10-ամյա Գայանեն՝ մրցանակակիր

11/11/2010

Դասական երաժշտության ոլորտում իսկապես լավ սերունդ ունենք: Դրա մասին են վկայում բազմաթիվ միջազգային մրցույթների մեկնող եւ մրցանակներով վերադարձող մեր երեխաները: Նրանց թվում է Գայանե Ղազարյանը, ով հերթական միջազգային մրցույթից վերադարձել է մրցանակով:

Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժնի 5-րդ դասարանի սան Գայանե Ղազարյանը, ով ընդամենը 10 տարեկան է, 2010թ. սեպտեմբերի 4-ին մեկնել էր Հունաստանի Սանտորինի կղզի` մասնակցելու «The Muse Junior» 2-րդ Միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Սինգապուրից, Շվեդիայից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Ռումինիայից, Վրաստանից, Մոլդովայից եւ այլ երկրներից ժամանած երեխաները: Փոքրիկ Գայանեն՝ ներկայացնելով Հայաստանը, կատարել է Ա. Խաչատրյանի, Շոպենի եւ Գրիգի մեկական ստեղծագործություն եւ իր տարիքային խմբի (5-10տ.) դաշնակահարների շրջանում շահել է 1-ին մրցանակը, իսկ ընդհանուր խմբում` 2-րդ մրցանակը: Մրցույթում գնահատվել է արտիստիզմը, կատարողական տեխնիկան: Մրցութային օրը մեր մասնակիցը ելույթ է ունեցել հենց առաջին համարի ներքո, որի պատճառով նա շատ է հուզվել: «Ելույթից առաջ Գայանեի հուզմունքը բավական մեծ էր: Զանգահարել էին ինձ, խոսեցի հետը, եւ երեխան հուզվեց, լաց եղավ: Շատ անհանգիստ էի, մտավախություն ունեի, որ չի հավաքվի նվագելուց առաջ, բայց, փաստորեն, շատ լավ նվագեց»,- ասաց դպրոցի դաշնամուրային բաժնի ղեկավար Նաիրա Վահանյանը, ով իր աշակերտների հետ միշտ մեկնում է մրցույթներին, բայց այս անգամ ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել ներկա գտնվել: Մրցութային օրվա վերջում ժյուրիի անդամներից մեկը` ֆրանսիացի դաշնակահարուհի Մերիլին Ֆրասկոնեն (Marylin Frascone), հեռախոսով խոսել է Գայանեի ուսուցչուհու հետ եւ շնորհավորել. «Ինձ շատ է դուր եկել Ձեր աղջիկը, նա շատ պրոֆեսիոնալ էր նվագում, ամեն ինչ կար` եւ՛ տեխնիկա, եւ՛ գործիքի կատարյալ տիրապետում, եւ՛ արտիստիզմ»: Ուսուցչի համոզմամբ՝ այս մրցույթը քաղաքականացված չի եղել, ինչպես հաճախ լինում է. «Հանձնաժողովի անդամներից մեկի` ֆրանսիացի դաշնակահարի հետ խոսելով` հասկացա, որ երեխաներին շատ օբյեկտիվ էին գնահատել, տաղանդն էր գնահատվել, իսկ եթե դաշնակահարների խումբն առանձին գնահատվեր, ապա Գայանեն իր տարիքային խմբում նույնիսկ 1-ին մրցանակին կարժանանար»: Գայանեի համար մրցույթի ամենահիշվող ու ամենատպավորիչ զգացողությունները կապված են մրցութային եւ դրա արդյունքների հրապարակման օրվա միջեւ ընկած ժամանակահատվածի հետ` այն անհանգստության ու անհամբերության, որոնցով նա սպասել է մրցույթի արդյունքների հրապարակմանը: Տեղեկանալով, որ իր տարիքային խմբում շահել է 2-րդ մրցանակը` զանգահարել է ուսուցչին. «Միանգամից զանգեցի ու ասեցի, որ 2-րդ մրցանակն եմ շահել»: Բացի մրցանակից, Գայանեն նաեւ արծաթե վզնոց եւ ծաղկեփունջ է ստացել, որոնց մասին նա արտասովոր ժպիտով էր խոսում: Գայանեն մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է սկսել դաշնամուրի դասերի հաճախել. «Մենք մի ծանոթ ունենք, ում ես շատ եմ սիրում, մի օր նա ասաց, որ շատ լավ դաշնամուրի ուսուցչուհու է ճանաչում, եւ ինձ խորհուրդ տվեց հաճախել նրա դասերին: Երբ առաջին անգամ եկա Նաիրա Յուրեւնայի մոտ, նա ինձ շատ դուր եկավ, եւ սկսեցի հաճախել դասերին, իսկ հետո սիրեցի նաեւ դաշնամուրը»: «Գայանեն շատ երաժշտական երեխա էր,- ասում է Գայանեի ուսուցչուհին, ով 25 տարվա մանկավարժ է,- նույնիսկ երգեց, եւ ես զգացի, որ երաժշտությանը շատ մոտ է»: Երաժշտական տվյալները թեեւ շատ մեծ նշանակություն ունեն, այնուամենայնիվ, փայլուն արդյունքների հասնելու համար մեծ աշխատասիրություն է պետք: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Սահակյանի համոզմամբ` աշակերտների հաջողությունները, բացի տաղանդից, աշխատասիրությունից եւ լավ ուսուցչից, մեծապես կախված են նաեւ տնօրենից, նրա շնորհիվ դպրոցում տիրող մթնոլորտից: Տնօրենի աշխատասենյակում կա մի անկյուն, որը դպրոցի աշակերտներինն է, այն ամբողջությամբ լցված է հուշանվերներով, որոնք հենց իրենք` երեխաներն են բերում բոլոր երկրներում տեղի ունեցած մրցույթներից: Ըստ տնօրենի` այդ «ծեսը» մոտիվացնում է երեխաներին, ոգեւորում նրանց. «Երեխաները ուրախանում են դրանով, քանի որ մենք, կարծես, մի ընդհանուր գործ ենք անում, ես նրանց հետ եմ, ես նրանց ընկերն եմ, նրանցով ոգեւորվում եմգ Լավ տնօրենը նա է, ով պայմաններ է ստեղծում եւ չի խանգարում աշխատանքին»: Իսկ Գայանեի մասին դպրոցի տնօրենն այսպես արտահայտվեց. «Շատ անուշիկ բալիկ է, լուրջ, ուշիմ, իրեն չի կորցնում բեմի վրա, արդեն իսկ առանձնանում է իր տարեկիցներից եւ ջանասիրաբար աշխատելու պարագայում՝ կարող է հասնել լավ արդյունքների»: Հունաստանում շահած մրցանակը, սակայն, Գայանեի կյանքում առաջին լուրջ մրցանակը չէ: 2010թ. ապրիլին Իտալիայի Բարլետա քաղաքում մասնակցելով երաժշտական մեկ այլ մրցույթի՝ նա շահել է 2-րդ մրցանակը, իսկ 2009թ. մայիսին Գայանեն 1-ին մրցանակ է բերել Փարիզում կայացած միջազգային մրցույթից: Այժմ Գայանեն ունի ավելի լուրջ եւ ավելի մասշտաբային մրցույթների մասնակցելու ծրագրեր, երազում է դառնալ ճանաչված դաշնակահարուհի եւ շրջել աշխարհով մեկ:

ԼԻԼԻԹ ՊԵՏԱՆՅԱՆ