Հայերը հասան որոշ հաջողության, թուրքերը՝ ոչ

11/11/2010

Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել` Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ:
Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի հանդեպ` Իրանի հետ նրա սիրաբանությունների եւ Իսրայելի հետ գզվռտոցների պատճառով:
Իրոք, ամերիկահայ ընտրողները մեծ դեր խաղացին մի շարք առանցքային մրցարշավներում: Ներկայացուցիչների պալատի 152 անդամների (զույգ կուսակցություններից) ավելի քան 95 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, վերընտրվեց, այդ թվում՝ Կոնգրեսի երկու ամերիկահայ անդամներ` Կալիֆոռնիայից դեմոկրատներ Աննա Էշուն եւ Ջեկի Սփիերը: Ընդ որում, Հայոց ցեղասպանության բանաձեւի մի քանի հիմնական ընդդիմադիրներ պարտվեցին, որոնց թվում էր դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը` Թուրքիայի աննկուն ջատագովը: Նա պարտվեց հանրապետական Մայքլ Գրիմին` Նյու Յորքի հայկական եւ հունական համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող` Սենատի վեց թեկնածուներից հինգը հաղթեցին, որոնց թվում էին դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը եւ Բարբարա Միկուլսկին, ինչպես նաեւ հանրապետական կոնգրեսական Մարկ Քիրկը` Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, որը հաջողությամբ առաջադրվեց Սենատում: Մյուս կարեւոր հաղթանակները տարան Կալիֆոռնիայի եւ Մասաչուսեթսի նահանգապետեր Ջերի Բրաունն ու Դեւալ Պատրիկը` Ամերիկայի հայկական համայնքի աջակցությամբ:
Չնայած շատ պաշտոնյաներ կորցրին իրենց տեղերը, սակայն Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամների 95 տոկոսը եւ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի աջակիցների 90 տոկոսը վերընտրվեցին:
Ընդհանուր առմամբ, ամերիկահայերն այս ընտրություններում հաջողության հասան, հիմնականում այն պատճառով, որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի համար քվեարկեցին ըստ նրա դիրքորոշումների, եւ ոչ թե` նրա կուսակցական պատկանելության: Հակառակ դեպքում, նրանց կողմնակիցներից շատերը կպարտվեին, իսկ հակառակորդներից շատերը` կհաղթեին:
Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները հայկական հարցերի վրա: Պետք է հիշենք, որ Կոնգրեսի ներկայիս անդամների գործունեության ժամկետն ավարտվում է 2011թ. հունվարին, եւ միայն այդ ժամանակ` նոյեմբերի 2-ի ընտրվածները կզբաղեցնեն իրենց տեղերը: Ընտրություններից առաջ Կոնգրեսի կիսատ գործերը մնում են օրակարգում մինչեւ հունվար, որից հետո բոլոր նշանակումները, բանաձեւերը եւ օրինագծերը պետք է կրկին ներկայացվեն:
Մեզ համար ներկայիս Կոնգրեսի երկու պալատների առաջին խնդիրը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումն է: Սենատում այս օրինագիծը դեռ պետք է քննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Իսկ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը պետք է հաստատի այս տարվա մարտին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը: Քանի որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը, ապա սա խոսնակ Նենսի Փելոսիի վերջին հնարավորությունն է` մինչեւ հունվարին խոսնակի պաշտոնի լիազորությունները վայր դնելը կատարելու բանաձեւի անցկացման իր խոստումը: Եթե մինչ այդ որեւէ գործողություն չկատարվի, ապա Ցեղասպանության բանաձեւը նորից կներկայացվի Ներկայացուցիչների պալատ: Եթե անգամ հաջորդ խոսնակը` կոնգրեսական Ջոն Բոհները նախկինում դեմ էր արտահայտվում Ցեղասպանության բանաձեւին, ապա շատ հնարավոր է՝ փոխի իր հայացքները` հաշվի առնելով Թուրքիայի հակաարեւմտյան քաղաքականության հանդեպ հանրապետականների խիստ դժգոհությունը:
Միաժամանակ, Ամերիկայի հայ համայնքի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը թափուր է մնացել 2009թ. սեպտեմբերից, եւ Ֆրենսիս Ռիկարդիոնեի` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը եւս թափուր է 2010թ. հուլիսից:
Բրայզայի նշանակումը խափանվեց սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից կրկնակի «կասեցում» (hold) դնելու շնորհիվ: Խիստ անհավանական է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «անցման» նստաշրջանում նրանք հետ վերցնեն իրենց կասեցումները: Այս պահին նախագահ Օբամայի ամենախելամիտ ընտրությունը` Սենատին մի նոր թեկնածու առաջադրելն է, դրանով իսկ արագացնելով ԱՄՆ դեսպանի նշանակումը Ադրբեջանում: Սակայն, եթե Օբաման հունվարին նորից պնդի Բրայզայի վերաառաջադրման վրա, ապա ԱՄՆ դեսպանի նշանակումն Ադրբեջանում կհետաձգվի եւս մի քանի ամսով:
Մյուս կողմից, Ռիկարդիոնեի շանսերն ավելի մեծ են Թուրքիայի դեսպան դառնալու համար, քանի որ սենատոր Սեմ Բրաունբակը, որը կասեցում էր դրել նրա նշանակման վրա, նոյեմբերի 2-ին Կանզասի նահանգապետ է ընտրվել: Եթե սենատոր Բրաունբակը մինչեւ հունվար հրաժարվի Սենատի իր աթոռից, եւ որեւէ այլ սենատոր կասեցում չդնի Ռիկարդիոնեի թեկնածության վրա, ապա նա կարող է մինչեւ նոր տարի հաստատվել դեսպանի պաշտոնում: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման կարող է` կամ նորից ներկայացնել նրա թեկնածությունը, կամ մի նոր թեկնածու առաջադրել հունվարին, երբ նորընտիր Կոնգրեսը կգումարի իր առաջին նստաշրջանը: Սակայն, եթե մեկ այլ սենատոր կասեցում դնի Ռիկարդիոնեի թեկնածության վրա, ապա Թուրքիան եւս մի քանի ամսով կզրկվի ԱՄՆ դեսպանից:
Անկախ Ռիկարդիոնեի ճակատագրից, հավանաբար, Թուրքիան լուրջ դժվարություններ կունենա նոր Կոնգրեսի հետ, որովհետեւ նորընտիր հանրապետականների մեծ մասը դժգոհ է Անկարայի իսլամական վարչակարգից եւ նրա իրանամետ ու հակաիսրայելական քաղաքականությունից:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ-խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի