«Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի դեմ կազմակերպված մահափորձի ետեւում կանգնած էր Վատիկանը»,- այդ մասին Թուրքիայի հանրային հեռուստատեսության (TRT) ուղիղ եթերում հայտարարել է Մեհմեդ Ալի Աղջան, ով 1979թ. սպանել էր «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիին, իսկ 1981թ. մահափորձ էր իրականացրել Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի դեմ: «Պապի մահափորձի ետեւում կանգնած էին Վատիկանի իշխանությունները: Նրանք էին որոշում կայացրել եւ ծրագրել»,- ասել է Աղջան` ավելացնելով, որ Հռոմի պապի դեմ մահափորձը ցանկանում էր Վատիկանի կառավարության ղեկավարը: «Պապի դեմ հարձակումը ցանկանում էր Վատիկանի վարչապետ, կարդինալ Ագոստինո Վալինին: Այսինքն` Հռոմի պապին մոտ կանգնած անձանցից մեկը: Իսկ գործողությունը ծրագրել է Վատիկանի հետախուզության ներկայացուցիչ պադրե Միչելեն»,- հայտարարել է Աղջան` նշելով, որ իրեն հանձնարարված էր միայն վիրավորել Հովհաննես Պողոս Երկրորդին: «Ինձ հանձնարարեցին ոչ թե սպանել, այլ վիրավորել Հռոմի պապին: Ասացին` «Գլխի կամ սրտի ուղղությամբ չկրակես: Նշան բռնիր որովայնին»: Մահափորձի իրականացումից հետո կարող էի փախչել, սակայն իմ ձերբակալությունը գործողության մի մասն էր»,- ասել է Աղջան` նշելով, որ մահափորձի իրականացման զենքը գնելու համար Վատիկանի իշխանություններից ստացել է 40-50 հազար ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ 30 տարվա բանտարկությունից հետո Մեհմեդ Ալի Աղջան այս տարի ազատ էր արձակվել թուրքական բանտից: 20 տարի Իտալիայում բանտարկված մնալուց հետո նա 2000 թվականին տեղափոխվել էր թուրքական բանտ: Անկարայի բանտում Աղջան շարունակել է կրել իր պատիժը ավելի վաղ կատարած հանցագործության համար: