«ԱՄՆ-ը մուկն է, իսկ Կանադան՝ փիղը»,- պրոֆեսորն այսպես է բնորոշում երկու զարգացած երկրների փոխհարաբերությունները, քանի որ Կանադայի արտաքին առեւտրի մոտ 85%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, ու եթե վերջինս «փռշտա, ապա կանադական տնտեսությունը գրիպով կհիվանդանա»: Այս փաստը, Փալի կարծիքով, Կանադայի ամենախոցելի տեղերից է, առավել եւս, որ վերջերս գերտերությունը հաճախակի է «փռշտում» Էմիլիի, Կատրինայի, Ռիտայի եւ այլ «կանանց» պատճառով: Այս տեսանկյունից հայ-ռուսական հարաբերությունները դեռ այդ աստիճանի չեն հասել, բայց նման քաղաքականության շարունակման դեպքում` Ռուսաստանն անշուշտ կդառնա մեր «մուկը»:
Կանադայի զարգացման կարեւոր գործոններից մեկը պրոֆեսորը համարում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: 1982թ. երկիրն ընդունել է «Ազատությունների եւ մարդու իրավունքների հռչակագիրը», որի 1-ին դրույթի համաձայն, թե՛ դաշնային եւ թե՛ նահանգային իշխանություններն իրենց գործունեությունը պետք է համաձայնեցնեն այդ հռչակագրի հետ: Մասնավորապես, երկրում գոյություն ունեն անկախ դատարաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են իշխանություններին պատասխանատվության կանչել, եւ այդպիսի դեպքեր բազմիցս եղել են: Հասկանալի է, որ Հայաստանում նման բան պատկերացնելն անգամ անհնար է։
Գլոբալ մակարդակով պետական խնդիրները (պաշտպանություն, արժութային քաղաքականություն եւ այլն) Կանադայում լուծվում են դաշնային իշխանության կողմից, այն դեպքում, երբ կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ բնագավառներում ակտիվ գործունեություն են ծավալում նահանգները՝ օգտագործելով իրենց բյուջեի միջոցները: Հայաստանի համայնքները նույնպես ունեն իրենց բյուջեները, սակայն դրանց կազմավորման եւ արդյունավետ օգտագործման հստակ մեխանիզմները մեզ մոտ բացակայում են, որին նպաստում է կոռուպցիայի բարձր մակարդակը:
Կանադական փորձի օրինակելի դրույթներից է հարկային քաղաքականության դիվերսիֆիկացիան ըստ նահանգների: Այնտեղ հարուստ եւ աղքատ նահանգների տարբերակում գոյություն չունի: Եթե մի տարածաշրջանն ավելի հարուստ է ռեսուրսներով, տարբեր գործոններով պայմանավորված ավելի բարենպաստ է ներդրումների համար, ապա հարկային քաղաքականությունն այնտեղ առավել խիստ է, որի նպատակը նահանգների միջեւ բնակչության կենսամակարդակի հավասարեցումն է: Հայաստանում գործում է միասնական հարկային համակարգ բոլոր մարզերում, իսկ պատկերը ծանոթ է բոլորիս. Երեւանի կենտրոնը դառնում է հայկական Փարիզ, իսկ հանրապետության մյուս համայնքների բնակիչները քիչ է մնում՝ Զիմբաբվեին էլ երանի տան:
Անդրադառնալով կոռուպցիայի հիմնախնդրին՝ պրոֆեսոր Փալը նշեց, որ կաշառակերության դեպքեր առկա են աշխարհի բոլոր երկրներում, սակայն որպես համատարած երեւույթ՝ Կանադայում այն բացակայում է, ինչն էլ երկրի տնտեսության զարգացման գրավականներից է: