Մայր թատրոնը վիրաբուժական սեղանին պառկած է մնացել

11/11/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում գրեթե 3 տարի առաջ մի էքսպերիմենտ կիրառվեց, որն իր անհեռանկարային ու դիլետանտական բնույթով թատրոնը սուզեց անժամկետ կոմայի մեջ: Այդ էքսպերիմենտի հիմքում նախկին գեղարվեստական ղեկավարին աշխատանքից ազատելու մղումն էր, որը թեեւ աղմկալի ստացվեց, սակայն բարեհաջող ավարտվեց: Իսկ հետո՞: Հետո, Շեքսպիրին հիշատակելով, կարելի է ասել, որ եկավ լռությունը, նույն ինքը` անգործությունը, որն էլ թատրոնի օրգանիզմի՝ կոմայի մեջ հայտնվելու պատճառ է դարձել:
Շարունակելով բժշկական տերմինոլոգիան` կարելի է ասել, որ թատրոնը վիրահատության ենթարկվեց, հիվանդ օրգաններից մեկը (ասենք` լեղապարկը) հեռացվեց, բայց վիրաբույժները մոռացան պացիենտի որովայնը կարել, եւ վիրահատության ենթարկված թատրոն-oրգանիզմը այդպես էլ բաց ստամոքսով շարունակում է վիրահատական սեղանին պառկած մնալ: Այս բնութագրումը թատրոնի գիտակներից մեկին է պատկանում, եւ այն շատ դիպուկ բնորոշում է Մայր թատրոնում ստեղծված իրավիճակը: Թատրոնն, իհարկե, դեռ կա (թատրոն սպանելն ընդհանրապես այդքան էլ հեշտ գործ չէ), բայց կյանքն այդ օրգանիզմում պահպանվում է արհեստականորեն` հավելյալ սարքերի (խորհուրդների, հրահանգների, դահլիճը վարձակալության տալու օրինակների ու ներկայացումների տոմսերը մարզերում տարածելու պրակտիկայի) օգնությամբ: Մինչդեռ թատրոնում մեծ ներուժ, աշխատելու ու դիմակայելու ցանկություն կա: Ստեղծագործական պրոցեսը վերջնականապես չտապալելու ներքին պահանջ կա: Եվ քանի որ արդեն իսկ բավական երկար ժամանակ է անիմաստ վատնվել, թատրոնի աշխատանքային պրոցեսը վերակենդանացնելը կենսական լուրջ խնդիր է դարձել: Թատրոնի «որովայնը», վերջիվերջո, հարկավոր է «կարել»:
Թվում է, որ Մայր թատրոնի կառուցվածքում ոչ մի նոր բան չի կատարվել, նույնիսկ նոր բան անելու որոշում չի կայացվել, եւ հետեւաբար` կարիք չկա կրկին վերադառնալ գեղարվեստական ղեկավարի ու թատրոնի ապագայի հարցին: Այս դեպքում, սակայն, ստաբիլ անշարժությունը շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան նույնիսկ «բժշկական» վրիպակը:
Նշենք, որ 15 տարի առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընտրում էր հենց թատրոնի անձնակազմը, հետո այդ իրավունքը փոխանցվեց ՀՀ Մշակույթի նախարարությանը, որն էլ, թերեւս, կիրառեց (եւ շարունակում է կիրառել) ոչ թե ընտրելու, այլ` չընտրելու իր իրավունքը: Միգուցե չի համարձակվում որեւէ մեկին ընտրել, միգուցե իրոք հարմար թեկնածու չի գտնում, սակայն փաստը մնում է փաստ. այդ գերատեսչությունը որոշում չկայացնելով` միայն եւ միայն վնասում է թե թատրոնին, թե իր հեղինակությանը:
Մի քանի տարի առաջ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ ցանկություն կա Գ. Սունդուկյանի անվան թատրոնն «ազատ բեմահարթակի» վերածել, որտեղ հանրապետության լավագույն ռեժիսորները սեփական բեմադրությունները անելու հնարավորություն կստանան: «Դե սպասեք, էլիգ»,- կարծես ամեն անգամ ենթատեքստում ասում են մշակութային չինովնիկները: Եվ իրենց այդ «սպասեք»-ները տեղավորում են «Դեռ հարմար թեկնածու չենք գտել» երկարաժամկետ հայտարարության մեջ:
Դեռ անցյալ տարի ՀՀ Մշակույթի նախարարը նշեց, թե հարկավոր է սպասել մինչ 2010թ. սեպտեմբերը, երբ տարբեր հրավիրված ռեժիսորներ Սունդուկյանի թատրոնում նոր բեմադրություններ կանեն, եւ հետո արդեն պարզ կդառնա գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հարմար լավագույն թեկնածուի անունը: Ռեժիսորները (Արմեն Էլբակյանը, Արմեն Մազմանյանը, Վահան Բադալյանը) արեցին նոր բեմադրությունները («Մուսա լեռան 40 օրը», «Մեղրը», «Լեգենդ Մակբեթի մասին»-ը): Մշակույթի նախարարն ու հատուկ այս անցումային փուլի համար ստեղծված գեղարվեստական խորհուրդը, թերեւս, այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, թե արվածից ո՞րն է առավել մեծ ուշադրության արժանի, ինչին հետեւեց ընտրության գործընթացի «սառեցումը»: Դե սպասեք, էլի…

Դե սպասիր…

Թատրոնն արդեն մի քանի տարի` մշակութային վերին ատյանի` ՀՀ Մշակույթի նախարարության վճռին է սպասում` հասկանալու համար, ի վերջո, նոր ղեկավար ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Եվ եթե ունենալու է, ապա` ո՞վ է լինելու: Եվ որքան ձգձգվում է վճիռ կայացնելու ժամանակը, այնքան ավելի է բարդանում վճիռ կայացնելու հնարավորությունը: Իրականում գեղարվեստական ղեկավարի (կամ գլխավոր ռեժիսորի) պաշտոնին հարմար անձինք այդքան էլ շատ չեն, եւ եթե 2 տարին բավարար չէր նրանցից որեւէ մեկին թատրոնի ստեղծագործական ակտիվացման գործին լծելու համար, ապա առաջիկա 2- 5-10 տարիների ընթացքում էլ ոչինչ չի փոխվի: Հո նոր, անսպասելի «բուսնած» հանճարեղ ռեժիսորներ չե՞ն հայտնվի:
Պետք է նշել, որ անցյալ տարի լավ առիթ էր ստեղծվել թատրոնի գեղղեկի հարցը ինքնաբերաբար ու «անարյուն» լուծելու համար: Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ սունդուկյանցի դերասանները նամակ էին գրել տիկին նախարարին` առաջարկելով գեղղեկի թափուր պաշտոնը տրամադրել Արմեն Էլբակյանին: Նախարարը հանդիպեց նրանց ու խնդրեց իրեն մտածելու ժամանակ տալ: Ժամանակը տրվեց, անցավ եւս 1 տարի: Կրկին նույնը` «Դե սպասեք, էլիգ»: Դա իրականում (երբ Թատերական միությունն ու թատրոնը իրապես համակարծիք էին) ամենաճիշտ պահն էր այդ ծանր ընտրությունը, վերջիվերջո, կատարելու համար: Ընդ որում, հետագայում կարելի էր ասել` դուք եք առաջարկել, ուրեմն պատասխանատու եք ձեր ընտրության համար: «Այն, որ թատրոնին գեղարվեստական ղեկավար է հարկավոր, դա միանշանակ է: Այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա: Այդ մասին այնքան ենք «վերեւներին» ասել, որ մեկ անգամ կրկնելն արդեն անիմաստ է: Վերջնականորեն ոչինչ չի որոշված, սակայն, որքան հասկանում եմ, գեղղեկի պաշտոնին որեւէ մեկին նշանակելու պրոցեսը «սառեցված» է: Մեզ ասում են` սպասեք»,- պարզաբանում է Սունդուկյանի թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, ով փաստացի ղեկավարում է թատրոնը` կարգավորելով տնտեսական ու վարչական հարցերը: Ս. Դավթյանը նաեւ նշում է, որ թատրոնի ստեղծագործական հարցերին խառնվելու ցանկություն բնավ չունի: «Թատրոնը գեղարվեստական ղեկավարի պահանջ է զգում: Պետք է լինի մի մարդ, որը պատասխանատու կլինի ճաշակի, ներկայացումների որակի, հյուրախաղային քաղաքականության, դերասանական խմբի համալրման համար: Ես ինձ թույլ չեմ տալիս խառնվել այն գործերին, որոնք ոչ միայն իմ լիազորությունների մեջ չեն մտնում, այլեւ` ես դրանցից պարզապես գլուխ չեմ հանում: Ամեն մարդ պետք է իր գործն անի»,- ասում է նա:
Երբ շրջում ես թատրոնի տարածքով, անցնում ես փորձասենյակների մոտով կամ «քիթդ խոթում» ես կուլիսների ետնամաս, պարզ է դառնում, որ թատրոնում աշխատանքային եռուզեռի պակաս կա, թեկուզ` ստեղծագործական կամ կենցաղային վեճերի, աղմուկի, բարձր ձայնիգ Մինչդեռ թատրոնում այժմ սառած վիճակ է: Եթե նախկինում մարդիկ ուզում էին իրենց թատրոնի ճակատագրից առնվազն տեղյակ լինել, իսկ առավելագույնը` ճակատագրի որոշման մեջ դերակատարություն ունենալ, ապա հիմա դա էլ չեն ուզում: Արդեն միեւնույն է, կոման խորացել է:
Իրականում բոլորովին նշանակություն չունի, թե Սունդուկյանի թատրոնի գեղ. ղեկավարն ո՞վ է դառնալու: Ցանկացած թատրոնի մարդ, ով ունակ է Մայր թատրոնի հոգեբանական ու ստեղծագործական կառուցվածքում կենսունակ «կարկատաններ» անել, ավելի մեծ գործ կանի, քան այն եզակի անհատը, ով բոլոր պարամետրերով կարող է գոհացնել Մշակույթի նախարարությանը:
Նախարարությունը կարող է գեղ. ղեկավարի հետ պայմանագիր կնքել ու նրան 3 տարի ժամկետ տրամադրելով` կամ երկարացնել, կամ էլ կասեցնել նրա գործունեությունը: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է, որը հաստատ ավելի արդյունավետ կլիներ, քան այս անվերջ ու անպտուղ որոնումները: Նաեւ` այս անպտուղ արդարացումները` թե հարմար թեկնածու չկա: Այն վիճակը, որում հայտնվել է մեր գլխավոր թատրոնը, իրոք, շատ ցավալի է: Չկա ոչ նախկին, ոչ էլ ենթադրյալ էնտուզիազմը: Ամեն նոր բան թատրոնում ուժերի սարսափելի ու անիմաստ լարումով է տեղի ունենում: Թատրոնը ապագա չունի, քանի որ ներկա չունի: Խաղացանկում մի քանի ներկայացում ունենալն ու հսկայական դերասանախմբով աշխատելը կործանում է «անղեկ» թատրոնին: Վաղուց արդեն չի գործում ակադեմիական թատրոնի կարեւորագույն օղակներից մեկը` ստուդիան, որը մշտապես լավ ու ամեն օր բեմի վրա «թրծվող» դերասաններ է պատրաստել: Ինչո՞ւ միայն դերասաններ: Բա գրիմյորնե՞րը, կոստյումերներն ու դեկորատորնե՞րը: Ստուդիայի վերականգնումը կարող էր նոր գեղ. ղեկավարի աշխատանքի առաջին նախապայմաններից մեկը դառնալ: Եթե նախարարությանը, որպես վերջնական թեկնածու, ոչ ոք չի գոհացնում, թող միջանկյալ թեկնածու ընտրվի ու աշխուժացնի թատրոնը ստուդիական աշխատանքով ու ռեժիսորների հրավիրելով: Թող կյանք բերի թատրոն, եւ նախարարությունն էլ գնահատի ոչ թե անհատին, այլ նրա ստեղծած մթնոլորտը: Եվ Սունդուկյանի դերասաններն էլ, որոնք անգործությունից «մահանում» են, իրենց փորձը երիտասարդներին փոխանցելով` ինքնադրսեւորվելու նոր հնարավորություն կարող են ստանալ: Ի դեպ, Ս. Դավթյանը նշում է, որ իրավաբանական ու տեխնիկական տեսանկյունից իրենք հենց վաղն էլ կարող են վերակենդանացնել ստուդիան, բայց հարց է ծագում` ո՞վ պետք է ստեղծագործական ընթացքը կարգավորի:
Երբ երկար ես ընտրում, ստիպված ես լինում նաեւ ավելի բծախնդրորեն հիմնավորել քո վերջնական ընտրությունը (այլապես հարց է առաջանում` էլ ինչո՞ւ էր նախարարությունն այդքան ձգձգում): Իսկ նման հիմնավորում անելն ի վերուստ անհնար է, քանի որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, եւ նրան չի կարելի հրահանգներով «գամել» անկողնուն ու ասել` սպասիր, մինչ որոշենք` արհեստական շնչառության սարքն անջատել ու փորդ կարել: Եթե երկար սպասենք, ապա շուտով թատրոն-օրգանիզմի թոքերն ու սիրտն էլ շարքից դուրս կգան: ՀՀ Մշակույթի նախարարությունը «Ի՞նչ է լինելու» հարցը թատրոնի կոլեկտիվի գլխին դամոկլյան սրի պես ճոճելով` միայն սեփական անզորությունն է պաշտպանում եւ թատրոնին զրկում է ապրելու հույսից: Մինչդեռ հասունացել է իրապես ռադիկալ քայլեր կատարելու անհրաժեշտությունը: «Դե սպասիր»-ը արդեն վաղուց ակտուալ չէ: