Շիրակացու անվան ճեմարանը`ամենաառաջավորներից է

11/11/2010

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը աշխարհի 56 դպրոցների թվում կմասնակցի «Մայքրոսոֆթի» «Նորարար դպրոցներ» միջազգային ծրագրին: Այս ճեմարանը աշխարհի 48 երկրների 56 դպրոցներից մեկն է, որը կմասնակցի «Մայքրոսոֆթի» «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարար դպրոցներ» միջազգային ծրագրին: Ճեմարանից ստացված հաղորդագրության համաձայն, այս ծրագրին մասնակցելու համար դիմել էին աշխարհի ավելի քան 114 դպրոցներ «եւ վերջապես բարդ ընտրության եւ բարձր մրցակցության արդյունքում ճեմարանը դարձավ այն ամենաառաջավոր դպրոցներից մեկը, որոնք կմասնակցեն «Նորարար դպրոցներ» ծրագրին»:
Ճեմարանը «Մայքրոսոֆթ» կազմակերպության հայաստանյան գրասենյակից շնորհավորական ուղերձ է ստացել, որում, մասնավորապես, ասված է. «Եվս մեկ անգամ հպարտությամբ շնորհավորում ենք Անանիա Շիրակացի ճեմարանին միջազգային հաջողության համար եւ ծրագրի ողջ ընթացքում պատրաստակամ ենք աջակցել ցանկացած հարցում` Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու, ծրագիրը հաջողությամբ ճեմարանում իրականացնելու, Ձեր փորձը այլ դպրոցներին ներկայացնելու եւ միջազգային հանրությանը տարաբնույթ ծրագրերով ներկայանալու»: Ինչպես տեղեկացնում են ճեմարանից, այս ծրագրում ընդգրկված դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի եւ վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ եւ փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների՝ թե՛ իրենց երկրներում, թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում: