Մարմինն իրականությունը զգալու ուղի է

11/11/2010

Նոյեմբերի 15-ին Նկարիչների միության շենքի 3-րդ հարկում կմեկնարկի «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի համադրողները 5 արվեստագետներ են` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արման Գրիգորյանը, Արեւիկ Արեւշատյանը, Դավիթ Կարեյանը: Ցուցահանդեսը կներկայացնի տարբեր արվեստի ժանրերում հավերժացրած մարդկային մարմնի պատկերները` կերտած ինչպես արդեն դասական համարվող նկարիչների, այնպես էլ երիտասարդների կողմից: Ցուցահանդեսին կնախորդի կատալոգի տպագրումը, մերկ մարմնի հետ կատարված կերպարային մետամորֆոզները կներկայացվեն համադրող-հեղինակների հոդվածներում:
«Ժամանակակից մարդն այլ կերպ է զգում մարմինը, եւ հետեւաբար ժամանակակից կերպարային (ֆիգուրատիվ) արվեստը պետք է տարբեր լինի անցյալի կերպարային արվեստից: Ժամանակակից մարդը կարծես բազմաթիվ մարմիններ ունի, նույնիսկ` վիրտուալ, եւ ժամանակակից արվեստն էլ կարիքն ունի նրա ներկայացման բազմաթիվ ձեւերի»,- նկատում է Արարատ Սարգսյանը` նշելով, որ արվեստում կարեւոր դիրք ունի նաեւ վիդեոարտը, քանի որ մարդը սեփական մարմինը լուսանկարներում, նկարահանված դրվագներում տեսնելով է նաեւ ճանաչում իրեն: Արման Գրիգորյանը, որ համադրել է «Ֆրոնտալ մերկություն» նախագիծը, առանձնահատուկ ասպեկտով է դիտարկում մարմնի մերկությունը. «Մարմնի մերկության շնորհիվ կերպարվեստը գտնում է իր սոցիալական առաջադեմ դերը, եւ ի տարբերություն մարդկային գործունեության բազմաթիվ այլ դրսեւորումների` շարունակում է մնալ կյանքի ավանգարդում»: Ա. Գրիգորյանը մարմնի մերկությունը նույնացնում է ազատության հետ. «19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի մշակութային եւ քաղաքական հեղափոխությունները ոչ եվրոպական ազգերին հնարավորություն էին տալիս չթաքցնել, այլ բաց ու հպարտ կեցվածքով տեր դառնալ իրենց նյութական հարստությանը, որն աշխատանքային գործիքներից, անշարժ գույքից ու ֆինանսական հոսքերից առավել ազատագրված քաղաքացու սեփական մարմինն է»: Նկարչուհի Արեւիկ Արեւշատյանը, ով դիտարկում է կանանց ստեղծած մարմինները, նկատում է, որ մարմինը իրականության զգացողության միակ սուբյեկտն է. «Մարմինը մեզ կապում է ծննդյան եւ մահվան, ցավի եւ հաճույքի, արդարության եւ բռնության երեւույթներին: Այսինքն` եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերները, չես էլ նկատի, որ գոյություն ունի իրականություն»:
Այս ցուցահանդեսը լավ առիթ է տալիս հանդիսատեսին վերաիմաստավորել եւ անցյալի արվեստը, եւ այսօվա իրականությունը` մարդկային մարմնի պատկերների միջոցով: Մարմնականն ու հոգեւորը սովորաբար հակադրվում են իրար (մնալով որպես պատմական, կրոնական ճնշման բանաձեւ), իսկ 40 հայ արվեստագետների գործերով փորձ է արվելու այդ վտանգավոր հակամարտության վերջը դնել ու դիտարկել մարմինը՝ որպես ուղերձ: Ուղերձները տարբեր են, ինչպեսեւ՝ մարմինների կառուցվածքներն ու պատկերման ձեւերը:
Ն.Հ.