7-րդ դասարանցի Անուշին իր սառած, անհաղորդ աչքերն ու ձեւախեղված մատները ստիպում են մարդկությունից հեռու մնալ ու փակվել ինքն իր մեջ: Ասելու, կիսվելու շատ բան կա, բայց վախի զգացումն իրենից ուժեղ է, դրա համար էլ ինքն իրեն պաշտպանելու համար խոսում է կարճ` «հա ու չէ»-երով: Հարցնում եմ` «Երազանք ունե՞ս»: «Չէ՛»,- ասում է: «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- երեւի ճիշտ չես ասում, բոլոր մարդիկ երազանքներ ունեն»: Պատասխանում է` «Ես բոլոր մարդկանց պես չեմ, երազանքներ չունեմ»: Անուշն ամեն երեկո լաց լինելով վագոն-տնակից ցատկում է դուրս ու երկար ժամանակ չի երեւում: Մայրն ասում է` «Երբ հայրը խմում ա` շատ ա նեղվում, դուրս ա գալիս, գնում ա ծառերի տակ նստում, լաց ա լինում»: Անուշը վախենում է, երբ հայրը հարբում է, որովհետեւ իր մեջ տարօրինակ բնազդ է արթնանում, որը ստիպում է հորն ատել: Մոր` Կարինեի հղիության ժամանակ Խաչիկը շատ է ալկոհոլ օգտագործել եւ կնոջ հանդեպ այնպիսի բռնություններ է կիրառել, որն անդառնալի հետեւանք է թողել երեխայի վրա: «Ծեծ ու ջարդի պատճառով երեխես անհաս ծնվեց, մատներն էլ իրար կպած, կիսատ-պռատ: Հղի ժամանակ շատ ա ինձ ծեծել»,- ասում է երեք երեխաների մայրը` չնկատելով այդ խոսքերի ծանրությունից Անուշի այլայլված ու չարացած դեմքը: 12-ամյա աղջկա մատներն անսովոր ու թերաճ են. մատներից երեքը կիսատ են, եղունգներ չունեն, սակայն, չնայած դրան՝ Անուշը հետաքրքիր նկարում է: Կարինեին հարցնում եմ` «Բժիշկներն ի՞նչ են ասում»: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել, բայցգ «Երբ փոքր էր, ասեցին` վիրահատություն ա պետք: Հիմա պայմանները թույլ չեն տալիս հիվանդանոցի դուռ բացել»: Քույրն ու եղբայրը խանդավառությամբ բերում են նրա նկարների տրցակն ու ոգեւորությամբ մեկը մյուսի ետեւից ներկայացնում են: Բոլորը խոսում են նրա հաջողված բնապատկերների, դիմանկարների մասին, իսկ Անուշն անտարբերությամբ հայացքը հառել է դռան ճեղքից երեւացող չորացած ծառերին: Բոլորը զգում են, որ նա եւ՛ այստեղ է, եւ՛ այստեղ չէգ Ձեռքեր ու բնություն է շատ նկարում:
Ճարպիկ ու խոշոր աչքերով տղան, ով ամբողջ ընթացքում իր ակտիվությամբ կառավարում է վագոն-տնակի խոսք ու զրույցը, պատասխանում էր բոլորի փոխարեն եւ տան անդամների մասին անձամբ է տվյալներ հաղորդում: Ասում է` «Անունս գիտե՞ս»: «Չէ՛»,- ասում եմ: «Ո՞նց, բա չիմացա՞ր, որ անունս Արցախ ա»,- վիրավորված հարցնում է: «Լո՞ւրջ,- զարմացած ասում եմ,- Արցա՞խ, այսինքն` Ղարաբաղ»: Իմ անտեղյակությունը «լուսավորելուց» հետո աչքերը փայլում են ու լայն ժպիտով ասում է` «Հա՛, լուրջ բան եմ քեզ ասում: Օ՜ֆգ ով իմանում ա անունս Արցախ ա, պիտի մի 10 րոպե սպասեմ, որ մի քիչ զարմանագ»: Կարինեն պատմում է, որ մի քանի տարի ապրել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում` ամուսնու եղբոր տանը: Երկու աղջիկներից հետո հույս չեն ունեցել, թե տղա են ունենալու: Ի զարմանս նրանց՝ տղա է ծնվել, եւ ամուսինները որոշել են անունն Արցախ դնել: Արցախը երազում է Արցախում տուն ունենալու եւ այնտեղ ապրելու մասին: Ասում է` «Ես փոքր էի, բայց հիշում եմ, որ Արցախում ենք ապրել: Ես ղարաբաղցի եմ, էնտեղ եմ ծնվել ու ուզում եմ իմ հայրենիքում ապրեմ»: Կարինեն ասում է, եթե տարբերակ լիներ՝ ընտանիքի հետ կմեկներ Ղարաբաղի որեւէ շրջան, որտեղ մարդկանց վերաբնակեցնում եւ տուն են հատկացնում: Եթե տարբերակ լիներ նրանց Ղարաբաղում վերաբնակեցնել` հաստատ այս երեք՝ թշվառության, անմարդկային պայմաններում ապրող երեխաները գոյատեւելու հնարավորություն կունենային: Հակառակ դեպքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 32 հասցեում գտնվող վագոնից շուտով նրանց դուրս կվռնդեն: Քանաքեռի գերեզմանատանը կից տարածքում, որտեղ հեկտարներով անմշակ հողատարածքներ են, դարպասների վրա գրված է` «Վաճառվում է»: Հողատարածքի սեփականատերը խղճացել, թույլ է տվել, որ ընտանիքն ապրի վագոն-տնակում, սակայն տարածքը վաճառելուց հետո նրանք կրկին փողոցում կհայտնվեն: Վագոն-տնակի մեջ կեցությունն անմարդկային, աննկարագրելի ու անդուր է: Հինգ հոգով քնում են «անոտք» մահճակալին, որի անկողինը հավանաբար աղբանոցից են քարշ տվել: Ներսում ինչ կա` աղբանոցից է: Ջուրը մի մեծ սայլակի վրա տեղավորած տարաներով բերում է Արցախը: Հիվանդանոցի աշխատակիցներն արդեն դժգոհում են, չեն ցանկանում այլեւս նրանց թույլ տալ հիվանդանոցից ջուր տանել: Արդեն երեք տարի է, ինչ այս ընտանիքին տրամադրած ջրի համար վճարում է բավականին մեծ հեռավորության վրա գտնվող հիվանդանոցը: Փոքրիկ տղայի քաշից երեք անգամ ծանր ջրի տարաները տեղափոխող Արցախը ընդունում է, որ չի կարելի մարդկանց բարությունը չարաշահել, սակայն նաեւ հասկանում է, որ առանց ջրի ապրելն անհնար է: Դպրոցից տուն վերադառնալուց հետո Արցախը զբաղվում է կենցաղային գործերով, քանի որ իրեն տան տղամարդ է զգում: Ջուր է կրում, փայտ է կոտրատում, վառարանն է վառում ու մեկ-մեկ էլ ստիպված է լինում քաղցը հագեցնելու համար իր ձեռքով սուրճ կամ շաքարաջուր պատրաստել, խմել: Ասում է` «Ես ուժեղ եմ, աշխատանքից չեմ վախենում, ինչ աշխատանք ասես` կանեմ: Մենակ մի բանից եմ վախենում` կռիսներից: Մեր վագոնում շատ կռիսներ կան, շատ-շատ մեծ են: Էն օրը երկու կռիս մտել էին տեղերի մեջ, քրոջս մեջքին էին կպել: Ինքը քնած էր, չէր ջոկել: Մեկն էկավ էս կողմ, շամփուրով թակեցի: Շատ վախեցա, գնացի սառը ջրով լվացվեցի, որ աչքերս տեղը գան»: Արցախը պատկերավոր նկարագրում է իր ու առնետների ամենօրյա պայքարի մասին: Բայց պատմելուց դողում է, որովհետեւ ամբողջ գիշեր վախից բաց աչքերով է լուսացնում: «Մամայիս ասում եմ, որ լույսը վառ թողի գիշերը: Շատ վախենալու են, մեկ-մեկ աչքիս կռիսներ են երեւումգ»: Հետո Արցախի հետ դեսից-դենից ենք խոսում, ու փոքրիկի անկեղծությունը սկսում է մորը ցավ պատճառել: Ասում է` «Մի բան էլ եմ երազում, գիտե՞սգ Որ մեծանամ՝ պապա դառնամ, հանկարծ արաղ չխմեմ: Մամայիս ասում եմ` կարո՞ղ ա հանկարծ ես էլ արաղ խմող դառնամ, բայց չէգ ես գիտեմ, որ էդ շատ վատ բան ա: Երեխեքս կլացեն, չեմ ուզում արաղ խմեմ, իրանց ծեծեմ: Համ էլ իրանք ինձ չեն սիրի: Չէգ Ես արաղ չեմ խմի: Հիմա որ պապայիս վրա ջղայնանում եմ` սկսում եմ նկարել»:
Խաչիկն ու Կարինեն մշտապես վագոն-տնակներում են ապրել, քանի որ տուն չեն ունեցել: Երբեք չեն դիմել պետական որեւէ կառույցի` խնդրելով, որ գոնե հանրակացարանի սենյակ հատկացնեն: Կարինեն հարցնում է` «Իսկ ո՞նց են դիմում, դուք մեզ կբացատրե՞ք, թե որտեղ ու ոնց դիմենք»: Երեխաներն ամեն օր անմարդաբնակ գերեզմանատան տարածքով գնում են թիվ 103 դպրոց, որտեղ հասնելու ճանապարհը սարսափելի է: Ձմռանը վագոն-տնակում գոյատեւելու համար ստիպված են լինում փաթաթվել հազար ու մի փալասներով: Խաչիկն օրավարձով բանվորություն է անում, սակայն երեխաներն օրերը լուսացնում են քաղցի պայմաններում: Հարցնում եմ` «Ինչո՞ւ է խմում»: Կարինեն ուզում է պատասխանել, բայց կարկամում է, հավանաբար, պատասխանը չգտնելու բարդույթից: Շփոթված ասում է` «Ինքը վատ մարդ չի, բայց, բայցգ Երեւի, որ չի կարում տուն պահի, երեխեքին նորմալ կերակրիգ երեւի շատ նեղվածությունից, ներվայնությունից ա խմում»: Կարինեն նայում է երեխաների մոր խոսքերին ուշադիր հետեւող հայացքներին ու թեման փակում է: Զայրույթի բառերն ուզում են դուրս թռչել շուրթերից, բայց Կարինեն թույլ չի տալիս, որովհետեւ, այնուամենայնիվ, Խաչիկին սիրել է: Արցախը սպասում է, որ մայրը խմող մարդկանց մասին «մի երկու վատ բան կասի»: Սպասում էգ Վերցնում է ճերմակ թուղթն ու որպես օգնություն ստացած ջրաներկը: Մի ակնթարթում թղթի ճերմակությունը վերածվում է սեւի ու գորշ գույների խզբզուկի: