխանությունն է ճնշում, որքան մտավորականները։ Ջազն էլ ռաբիսի պես առաջացել է սգո արարողություններում, բայց Ամերիկայում ջազմենների դեմը չէին կարող առնել ջազի թշնամիները։ Թե չէ ռաբիսի կլարնետիստ կա, որ Սիդնի Բեշետից պակաս խաղեր չի տալիս, ուղղակի բախտը չի բերել, ընկել է հայ մտավորականների ճաշակի դիկտատի տակ։ Բայց Արեւելքը միայնակ չի Սահակյանցի մտքում, Արեւմուտքում առաջացած ազգի գաղափարի ծայրահեղացված դրսեւորումը խառնվել է արեւելյան մենթալիտետին։ Նա ասում է. «յա վսեգդա ռազդելյալ նառոդ ի նացիու, նացիեյ յա գառժուս ա ժողովուրդ, ու մենյա դեպրեսյա նաչինայեցա» (Սահակյանցը, ինչպես հայտնի է, հայերեն երբեք չի խոսում, նրա ռուսերենը բացառության կարգով չեն թարգմանում։ Ես նրա մեջբերումները թարգմանել եմ։ Բայց այս մեկը չթարգմանեցի, քանի որ իր ատելի ժողովուրդ բառը նա ասաց հայերեն, որտեղ երեւում է նաեւ ատելությունը հայերենի նկատմամբ)։ Ի՞նչ է ազգը, տարբեր տեսակետներ կան։ Բայց տարբերակները մի կողմ։ Կա եվրոպական ազգի ըմբռնում, ասենք, ֆրանսիական ազգ, որի անդամների մեջ կան Ազնավուր, Բրել, Կիրկորով եւ նաեւ Արամ Ասատրյան լսողներ, ես ճանաչում եմ, նրանք բոլորը ֆրանսիական ազգ են։ Միայն ֆրանսիացի չեն նրանք, ովքեր ֆրանսերեն չգիտեն։ Սա թողնենք, հայ ժողովրդի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել։ Բայց Սահակյանցը ուրիշ ազգի մասին է խոսում՝ նացիստականի հայկական տարբերակի՝ երբ ազգը առողջ, համազգեստավոր ռուսախոսների մի բանակ է, որ լսում է նույն երաժշտությունը, նայում նույն ֆիլմը, ուտում նույն կերակուրը եւ ողջունում նույն ֆյուրերին։ Իր մուլտերում էլ ժողովուրդը միշտ, տգեղ, անառողջ մեծ քթերով, ռաբիս լսող, հիվանդոտ է (հիշենք նացիստական Գերմանիան, ուր հիվանդներին կաստրացիա էին անում)։ Մի քանի հարցում Մարինեն ու Սահակյանցը համաձայն են, որ Նոր Հաճընում ընտրությունները սարսափելի արդյունք տվեցին։ Մարինեն բերել է մամուլից թվեր ու հաշվում է. «Նոր Հաճըն քաղաքում եղել ա 8600 ընտրող, մասնակցել ա կեսը` 4400, կեսը չի մասնակցել, բոյկոտել ա, էս կեսից կեսը ընտրել ա քաղաքապետին՝ 2160-ը, անբարոյականություն ա ասել, որ ժողովրդի մենթալիտետն է։ Էն մարդիկ, որ չեն գնացել ընտրության, ինձ համար նրանք են ներկայացնում ժողովուրդը։ Կարգին մարդիկ չեն գնում ընտրության»։ Այս խոսքից հետո հասկացվում է, թե ինչու Պետրոսյանի ու Սահակյանցի բանավեճը չի ստացվում, թեեւ նրանք հակադիր կարծիքներ ունեն հասարակությունը կազմակերպելու վերաբերյալ։ Մարինեի համար էլ է ազգը բաժանվում ժողովրդի ու նացիայի, միայն այլ բառապաշարով՝ կարգինի ու անբարոյականի։ Եվ ինքը որոշում է՝ ընտրության չգնացողը կարգին մարդ է։ Բայց պրոբլեմ առաջացավ, երբ Պետրոս Ղազարյանը ասաց, որ գնում է ընտրության. «Պետրոս, դու գնո՞ւմ ես ընտրության», ուրեմն նոր չափանիշներ են անհրաժեշտ։ Իսկ ովքեր գնացե՞լ են ու գնացել ու ընտրել են մարդասպանի՞ն, չարժի՞ հարցնել, թե ինչու։ Կարելի է պատկերացնել մի կնոջ, որի ամուսինը Հայաստանում չի, ինքը դժվարությամբ երեք երեխա է մեծացնում, նրա աշխատանքը կախված է քաղաքապետից, ու նրան ասում են՝ ընտրիր քաղաքապետին եւ աշխատանքդ չես կորցնի։ Նա ընտրում է, կարգին մարդ չի՞։ Այդպիսի կինը մի եզակի երեւույթ չի, երկրի դեմքն է, անպաշտպան ու չարքաշ աշխատող կանանց բանակը, որոնց մարդասպանները կարող են ստիպել, որ իրենց ընտրեն։ Հայաստանն ունի այլ դեմքեր էլ, բայց եթե նրանց բաժանես կարգինի ու անկարգի, այդպես էլ չես իմանա, թե ինչ երկրում ես ապրում. այդ ածականները չեն բնութագրում հասարակությունը։
Սակայն Մարինեն ու Սահակյանցը մի հարցում էլ են համաձայն. նրանց մտքով չի անցնում, որ իրական ընտրություն չի եղել։ Նույնիսկ, եթե ընդունենք, որ քվեատուփի մեջ ընկած քվեաթերթիկները ճիշտ են հաշվել, էլի ընտրություն չի եղել։ Ընտրությունը նաեւ այն է, երբ ընտրողը առանց որեւէ ճնշման, սպառնալիքի, առանց ինչ-որ մեկից կախում զգալու, ազատ գնում ընտրում է այն թեկնածուին, որն իր կարծիքով կյանքը կբարելավի։ Ի՞նչը կարող էր ստիպել ընտրողին. հազար ու մի բան, բայց ոչ ազատ ընտրությունը, թե մարդասպանը կփոխի երկիրը։ Իսկ Սահակյանցը ասում է. «լրիվ դեգրադացիա, ես սպասում եմ, երբ հազարավոր մարդիկ կքվեարկեն այն մարդու օգտին, որ նստած է բանտում մանկահասակ աղջկան բռնաբարելու համար»։ Սահակյանցը ժողովրդին այնքան է ատում, որ դարձնում է աննորմալ։ Ըստ Սահակյանցի, դուրս է գալիս, որ ընտանիքները իմանում են՝ թեկնածուն աղջիկ է բռնաբարել, ու ոգեւորվում են, ուրախանում ու գնում նրան ընտրելու՝ երազելով, որ իրենց աղջիկներին էլ կբռնաբարի։ Բնական է, որ ոչ մի քաղաքացի, որ մարդասպան ու հանցագործ չի, չի ցանկանա ընտրել մեկին, որն ամեն վայրկյան անպատիժ կարող է մարդ սպանել, ու այդ մարդկանցից մեկն էլ կարող է լինել ինքը կամ իր ընտանիքի անդամը, լինի հայ, վրացի թե ռուս, թե ադրբեջանցի։